Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1988թ. դեկտեմբերի 7: Համազգային աղետ է, ողբերգություն: Գյումրիի վրա ամպի նման կուտակվել էին անմարդկային ցավն ու տխրությունը:
Հիշողությունների այն օրը, որտեղից Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռազմիկ (Խաչիկ) Բադալյանի կյանքը բաժանվեց երկու մասի:
Ժամեր անց իմացավ՝ հարազատներից ունի 32 զոհ, նրանց թվում են՝ աղջիկը, երկու թոռները, կինը:
«Մնացի անտեր: 32 տարիները մի կերպ եմ ապրել»,-Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է դերասանը, հուզվում ու կամացուկ շշնջում՝ մինչեւ հիմա կորստի վերքը չի սպիացել:
Արհավիրքից 32 տարի անց պատկերները չեն մթագնել: Մի պահ հապաղում է, լացը կոկորդում սեղմած խորը շունչ քաշում, ապա ընկղմվում հիշողությունների խորքը. «Այս օրն ինձ համար աշխարհի ամենատխուր օրն է: Կորցրեցի առաջին կնոջս, երկու թոռներիս եւ իմ աղջկան՝ առաջնեկիս, ում համար ամբողջ մի կյանք դրել էի, ուսման տվել: Մայրս ողջ էր: Չորորդ հարկից գրկած իջեցրի, Ղուկասյան փողոցի մի պատի տակ կուչ եկավ: Անցորդներին խնդրում էի՝ նայել, երեխեքս չկային, պիտի փնտրեի: Շառլ Ազնավուրը մեզ հետ արտասվելով շրջում էր ավերակ դարձած քաղաքի փողոցներով, հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, ինչպե՞ս ենք վերապրելու: Հիշում եմ՝ հագիս նույնիսկ կոշիկ չկար: Չէի զգացել, թե ոնց եմ տանից դուրս եկել»,-պատմում է Բադալյանը:
Հոգոց լսվեց, հետո կրկին ծանր լռություն, շշնջում է՝ այդ օրից ի վեր «չի ապրում», «չի շնչում», չի մոռանում:
Երեխեքին գտավ երկրաշարժի չորորդ օրը: Զոհված: Փլուզված շենքեր, կիսավեր քաղաք․ «Չորս օր է մարդիկ հավաքված, խարույկը վառած, ամեն մարդ իր հարազատի փնտրտուքով, գոռում ու սգում են: Փլատակների մոտ չորորդ գիշերը լուսացրի: Արթնացա՝ հագիս զինվորական հագուստ էր: Շուրջս հարցնում եմ՝ այս ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ զինվորական հագուստ է: Տեսնելով հագիս ոչինչ չկա, իրենց հագուստներով մարմինս ծածկել էին փրկության եկած զինվորները»:
Ասում է՝ այժմ տեսնելով հետպատերազմյան Հայաստանը, որդեկորույս ծնողներին, անհետ կորածների հարազատներին՝ խորը վիշտ է ապրում: Ում որ չեն գտել, նրանց համար է առավել ցավում:
«Երկրաշարժից հետո այնքան մարդիկ իրենց երեխեքին չգտան ու ցավից կործանվեցին: Ահավոր վիճակ էր, այդպիսի բան պատկերացնել, նույնիսկ երազում տեսնել, չկա»,-ասում է Բադալյանը:
Մի կերպ կարողացավ շրջել կյանքի այս էջը, երբ Խորեն Աբրահամյանի հորդորով եւ պահանջով տեղափոխվեց Երեւան՝ Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոն:
«Այդ ժամանակ Գյումրիում էր տաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանը: Ինձ տեսնելիս հասկացավ, որ եթե այստեղ մնամ եւս մեկ ամիս, կխելագարվեմ: Շատ մոտ էինք, ասաց՝ այստեղ չես մնա: Ինձ, Սամվել Սարգսյանին տարավ Երեւան: Սունդուկյանի թատրոնում մնացի 8 տարի: Բայց ես այլեւս այն Բադալյանը չէի, ով մեծ ստեղծագործություններ էր կերտում: Երկրաշարժից հետո կիսամեռ վիճակում էի: Իմ ապրելը ինչ արժեր, չգիտեմ»,-ասում է դերասանը, այդ ընթացքում դադար տալիս, սրբում արցունքներն ու հավելում․ «Թատերական ընկերության պանսիոնատում 8 տարի ապրելուց հետո Խորեն Աբրահամյանի հետ մեկնեցի Ամերիկա՝ հյուրախաղերի: Ելույթներ ունեցա 13 քաղաքներում, չեմ հիշում՝ ինչ եմ ասել, ինչ եմ խոսել: Ես մոռացել էի ամեն ինչ: Խորիկին ասում էի՝ չեմ զգում ինչ է կատարվում: Եթե երկրաշարժի ժամանակ երեխաներիս հետ կյանքին հրաժեշտ տված լինեի, աշխարհի բախտավորը կլինեի: Ամբողջ աշխարհը Խորեն Բաբկենիչի հետ ման եկա, մի անգամ ժպիտ չեկավ երեսիս։ Ցավից գլուխս կորցրել էի...»:
Խորեն Աբրահամյանի վախճանից հետո դերասանը վերադարձավ հարազատ քաղաք, Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն։ Երկրաշարժից 32 տարի անց ասում է՝ փառք Աստծո, Գյումրին կարողացավ ոտքի կանգնել, հառնել, ապրել ու արարել:
Հիշում է՝ երբ Ազնավուրին հարցնում էին՝ ո՞նց է լինելու, ասում էր՝ «Ուժեղ ժողովուրդ ենք, ասիգա էլ կհաղթահարենք»:
Լիանա Սարգսյան