Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 21-ին ՀՀ ազգային հերոս, Գետաշենի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը կդառնար 55 տարեկան: Այս օրը ինքնաբերաբար հիշում ես կյանքի այն հերոսական երջանիկ դրվագները, որոնք անց ես կացրել այդ մեծ մարդու, նվիրյալ ընկերոջ հետ:
1989 թվականին երկուսս էլ Իգոր Մուադյանի ղեկավարած «Միացում» կազմակերպության անդամ էինք, ու երբ իմացավ, որ մենք ՀՅԴ անդամ ենք (այն ժամանակ ասում էին չբացահայտված) ինքն էլ մեծ ցանկություն ունեցավ անդամագրվելու ՀՅԴ-ին: Ինձ բախտ վիճակվեց դառնալու Թաթուլի կուսակցական կնքահայրը, ուստի երբ կուսակցական որոշմամբ ինձ ուղարկեցին Հյուսիսային Արցախ (Շահումյան, Գետաշեն և հարակից գյուղեր) որպես գործիչ, ուրախացա, որ Գետաշենի ինքնապաշտպանության ղեկավար նշանակվել է Թաթուլը: Ես Գետաշենում պետք է նախապատրաստեի նրա գալուստն ու օժանդակեի գործունեությանը, որից հետո անցնեի Շահումյան՝ շրջանի պատասխանատու Շահեն Մեղրյանի տրամադրության տակ:
Գետաշենում արդեն կազմակերպված ինքնապաշտպանական ջոկատի տղաներին տեղեկացրել էի Թաթուլի գալու մասին և նրանք անհամբեր սպասում էին. հատկապես Թաթուլի կողմից բերվելիք «բեռին»: Օրեր անց գյուղամիջում դիմավորեցի Թաթուլին ու նրա «բեռն» անմիջապես տեղափոխեցինք գյուղի ծայրամասում գտնվող տունը՝ որը պիտի դառնար մեր հենակետը: Որքան մեծ եղավ զարմանքս՝ երբ պարզվեց, որ Թաթուլի բերած արկղերի մեծ մասում գրքեր, թերթեր ու ամսագրեր էին՝ Ռուբենի հուշերը, «Դրօշակ» ամսագրի համարներ, այլ նմանատիպ գրականություն, ու նաև որոշ գրականություն դպրոցի համար: Հաջորդ օրը Թաթուլը տեղի դպրոցում ներկայացվեց՝ որպես ուսուցիչ: Գրքերն ագահաբար կարդում էր գիշերները լամպի թույլ լույսի տակ, առավոտ ծեգին արթնանում էր ու սկսում տունը ծայրից ծայր մաքրել: Իմ հարցումին պատասխանում էր, որ երբ ճանապարհները ազատագրեն և տանտերերը վերադառնան՝ տեսնեն տունը մաքուր վիճակում: Եկած հենց առաջին օրը պնդեց, որ անցնենք գյուղի «պոստերով» և տեղանքին լավ ծանոթանա: Տեղի ունեցավ մի զավեշտալի դեպք. գյուղից դուրս գտնվող գերեզմանատան մոտով անցնելիս մի «Մոսկվիչ» սլացավ մեր մոտով և մեզ վրա կրակ բացեցին. մի կերպ խույս տվեցինք: Պարզվեց մեզ թուրքի տեղ էին դրել, հետո տղաների հետ մի կուշտ ծիծաղեցինք այս միջադեպի վրա: Շատ կարճ ժամանակում գյուղում սիրեցին Թաթուլին՝ թե´ տեղի բնակչությունը, թե´ աշակերտները: Այդ տարիներին, բացի ՀՅԴ-ի ջոկատներից, շատ ջոկատներ են եղել Գետաշենում. «Սասունցի Դավիթ»ը, Մալաթիայի, Գավառի, Մարտունու տղաները՝ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ և այլն, սակայն նրանք բոլորն անխտիր որպես Գետաշենի ինքնապաշտպանության ղեկավարի ընդունել են Թաթուլ Կրպեյանին, ով իր անձնազոհությամբ ու սխրանքով համալրեց հայ հերոս հայդուկապետերի փառապանծ շարքը:
Թաթուլի և Գետաշենի հերոսական ինքնապաշտպանության մասին շատ է գրվել ու էլի կգրվի: Մի բան անուրանալի է. Գետաշենը, որը զուր չէին, անվանում «Արցախի դարպաս», շուրջ երկու տարի իր վրա վերցրեց ազերիների հարվածները և այդ ընթացքում հայկական կողմը ժամանակ շահեց Արցախում լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու համար:
Գետաշենի, Շահումյանի ինքնապաշտպանությունը Արցախի ազատամարտի հերոսական էջերից են, իսկ նրանց հերոսները այդ ազատամարտի առաջին նվիրյալներն էին:
Ծնունդդ շնորհավոր Թաթուլ Կրպեյան:
Հրայր Կարապետյան