կարևոր
3922 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 17:03
Քաղաքական

Մենք մաս-մաս կորցնում ենք մեր պետականությունը, մեր երկիրը, մեր ինքնությունը և ինքնասիրությունը․ Սերժ Սրապիոնյան

Այստեղ հավաքվել են մեր երկրի ճակատագրով մտահոգ, այդ ճակատագիրը փակուղի մտցնողի վերաբերյալ իրենց վերաբերմունքը դրսևորող մարդիկ։ Այս մասին Ազգային Ժողովի դիմաց «Միասնության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

«Այս շարժումը ձևավորվել է «Կանայք Հանուն Հայրենիքի շարժման» կողմից, որոնք հավաքվել էին տագնապած մեր երկրի ապագայով, այն  ամենով ինչ կատարվում է երկրի ներսում և սահմաններին և առաջարկեցին հասարակական կազմակերպություններին, շարժումներին, կուսակցություններին անկախ սեռից, դավանանքից, քաղաքական ըմբռնումներից հավաքվել այսօրվա ձախորդ կառավարությանը հեռացնել իրենց աթոռներից, որովհետև արդեն ձևավորված հիմնական միտքը այն է, որ մեր երկրի դժբախտությունների պատճառը հենց այս իշխանություններն են։ Այն ամենը, ինչ կատարվում է այսօր մեզ հետ, կյանքի բոլոր ոլորտներում սկսվել է 5 տարի առաջ, համառորեն շարունակվում է։ Մենք արդեն կանգնած ենք ոչ միայն պետականությունը կորցնելու վտանգի առաջ, այլ մաս-մաս կորցնում ենք մեր պետականությունը, մեր երկիրը, մեր ինքնությունը և ինքնասիրությունը, որովհետև դրսի թշնամուն համառորեն աջակցում են կամ գիտակցված կամ անգիտակից այսօրվա իշխանությունները։ Այս շարժումը հավակնություն չունի իրեն մոտ բերել և միացնել որևէ քաղաքական ուժի, չի լինելու որևէ գերակա ուժ, որը պիտի առաջնորդի, չի լինելու որևէ մեկը, որի կարծիքը պետք է լինի տիրապետող։ Ամեն ինչ որոշվելու է խորհրդի կազմի միջոցով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք շատ լավ գիտակցում էինք, որ այսօր չի հավաքվելու այն մասսան, որը սպասելու են հետագայում․

«Մենք իրազեկման միջոցառում ենք անցկացնում մեր քաղաքացիներին, նաև այնտեղ նստած օրենքներ ընդունողներին, բոլոր նրանց, ովքեր առնչվում են երկրի քաղաքական բախտին, իրազեկելու այն պահանջները, որ այսօր պետք է  ներկայացնենք հանրության դատի։ Մենք դիմել էինք ԱԺ, հիմա էլ ենք դիմում ճանաչել Արցախի Հանրապետության ինքնությունը, անկախությունը, որովհետև Արցախը անկախացել է  Ադրբեջանին չպատկանող տարածքներում, այդ տարածքները երբևէ որևէ կերպ չեն պատկանել Ադրբեջանին և Արցախը իրավունք ունի ճանաչվելու ինքնուրույն պետություն։ Կոչ ենք անում գործնական քայելր ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։ Որովհետև այդ միջանցքը Արցախի կյանքի ճանապարհն է, արդեն 3 ամսից ավել է կառավարությունը, նրա ստորաբաժանումները, որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդին ինչ-որ ձևով սատար կանգնելու համար»,- ասաց նա։