կարևոր
3721 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 17:37
Քաղաքական

«Փաստորեն, երկաթե շերեփը ճոճվում էր Հայաստանի հպարտված քաղաքացիների գլխին». Ավետիք Իշխանյանը՝ Հայկ Կոնջորյանին

«Փաստորեն, երկաթե շերեփը ճոճվում էր Հայաստանի հպարտված քաղաքացիների գլխին». Ավետիք Իշխանյանը՝ Հայկ Կոնջորյանին

Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

-Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տարբեր ներկայացուցիչներ, ապրիլի 11-ին տեղի ունեցած Տեղ գյուղի միջադեպից հետո, հայացքներն ուղղել են միջազգային գործընկերներին: Օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դրանից մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիները մտան Տեղ գյուղի տարածք եւ սկսեցին ինժեներական աշխատանքները, ՀՀ իշխանությունն ընմբռնում ուներ, ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա է: Ինչի՞ց են հիմա անհանգստացած ՔՊ-ականները:

-Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպն ուղղակիորեն 2020թ․ պատերազմի շարունակությունն է։ Ադրբեջանի նախագահը հիանալի ձևով օգտվում է ստեղծված իրավիճակից։ Մի կողմից պարտված Հայաստան, որն անկարող եղավ հեռացնել պարտության պատասխանատուին, նաև երկիր, որի նույն պարտված ղեկավարը փչացրել է հարաբերություններն իր հիմնական դաշնակցի հետ, մյուս կողմից, ռուս-ուկրաինական պատերազմ, որը գրավել է ողջ աշխարհի ուշադրությունը։ Եվ այս միջազգային բարդ պայմաններում, երբ հարկավոր է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել երկրի պաշտպանության վրա, Հայաստանի իշխանությունը և Ադրբեջանից, և ողջ աշխարհից ծնկաչոք խաղաղություն է աղերսում։ Պատկերացնում եմ, թե այս աղաչանքներն ինչպիսի քմծիծաղ և արհամարհանք են առաջացնում աշխարհի բոլոր երկրների ղեկավարների մոտ։

Այո, փոխանակ բանակն ամրապնդելու և թշնամուն անակնկալի բերելով՝ դուրս քշելու Հայաստանի տարածքներից, ավելացվում է ոստիկանության թվակազմը։ Այսինքն, Հայաստանի ղեկավարությանը ոչ թե երկրի, այլ միայն սեփական անվտանգությունն է հետաքրքրում։ Ինչպես անցյալ տարվա եռամսյա, այնպես էլ այս տարվա 25-օրյա զինավարժություններին զորակոչվածներն են, առանց պատրաստվածության կանգնած սահմանում, դեմ-դիմաց թշնամուն, առանց պատշաճ կահավորված դիրքերի։ Մի խոսքով, երկրի պաշտպանությունը բարձիթողի վիճակում է։ Այդ մասին է վկայում նաև, առնվազն երկու ադրբեջանցի զինվորների ազատ մուտքն ու ազատ շրջագայությունը Սյունիքի տարածքում։ Եվ ովքե՞ր են նրանց վնասազերծո՞ւմ, «խիզախ» ոստիկաննե՞րը, ո՛չ քաղաքացիները։

Այսպիսի իրավիճակում, Ադրբեջանի նախագահը պետք է մեծ հումանիստ լինի, որ չշարունակի Հայաստանի օկուպացիան։ Սակայն պարզվում է, որ Տեղ գյուղի տարածքների գրավումը, այլ անուն չես տա, համաձայնեցրած է եղել վարչապետ կոչեցյալի հետ, որի անունն է՝ սահ-մա-նա-զա-տում։ Այո, ադրբեջանական կողմը իրականացնում է սահմանազատում, գրավելով, Հայաստանի, այսպես կոչված ինքնիշխան, իրականում՝ անտերության մատնված տարածքը։ Ուղղակի զավեշտալի են վարչապետ կոչեցյալի խոսքերը, զորքերը հայելային ետ քաշելու աղաչանքով: Ադրբեջանը ոչ միայն ետ չի քաշի զորքերն, այլև անընդհատ առաջ կգա, գրավելով նորանոր տարածքներ, իրականացնելով սահմանազատում։ Աշխարհում, բացի Հայաստանից, որևէ այլ պետություն գոյություն չունի, որ կամովին, առանց կռվի, հանձնի իր երկրի տարածքները։

Ինչ վերաբերում է, հատկապես նախկին լուսավորական, այսօր՝ նվիրյալ քպ-ականի աղերսներին առ միջազգային հանրություն, ապա նրան հիշեցնեմ, նրա կողմից հերոսաբար թափահարվող երկաթե շերեփը։ Փաստորեն, երկաթե շերեփը ճոճվում էր Հայաստանի հպարտված քաղաքացիների գլխին, իսկ միջազգային հարթակում թղթե շերեփի վրա գրված աղաչանքներն են։

-Ապրիլի 11-ի միջադեպի առիթով, այսպես կոչված, միջազգային հանրության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:

-Նախ, արձանագրենք, որ միջազգային հանրություն ասելով, հատկապես Հայաստանում, հասկանում են հիմնականում, արևմտյան պետություններն ու կառույցները։ Ես, ի տարբերություն, հայ առաջադեմ, արևմտամետ հանրության, որևէ պատրանքներ չունեմ այդ միջազգային հանրության կողմից մեզ աջակցելու հարցում։ Արձանագրենք նաև, որ բոլոր երկրները գործում են ոչ թե մարդասիրական սկզբունքներով, այլ պրագմատիկ՝ ելնելով միայն իրենց երկրի ազգային շահերից։ Հիշենք 2014թ․ Իրաքում եզդիների ցեղասպանությունը։ Եվ ի՞նչ արեց այդ միջազգային հանրությունը, ընդամենը դատապարտեց և խորը մտահոգություններ հայտնեց։ Այնպես որ, 21-րդ դարը բոլորովին չի տարբերվում 20- րդ դարից, երբ տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Եթե այդ նույն միջազգային հանրությունը շարժվեր մարդասիրական, նաև իրենց իսկ կողմից ընդունվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքով, ապա երբևէ չէին առաջարկի Արցախի Ադրբեջանի կազմ վերադառնալը, քանի որ, իրենք հիանալի գիտակցում են, որ այն կբերի արցախահայության ցեղասպանության։ Այնպես որ, այն արձագանքը որ եղավ, ավելին չէի սպասում։ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդներն ափսոսանք հայտնեցին, ավելի «հայանպաստ» էր «հայասեր» Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը, որը խստորեն դատապարտեց տեղի ունեցածը։

-Տեղ գյուղի այդ միջադեպից հետո, ևս մեկ ուշագրավ բան տեղի ունեցավ. քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյան, Լեւոն Բարսեղյան եւ այլք, սկսեցին Նիկոլ Փաշինյանին ու գործող իշխանությանը հրապարակային մեղադրել Արցախը, նաեւ Հայաստանը հանձնելու եւ դավաճանության մեջ: Այդ մարդիկ 2018-ի հեղափոխության մաս էին եւ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ. ի՞նչ է փոխվել, որ նրանք հիմա են հասկացել, թե ինչ է կատարվում:

-Անկեղծ ասած, վաղուց չեմ հետևում ձեր նշած անձանց խոսքերին, հիասթափությունս անսահման է։ Եթե իսկապես նրանք անկեղծ են, ապա պետք է հրապարակային ներողություն խնդրեն, հատկապես պարտությունից հետո այս, իմ համոզմամբ ՝ դավաճան իշխանությանը սատարելու, ընտրություններ կոչվող ֆարսը ազատ և արդար գնահատելու համար։ Եթե ոչ, ապա ես կասկածում եմ նրանց անկեղծության վրա և կարծում եմ, թե զգալով, որ կանգնած ենք, չեմ չափազանցնում՝ կործանման եզրին, փորձում են ձերբազատվել իրենց բաժին պատասխանատվությունից։