Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` ՀՀԿ Խորհրդի նիստից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանեցլրագրողների մի քանի հարցերի: Նա կարծիք հայտնեց, որ նոր վարչապետը` Կարեն Կարապետյանը, իր մարդկային ու պրոֆեսիոնալ հատկանիշներով, իր փորձառությամբ, այն մարդն է, ով կարճ ժամանակում կկարողանա դրական փոփոխություններ բերել երկրին, տնտեսությանը, բարոյահոգեբանական մթնոլորտին:
«Այն, որ Կարեն Կարապետյանը հանրապետական չէ, դրան նորմալ պետք է վերաբերվել, դա լավ է, որովհետև նա ընկալելի վարչապետ կլինի նաև այլ քաղաքական ուժերի ու հասարակության համար: Կարեն Կարապետյանը կարող է շատ արագ ձևով փոփոխություններ իրականացնել մեր կյանքում, որին սպասում է հասարակությունը»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի էներգետիկ ոլորտի այն ձախողումները, որոնք եղան այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը բարձր պաշտոն էր զբաղեցնում էներգետիկ ոլորտում, Սամվել Նիկոյանը պատասզխանեց, որ համաձայն չէ այդ տեսակետի հետ, թե ձախողումներ են եղել այդ ժամանակ, ըստ նրա` Կարեն Կարապետյանը, առհասարակ, ձախողումներ չի գրանցել:
«Կարեն Կարապետյանը լավ վարչարար է, կայացած ղեկավար: Որոշակի ժամանակահատված պետք կլինի, որ նա` որպես վարչապետ, կարողանա փոփոխություններ իրականացնել: Հասարակության պահանջներն այսօր ավելին են, քան տնտեսության մեջ արձանագրված որոշակի հաջողությունները: Այդ պահանջներին բավարարելու համար պետք էին կառավարչական հմտությունների փոփոխություններ»,- վարչապետի փոփոխությունն այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հայտնի է, որ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալիս ասել էր, որ այլևս չի ցանկանում քաղաքական պաշտոն զբաղեցնել և այսուհետ ցանկանում է զբաղվել բիզնեսով: Հարցին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նրան վարչապետի պաշտոնին նշանակելու համաձայնությունը ստանալու համար, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` նա ինչ է ասել, երբ է ասել: Կա խնդիր` ծառայել հայ ժողովրդին ու լինել ՀՀ վարչապետ, դա, կարծում եմ, բարձրագույն արժեք է, որին ձգտում է յուրաքանչյուր կարող մարդ: Իսկ Կարեն Կարապետյանը կարող անձնավորություն է, ով նոր ու թարմ հայացքներ կյանքի կկոչի: Պարոն Կարապետյանը պատրաստ է ինքնուրույն և անկախ քաղաքականություն իրականացնել»:
Պատգամավորը վստահ է, որ անգամ 8 ամսում` մինչև խորհրդարանական ընտրությունները, նա կկարողանա լուրջ, դրական տեղաշարժեր իրականացնել: Տնտեսական աճի տեմպերը պետք է արագացնել, ըստ պատգամավորի, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել, և նոր վարչապետը ի վիճակի կլինի դա անել:
Հարցին, թե Կարեն Կարապետյանը կկարողանա՞ հարաբերվել հասարակ գյուղացու հետ, լսել նրա խնդիրները, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Նա արմատներով գյուղի տղա է, շատ լավ էլ կարող է գյուղացու հետ խոսել: Նա հող ու ջրի մարդ է, մտավորականի հետ էլ կարող է խոսել, գործարարի հետ էլ կարող է խոսել»:
Պատգամավորը չի կարծում, որ Կարեն Կարապետյանը շուտ կհիասթափվի քաղաքական խարդավանքներից: Ըստ Նիկոյանի` Կարեն Կարապետյանը քաղաքական խարդավանքների վարպետ չէ, իսկ այսօր մեր երկրին հենց այդպիսի մարդիկ են պետք: