Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 28-31-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնը: Ի դեպ, այս տարի փառատոնն անցկացվում է «Հիշում եմ և պահանջում…» խորագրի ներքո և նվիրվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին հսկայական վերելք կա մեր արվեստում, մենք հենց արվեստով կարող ենք ներկայանալ դրսում: Ըստ նրա` մեր յուրաքանչյուր ելույթ դրսում ևս մեկ քայլ է` օտարերկրացուն Հայաստանի մասին պատմելու: «Շատերը, երբ լսում են մեր երաժշտությունը, հետո սկսում են Հայաստանի պատմությունը թերթել, այցելել այստեղ: Մենք ունենք դրա կարիքը, որպեսզի դրսում լավագույնս Հայաստանը ճանաչեն»,- ասաց Մեքինյանը:
Նա հիշեց, թե ինչպես Շվեյցարիայում «Նոր անուններ»-ի կատարողների ելույթից հետո, երբ բոլորը հոտնկայս ծափահարում էին երեխաներին, իրեն է մոտեցել մասնակիցներից մեկն ու ասել, որ տղաներից մեկն իր հետ զուռնա է բերել:
«Միջոցառմանը 47 երկրների դեսպաններ էին մասնակցում, պատկերացնո՞ւմ եք` ինչ կարևոր էր այնտեղ մեր ելույթը: Երբ ինձ ասացին, թե տղաներից մեկը իր հետ զուռնա է բերել, ես էլ ասացի` ի՞նչ անենք: Սակայն ինձ մոտեցողը գնացել և զուռնա նվագողին ասել էր, որ ես թույլատրում եմ «բիս» զուռնա նվագել: Հանկարծ մեր տղան սկսեց քոչարի նվագել, ու հայ մասնակիցները, որ դահլիճի ամենավերևի մասում էին նստած, սկսեցին քոչարի պարել: Այդ շարժումը եկավ-հասավ դեսպաններին, և բոլորս միասին պարում էինք»,- պատմեց Մեքինյանը` հավելելով, որ նման բազում դեպքեր են լինում, ուստի փառատոնի դերը թերագնահատել չենք կարող: