Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ ընտրելու հարցը: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ սա վերջին ընտրությունն է, որ այս շղթայում անցկացնում են:
Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր ընտրությունները միմյանց հետ փոխկապակցված են, մանավանդ` երբ խոսքը իրավաբանների տեղաշարժի մասին է: Ըստ պատգամավորի` սա վկայում է անհրաժեշտ այն վերադասավորումների մասին, որ պետք է իրականացնել այս փուլում:
«Եթե հետևենք` որ իրավաբանը որտեղ է տեղափոխվում` Գագիկ Հարությունյան, Գևորգ Դանիելյան, Գևորգ Կոստանյան, հիմա էլ` Հրայր Թովմասյան, պարզ կդառնա, որ խոսքն այս փուլում Սահմանադրությունը կյանքի կոչելու անհրաժեշտ գործի մասին է: Այս իրավաբանները ճարտարապետն են այս փոփոխությունների, ինչի համար էլ նրանց կատարած աշխատանքը դժվար է քննադատել: Նրանք այս գործը կատարել են լավագույնս»,- շեշտեց Ռուստամյանը:
Նրա խոսքով` այդ մարդիկ` իրավաբանի հայացքով, զերծ մնալով քաղաքական շահարկումներից, կարողացել են կատարել նաև այնպիսի ախտաճանաչում և գնահատում, որի համար խիզախություն էր անհրաժեշտ: «Այս փաստաթղթերը մնալու են պատմության մեջ, իսկ այն հռետորաբանությունը, որ հնչում է, անցնելու-գնալու է, չոր մնացորդը, որ մնալու է, նրանց գործն է: Այն գործում, որով այսօր Հայաստանը նոր փուլ է բացել մեր երկրում առաջընթացը ապահովելու համար, շատ մեծ է այս մարդկանց ավանդը»,- ասաց Ռուստամյանը:
Նա նշեց, որ այս վերադասավորումները ծառայելու են նրան, որ այս փուլում պահպանվի Սահմանադրության տառն ու ոգին: Պատգամավորի խոսքով` Գագիկ Հարությունյանի փոխարինումը, որպես ՍԴ անդամ, Հրայր Թովմասյանով կարևոր և անհրաժեշտ քայլ է, որովհետև Թովմասյանն էլ եղել է նաև այս գործի մեջ ամենագլխավորներից մեկը:
«Աշխատելով այս թիմի հետ` լիովին վստահում ենք նրանց իրավաբանական գիտելիքներին, կարևորում ենք այն, որ նրանք շատ լավ գիտեն և տիրապետում են առաջադեմ փորձին, համաշխարհային տենդենցներին, ունեն համապատասխան կրթություն և անցած ճանապարհ: Սա է այսօր ամենակարևորը»,- ընդգծեց նա:
Ռուստամյանը նաև նշեց, որ այսօր դժվար է գտնել այլ մարդկանց, որ ավելի լավ են տիրապետում գործին, քան այն մարդի են, որոնց անունները թվեց:
«Բարձրագույն դատական խորհուրդ, ԱԺ պետաիրավական հանձնաժողով և Սահմանադրական դատարան` սրանք այն կառույցներն են, որոնք պետք է ուշի ուշով հետևեն և, մեկը մեկին զսպելով, հակակշռելով, իրական դարձնեն այն սահմանադրական բարեփոխումների կիրառումը Հայաստանում, որի համար մենք պայքարել ենք: Ողջունում ենք այս բոլոր նշանակումները, բոլորիդ մաղթում եմ արգասաբեր աշխատանք և հայտնում մեր կուսակցության լիարժեք աջակցությունը ձեզ»,- եզրափակեց նա: