Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կկառուցվի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» լրատվական կայքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի մասին որոշումը կայացվեց հենց հիմա, երբ թուրք-գերմանական հարաբերությունները հատկապես լարված են:
Ըստ Ermenihaber-ի՝ Քյոլնի քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ՝ հուշարձանը կկանգնեցվի «Lehmbacher Weg» գերեզմանատանը: Ի դեպ, այս գերեզմանատանն առկա են նաև մահմեդականների գերեզմաններ:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի առաջարկն արվել է դեռևս 2015 թվականին՝ Քյոլնի` շուրջ 5.000 հոգանոց հայ քրիստոնյա համայնքի կողմից: Համապատասխան դիմումը նախ ներկայացվել է Քյոլնի բնապահպանության հանձնաժողովին, իսկ այնուհետև՝ բողոքարկման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից ստացված դրական պատասխանից հետո հարցը բերվել էր քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի օրակարգ:
Քյոլնի թուրքական համայնքը դժգոհությամբ է ընդունել այս որոշումը: Համայնքի առաջատար ներկայացուցիչներից Լևենթ Թաշքըրանը նշել է, որ իրենք երկու տարի շարունակ պայքարել են, որպեսզի Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ որոշումը չհաստատվի: Թաշքըրանը կրկին խոսել է «ընդհանուր վշտի» մասին Թուրքիայի պաշտոնական թեզի դիրքերից՝ Քյոլնի քաղաքապետարանի որոշումը վիրավորական համարելով տեղի թուրք համայնքի համար:
Հայտնի է, սակայն, որ հուշարձանի մասին որոշումը վերջնական է և որևէ այլ կառույցի կողմից հաստատման կարիք չունի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան և Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ այս երկրներում քարոզարշավ իրականացնելու փորձերին: Գերմանիան նաև Սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունեություն:
Ավելին` Գերմանիան իր աջակցությունն է հայտնել նաև Հոլանդիային, որի կառավարությունը նույն արգելքն էր սահմանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաի համար՝ վերջինիս արտաքսելով երկրից: