կարևոր
2698 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-30 16:00
Հասարակություն

«Թուրքական արմատներով հայերը»

«Թուրքական արմատներով հայերը»

Արիս Նալջը

Շատ դեպքերում այլ կրոնի ընդունման գործընթացը որոշ ժամանակ անց հանգեցրել է ուրիշ ինքնությանը փարվելուն։ Որոշ ժամանակ հետո մարդիկ այլևս սկսել են ապրել այն ինքնությամբ, որն ապահովել է նրանց գոյությունը։ Հատկապես, երբ այս երկրում իրենք ինքնությունն առանձնապես հարգանքի չի արժանանում։

Ինչպես։ Մտածեցի՝ հո միշտ «հայկական արմատներով թուրքեր» չեն լինելու․ այս անգամ էլ թուրքական արմատներով հայեր գրեմ։

Խոսքը գնում է ըստ էության իսլամաց(վ)ած և այլևս, որոշ ժամանակ անց, կրոնից առանձին, իրենց թուրք բնորոշող և զավակներին ևս այդպես ներկայացող հայերի մասին։

Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ, երբ գրանցամատյանները և կալվածագրերը համացանցի միջոցով հասանելի դարձան Թուրքիայի քաղաքացիներին, ուժեղ շոկ առաջացավ, և համակարգն արգելափակվեց։

Այդ ժամանակ մի փոքր մտորել էի հետևյալ հարցի շուրջ․ իր ինքնության և կրոնի վրա վստահ, 99 տոկոս մահմեդական բնակչություն ունեցող մի երկրում ինչու՞ են մարդիկ այդչափ հետաքրքրված իրենց արմատներով․․․

Արդեն իսկ իրենց իմացածը հաստատելու համա՞ր։

Թե՞ տարիներ շարունակ նախորդ սերունդների՝ իրենցից որոշ բաներ թաքցնելը նկատածներն էին գրոհել այդ համակարգի վրա։

Այդ ժամանակաշրջանում իմ էլեկտրոնային հասցեով հաճախ էի նամակներ ստանում, որ պարունակում էին «Եղբա՛յր, այս անունը հայկակա՞ն է» հարցը։ Իրենց տատին, պապին կասկածողները, «Խաթուն», «Խանում» կամ որևէ տարօրինակ հայկական անվամբ ինձ էլեկտրոնային նամակներ գրելով, պատասխան էին ակնկալում։

Եվ դեռ շարունակում են որոնել։

 «Քեզ կմատնեմ» ասողները

1960-ականներին որոշ ժամանակ հատկապես գյուղերում, թաղամասերում իրենց հարևանի հայ լինելու մասին տեղյակ անձինք ճնշումներ էին բանեցնում՝ «Տե՜ս հա, կասեմ քո հայ լինելու մասին» ոճով։ Նախկինում անդրադարձել էի Դեմիրջի ընտանիքի պատմության մի հատվածին։

«Հավաքական կերպով մահմեդական են դարձել» վերնագրով լուրերը ևս բավականին հաճախ էին հանդիպում 1960-ականներին։

Օրինակ՝ դրանցից ամենաշատ տարածվածը «Հյուրիյեթ» օրաթերթում 1964 թ․ ապրիլի 7-ին տպագրված լուրն էր։

«Ծագմամբ հայ լինելով՝ ասորական հավատքը դավանող գյուղի բնակչությունը հավաքաբար մուսուլման է դարձել»։  Այդ գյուղում, որի եկեղեցին մզկիթի էր վերածվել, տղա երեխաներին կոլեկտիվ կերպով թլպատել էին։ 30 տուն բնակչությամբ գյուղում եկեղեցին մզկիթ էր դառնալու, և բոլոր տղա մանուկները հանդիսավոր ձևով թլպատվելու էին։

Արմատներով հայ, ասորական հավատքը դավանող մի ամբողջ գյուղի բնակչությունը հավաքական կերպով մուսուլման է դարձել։ Սասունի գավառին ենթակա՝ 30 տուն բնակչությամբ Աջար գյուղի բնակիչները Բաթմանի մյուֆթի Ալաեդդին Յավուզի ներկայությամբ իսլամ են ընդունել, և նրանց անունները փոխվել են։

Հին քրիստոնյա գյուղի բնակչությունը, որի կեսը կազմում էին երեխաները, իսկ կեսը՝ մեծահասակները, նոր կրոնի պահանջներին ենթարկվելու համար իրենց մեկդարյա եկեղեցին մզկիթի էին վերածել։

Գյուղի նախկին հոգևոր առաջնորդ Իսա Դեմիրջին նշելով, թե իսլամը առաջադեմ կրոն է, ասել է․

«Հնուց ի վեր մտադիր էին իսլամ ընդունել։ Մեր հոգևորականների քարոզները մեզ չէին բավարարում։ Վարանումների մեջ էինք, երբ Քասըմ Պետո անվամբ ուսյալ մի շեյխ հյուր եկավ մեր գյուղ։ Մեզ ծանոթացրեց իսլամի հետ և ավելի շատ սիրել տվեց այն։ Վերջապես մեր խիղճը հանգիստ է․․․»։

Հատկապես Սասունի, Մուշի, Մարդինի շրջաններում հաճախ է պատահել, որ ասորիներն ու հայերը խառնվեն միմյանց։ Վերոնշյալ հրապարակման մեջ հիշատակվող Դեմիրջի ընտանիքի օրինակով։ Դեմիրջիներն իրականում հայկական ընտանիք են, սակայն «Հյուրիյեթը» նրանց որպես ասորի է ներկայացրել։ Մի ժամանակ, երբ հայկական եկեղեցի չունեցող գյուղերում հայերը մկրտվել են ասորական եկեղեցիներում, դա պատճառ է դարձել, որ հետագայում այդ եկեղեցիներում կնքված երեխաները չկարողանան գրանցվել հայկական դպրոցներում։

Ասորական մկրտությամբ հայերը

Ճիշտ է, որ մի ժամանակ ասորիներն ու քաղդեացիներն էլ են հայկական դպրոցներ հաճախել։ Անկեղծ ասած, ինքս դրանում որևէ խնդիր չեմ տեսնում։ Սակայն 1970-ականների սկզբին, երբ Ազգային կրթության նախարարությունը 2 ծնողից պահանջում է, որ ապացուցեն իրենց հայ լինելը, գործերը խառնվում են։ Այսպես, հայկական դպրոցները այդ ժամանակաշրջանում չէին նայում գերդաստանի գրանցամատյաններին։ Մինչև իսկ, կոդավորման մասին անգամ ոչ ոք տեղյակ չէր։ Հետևաբար, հայ լինելու միակ ապացույցը մկրտության վկայականն էր։ Ասորական եկեղեցիներում կնքված երեխաները, ցավոք սրտի, չէին կարղանում այդ փաստաթուղթը ներկայացնել։ Հենց այդ ժամանակներից սկսած հայկական դպրոցներում սովորել չկարողացած բազմաթիվ պատանիներ հայտնվեցին մեր շուրջը։ Այդ երեխաներն կա՛մ իրենց կրթությունը շարունակեցին թուրքական դպրոցներում, կա՛մ էլ դպրոցը թողնելով՝ գնացին Փակ շուկա (նկատի ունի՝ դարձան արհեստավոր- Ակունքի խմբ

Բոլո՞րս ենք ծպտյալ հայեր

Հիմա անդրադառնանք իմ հոդվածի վերնագրին։ Իր ընտանիքի մահմեդական ինքնության հետ կապված ինձ նամակ գրածների մեծ մասը նրանք էին, ովքեր հունվարի 19-ից հետո Հրանտ Դինքի թաղման օրը գոռացել էին՝ «Բոլորս հայ ենք»։ Վերջերս մեկն ինձ հետևյալն էր գրել․ «Այդ օրը այնտեղ առաջին անգամ ես և աներս էլ քայլեցինք։ Մեր կողքին եղած բոլոր մարդկանց հետ ինչ-որ նմանություն ունեինք։ Կարծում եմ՝ բոլորս ծպտյալ հայեր էինք»։

Ես էլ ինձ գրածների մեծ մասին հարցրեցի․ «Այդ օրն այնտե՞ղ էիք»։ Պարզվում է՝ այնտեղ են եղել կամ էլ՝ էկրանի առաջ։ Այդ մարդկանց հետ երբ հեռախոսով կամ տեսազանգով զրուցում էի, անընդհատ նկատում էի, որ մեծավ մասամբ իրենց «թուրք» են համարում։ Իրականում, նրանք որպես հայ միայն իրենց պապերին նկատի ունեին։ Խոսքն սկսում էին «Իմ աներս էլ էր հայ», «Մեր տատն էլ հայ էր» նախադասություններով, այսինքն՝ անցյալ ժամանակաձևով։

Շատ դեպքերում այլ կրոնի ընդունման գործընթացը որոշ ժամանակ անց հանգեցրել է ուրիշ ինքնությանը փարվելուն։ Որոշ ժամանակ հետո մարդիկ այլևս սկսել են ապրել այն ինքնությամբ, որն ապահովել է նրանց գոյությունը։ Հատկապես, երբ այս երկրում իրենք ինքնությունն առանձնապես հարգանքի չի արժանանում։

Մանավանդ, երբ ռեժիմը ձեզ անընդմեջ համարում է այնպիսիք, որոնց գոյության համար պետք է ներողություն խնդրել (նկատի ունի Էրդողանի՝ տարիներ առաջ արած այն հայտարարությունը, թե «Կներեք, ինձ նույնիսկ հայ են ասել»-Ակունքի խմբ), այս պայմաններում կրոնը կորցնելուց հետո ինքնությունը կորցնելը շատ ավելի հեշտ է լինում։ Ինչ վերաբերում է լեզվին (նկատի ունի արևմտահայերենը-Ակունքի խմբ), այն արդեն իսկ անհետացող լեզուների շարքում է Թուրքիայում․․․

https://artigercek.com/makale/turk-kokenli-ermeniler-255769

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net