կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 12:26
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմելը մեր խաչն է, եթե ուզում ենք մեր ինքնությունը պահպանել ու մեր երկրին տեր կանգնել. Գագիկ Գինոսյան

Գրեթե մեկ շաբաթ է Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանն առավել քան աղմկոտ է: Ադրբեջանի թիրախում այս անգամ ոչ թե իրենց համար բաղձալի Արցախն է, այլ ՀՀ սահմանամերձ գյուղերը: Արդեն երեկվանից Ադրբեջանի նախագահը բռնության կոչեր է անում, թե իրենց  հրթիռներն ուղղված են դեպի Հայաստանի  ատոմակայանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք, Արցախյան ազատամարտի մասնակից, Լեոնիդ Ազգալդյանի զինակից ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ Yerkir.am-ի հետ զրույցում  խորհուրդ տվեց Ալիեւին հայտարարություններ անելու փոխարեն՝ պարզի, թե քանի զինվոր ունի, քանի որ զինվորագրման իր կոչին արձագանքել է ընդամենը 150 հոգի:

-Որքան իրենց հրթիռներն են նայում մեր ատոմակայանին, նույնքան էլ իրենց ավտոմատներն էին նայում Տավուշի մեր նույն դիրքերին, ե՞ւ, ի՞նչ կարողացան անել: Մենք 2016-ի ապրիլին տեսել ենք, թե որքանով են իրենց հրթիռները մարտունակ եւ խոցելի։

- Պարոն Գինոսյան, ինչո՞ւ այս անգամ թշնամին որոշեց թիրախավորել ոչ թե Արցախը, այլ՝ Տավուշը:

- Հավանաբար, սա երջանիկ պատահականություն է, որովհետեւ այստեղ ինչ-որ թյուրիմացություն է եղել հակառակորդի կողմից: Երբ մերոնք ՀՀ սահմաններում ավելի ճշգրիտ դիրքեր ամրացրեցին, որը մեզ ավելի շահեկան իրավիճակի մեջ է դնում, նրանք հասկացան կատարված փաստը, որի հեղինակը, կոպիտ ասած, իրենք են: Դրա համար էլ փորձում են ինչ-որ կերպ այդ խնդիրը վերադարձնել հին ընթացքին, որն էլ չի ստացվում։ Վստահաբար, իրենք հասկանում են, որ այս ամենի հետեւում կա գազատար, նավթատար եւ նման այլ գլոբալ խնդիրներ: Հավանական է, որ նրանց քայլեը նաեւ Թուրքիայի կողմից է հրահրվում, եւ ինչու ոչ, նաեւ Ալիեւի երերացող հեղինակությունն ու իշխանությունն է: Իհարկե, ցավալի է, որ զոհեր ունենք, վնասներ ենք կրել, թեպետ վնասները կվերականգնվեն, բայց փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր ապրում են սահմանին: Սա մեր կռիվն է, պատերազմելը մեր խաչն է, եթե ուզում ենք մեր ինքնությունը պահպանել ու մեր երկրին տեր կանգնել։ Կարծում եմ, նոր շրջափուլ ենք մտնում, եւ սա հայ ժողովրդի մի նոր վերելքի սկիզբ է, մենք դեռ կհիշենք այս իրադարձությունը: Եթե մենք խաղաղապաշտությամբ ենք տարվում, զոհերն ակնհայտորեն մեծ են լինում։ Իսկ հայը երբեք ագրեսիվ չի եղել, ոչ էլ՝ կոչեր է հնչեցրել, բայց մարտունակության կոչ՝ անշուշտ: Իսկ ինչ վերաբերում է Ալիեւին, ապա իրենց ազգայինին բնորոշ ժողովրդական ասացվածքով ասեմ. «Կծան շունը հաչան չի լինում»։

- Բայց, ըստ մեր վարչապետի, Ալիեւը բարեկիրթ է…

- Դե, շան բարեկրթությունը ո՞րն է, հաչում է, թե՝ կծում, միեւնույն է, մնում է շուն: Ինչպես ասում են՝ շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի դիր։ Իսկ բարեկիրթ մարդը նման արարքներ թույլ չի տալիս։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է բարեկրթությամբ խոսել մի մարդու մասին, որը հերոսացնում է Սաֆարովին: Մինչեւ Տավուշի դեպքերն էլ մի քանի անգամ ասել եմ, որ որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ չեմ լիազորում ՀՀ ցանկացած իշխանության, ցանկացած գերատեսչության, բանակցել մի պետության, մի իշխանության հետ, որը չի դատապարտում, այլ հերոսացնում է Սաֆարովին, Թալիշի 93 տարեկան տատիկին սպանած, հետո ականջը կտրած անձին, Քյարամ Սլոյանի գլուխը կտրած, հետո ֆուտբոլ խաղացած անձին, մեր տղաների կենդանի աչքերը հանողին… Ես չեմ ասում ընդհանրապես չբանակցենք, բայց նախապայմանը մեկն է՝ չբանակցել մինչեւ այդ իշխանությունը չդատապարտի նման ոչ մարդկային արարքը: Նժդեհն ասում է՝ զարկ տանք միայն նրան, ով ի զորու է պատասխանել զարկիդ, այլապես դու սովորական մարդասպան ես եւ ոչ զինվոր։ Իսկ Ալիեւը ոչ միայն չի դատապարտում, այլ խրախուսում է նման պահվածքը՝ պարգեւատրումներով, էլ ի՞նչ բարեկրթության մասին է խոսքը։

 - Պարոն Գինոսյան, ինչպես մինչեւ Տավուշի դեպքերը, այնպես էլ հիմա գտնվում են մարդիկ, ովքեր Հայաստանում խաղաղասիրություն, ադրբեջանասիրություն են քարոզվում:

- Ես չգիտեմ Քյարամ Սլոյանի գլուխը կտրողը մա՞րդ է, կասկածում եմ։ Որեւէ տեղ տեսե՞լ եք, որ շարքային ադրբեջանցին հրապարակավ մեղադրի կամ դատապարտի նման պահվածքը։ Ի՞նչ աստիճանի «ասպետ» պիտի լինես, որ 93 տարեկան տատիկին սպանես, հետո՝ ականջը կտրես…

- Տավուշյան դեպքերի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

- Չեմ կարող վստահ ասել, որովհետեւ կանխատեսելը անշնորհակալ գործ է: Եվ հետո, գուցե Ալիեւը մի բան է պատկերացնում, Էրդողանը՝ մի ուրիշ բան է հրահրում, չգիտես նրանց մտքին ինչ կա: Պետք է հասկանալ, որ Տավուշում ավարտվի, կարող է Նախիջեւանում սկսվի՝ Խաչիկ գյուղի կամ Արենիի կողմից, կամ էլ՝ հենց Արցախում։ Մենք պարտավոր ենք զինվոր լինել, ասպետ լինել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.