Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, գրում է․
«Այս մասին ուզեցի պատմել այս օրերին․
Տարիներ առաջ էր՝ 1992 թ․ աշնանը։
Արագածոտնի գյուղերում այն ժամանակ ավելի, նաև մինչև օրս էլ դեռ պահպանվում է հնուց եկող սովորույթը․ սգից հանելու սովորույթի մասին է խոսքս, երբ մահացածի տարին լրանում է, մտերիմները և բարեկամներն ուրախ առիթի են հրավիրում սգավոր բարեկամներին ու «կտրում են» նրանց սուգը, սգից հանում են ուրախությամբ, պարով, երգով։
Այդ աշնանն ամուսնանում էր մեր ընկեր Մկրտիչ Մկրտչյանը՝ երգիչ Մակիչը, ու ես և Ասպրամս նույնպես հրավիրված էինք հարսանիքին։
Հարսանիքը Սասունիկում էր, Մակիչի հայրական տան բակում՝ վրանի տակ։ Հայրենասիրական շնչի ու ոգու, ազգային երգ ու պարի պակաս չկար։ Ամենաթեժ պահին Մակիչն ու ընկերները մոտեցան ինձ ու հրավիրեցին պարի, ես բնականաբար հրաժարվեցի, անընդհատ կրկնելով՝ ո՛չ, ո՛չ ո՛չ, ու չհասկացա, ինչպես ձեռքերիցս քաշելով՝ տղաներն ինձ հանեցին տեղիցս ու տարան պարահրապարակ։ Ես շվարած կանգնել էի, չգիտեի ի՞նչ անել, նրանք ձեռքերս վեր բարձրացրին ու փորձեցին ինձ էլ իրենց հետ պարեցնել։ Սկսեցի լալ, ու իրենք էլ ինձ հետ։ Կլինեին մի 15-20 տղամարդ․ Թաթուլի ու իմ՝ մեր ընկերներն էին․․․ Նրանք լաց էին լինում, ես լաց էի լինում, հնչում էր զուռնան ու մեկ էլ այն զգացի, որ հայտնվել եմ այդ տղամարդկանց արանքում, պարելու փոխարեն բոլորը փաթաթվել են ինձ ու լաց են լինում՝ ձեռքերը փռած գլխիս ու ուսերիս․․․դե՛, հարսանքավորներն էլ մեզ հետ, բնականաբար լալիս էին․․․ ու այդպես՝ իրար փաթաթված, համարյա գլխիս կիտված, երաժշտության տակ արտասվելով, տեղում ճոճվեցինք մինչև նվագն ավարտվեց․․․
Տխուր ու ծանր պահ էր․․․ամբողջ կյանքի համար․․․»։