Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրան – «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության հարցազրույցը դոկտոր Ահմադ Քազեմիի հետ. սեպտեմբերի 3 2022 թ.
Դոկտոր Ահմադ Քազեմի. Միջազգային իրավունքի և եվրասիական հարցերի փորձագետ
– Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սցենարից անցել է ավելի քան 22 ամիս: «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» հարցը, որը Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան անհիմն կերպով անվանում են «Զանգեզուրի միջանցք», շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի և հատկապես Միացյալ Թագավորության ու միջազգային սիոնիզմի օրակարգում, որն էլ իրականացվում է Բաքվի և Անկարայի անմիջական գործակցությամբ:
– Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ղարաբաղի ազատագրման նպատակը իրականում քող էր «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» նախագծի իրականացման համար, ինչը մինչ այս ձախողվել է։ Այս պնդման ապացույցն այն է, որ եթե Ադրբեջանի Հանրապետությունն իսկապես ունենար Ղարաբաղի ազատագրման «ինքնուրույն կամք», տրամաբանորեն 26 տարվա ընթացքում` 1994 թ. զինադադարից սկսած մինչև 2020 թվականը, թեկուզ սահմանափակ, սակայն որոշակի քայլեր պետք է ձեռնարկեր այդ ուղղությամբ և ոչ թե իմանալով ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի բացասական վերաբերմունքի մասին՝ ռազմական գործողությունների առնչությամբ պնդեր Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու հարցում և, դադարեցնելով հակաիրանական քարոզչությունը, պետք է դրականորեն արձագանքեր բռնագրավյալ տարածքների ազատագրման վերաբերյալ Թեհրանի առաջարկին: Առ այդ թվում է, որ եվրասիական իրադարձությունների հարցում հիմնական խաղացողների ստանդարտ մոտեցումների փոփոխության հետևանքով Ղարաբաղը ևս 2020 թ. սկսած վերածվել է ՆԱՏՕ-ի և միջազգային սիոնիզմի աշխարհաքաղաքական նպատակների իրագործման միջոցի, որոնց առանցքում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հիմնարար շահերին հարվածելու նպատակով «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծումն է:
Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ երկու կետի. առաջին՝ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ի փոխարեն «Զանգեզուրի միջանցք» կեղծ եզրի օգտագործումը պատմական, քաղաքական և իրավական առումներով սխալ է, քանի որ «Զանգեզուրի միջանցք» կամ ավելի ստույգ՝ «Արևմտյան Զանգեզուր» կեղծ եզրը, որը մոգոնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վերաբերում է Հայաստանի հարավային մարզ Սյունիքին, որը Իրան-Հայաստան սահմանային գոտին է: Իրականում այս եզրը պարունակում է Բաքվի տարածքային նկրտումները Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ: Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության տրամաբանությունն այն է, որ այդ շրջանը (Սյունիքը) 1922 թ. ԽՍՀՄ-ի կողմից հանձնվել է Հայաստանին: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա կան բազմաթիվ նմանատիպ տարածքներ, այդ թվում՝ Կովկասը` Ադրբեջանի Հանրապետությունը ներառյալ, որոնք 1828 թ. անջատվել են Իրանից և կցվել Ռուսական կայսրությանը: Իգդիրը, Կարսը և Ղարասուի միջանցքը, որոնք բոլորն էլ պատկանել են Իրանին, 1931 թ. առանց որևէ իրավական հիմնավորման հանձնվել են Թուրքիային: Կամ՝ Օսմանյան կայսրության կողմից 1920 թ. ստորագրված Սևրի պայմանագրի համաձայն՝ այդ կայսրության հարավարևելյան 6 նահանգները «Արևմտյան Հայաստան» անվամբ պատկանում են հայերին: Բնականաբար, եթե առաջնորդվենք Բաքվի տրամաբանությամբ, այս բոլոր տարածքները պետք է վերադարձվեն իրենց պատմական տերերին:
Սա է պատճառը, որ միջազգային իրավունքը Արդարադատության միջազգային դատարանի վճիռներում շեշտում է՝ պատմական իրադարձությունները, որոնք հետագայում ենթարկվել են միջազգային հարաբերություններում գրանցված փոփոխություններին, չեն կարող դառնալ տարածքային պահանջատիրության հիմք: Առ այդ Հայաստանի հարավային շրջանի նկատմամբ «Զանգեզուր» եզրույթի կիրառումը նշանակում է այդ երկրի տարածքային ամբողջականության խախտում և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածին: Հետևաբար «Զանգեզուրի միջանցք» կեղծ եզրույթի կիրառումը, որը, ցավոք, ակամա գործածվում է իրանական որոշ լրատվական և վերլուծական հրապարակումներում, որոնցում հղում է արվում Բաքվի և Անկարայի պաշտոնյաներին, և միտումնավոր տիրաժավորվում պանթուրքիստական լոբբիստական շրջանակների կողմից, քաղաքական, իրավական և պատմական առումներով սխալ է: Որևէ կեղծ եզրույթ «ահաբեկչություն» երևույթի պես չի կարող լավը կամ վատը լինել: Ինչպես «Արաբական ծոց» կամ «Հարավային Ադրբեջան» կեղծ եզրույթների կիրառումն է անընդունելի, նույնպես էլ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի: Թվում է, թե այս կեղծ եզրույթի լավագույն այլընտրանքը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» անվանումն է, որը ես օգտագործել եմ դեռևս 22 ամիս առաջ: Քանի որ նախ՝ «թուրանական» այս միջանցքի ստեղծումը անմիջականորեն ուղղված է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ, և երկրորդ` այս նախագծի իրականացումը վեր է Ադրբեջանի ու Թուրքիայի ուժերից: Կուլիսներում բրիտանական գաղութատիրությունն է, որն ավելի քան 200 տարի ձևավորել ու զարգացրել է պանթուրքիստական գաղափարախոսությունը հրեական ծագումով անգլիացի այնպիսի տեսաբանների միջոցով, ինչպիսիք են Քոենը և Արթուր Լյումլեն:
Ի դեպ, սա նույն գաղափարախոսությունն է, որն ընկած էր Օսմանյան կայսրության փլուզման հիմքում: Հաջորդն այն է, որ Բաքվի հղումը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին զուրկ է որևէ իրավական հիմքից, քանի որ, հակառակ հայտարարության 6-րդ կետի, որում հստակորեն նշված է Հայաստանի և Ղարաբաղի միջև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի ստեղծման մասին, 9-րդ և 10-րդ կետերում խոսվում է միայն հաղորդակցական ուղիների վերաբացման և կառուցման մասին, որոնց առումով որևէ հստակ տեղանք նշված չէ: Եվ այս ուղիները Հայաստանի հարավային շրջանի փոխարեն կարող են անցնել Ադրբեջանի Հանրապետության հյուսիսային շրջանով՝ Ղազախով, որը կապող ճանապարհներ ունի Հայաստանի և Նախիջևանի հետ: Միևնույն ժամանակ հաղորդակցական այդ ուղիները պետք է գտնվեն տվյալ երկրի (Հայաստանի) իշխանության ներքո այն դեպքում, երբ Լաչինի միջանցքի առնչությամբ հրադադարի համաձայնագրում Բաքվի վերահսկողության մասին որևէ խոսք չկա:
Մյուս կողմից՝ Լաչինի միջանցքի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակների համահարթեցումը, որն ուղեկցվում է Բաքվի կողմից Երևանի նկատմամբ հոգեբանական ու մեդիա շանտաժներով և քաղաքական ու ռազմական ճնշումներով, իրավաբանական մեկ այլ դիտանկյունից ևս խոցելի է: Դա վերաբերում է Լաչինի միջանցքի իրավական ճակատագրի և Ղարաբաղի իրավական կարգավիճակի նույնությանը, որը կառուցված է Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարության (գոնե այնպիսին, ինչպիսին Նախիջևանի պարագայում է) առանցքի շուրջ: Կարգավիճակ, որն ընդունվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի ժամանակ` 1996 թ., և որի տրամադրման մասին Բաքուն բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մինչդեռ այսօր պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել, և Ադրբեջանի նախագահը շեշտում է Ղարաբաղին որևէ իրավական կարգավիճակ չտրամադրելու մասին:
Բնական է, որ Ղարաբաղի իրավական կարգավիճակի բացակայության դեպքում հայերի համար Լաչինի միջանցքը կորցնում է իր իրավական նշանակությունը:
Այն, որ, չնայած Ղարաբաղի հիմնահարցի կարգավորված չլինելուն, Ադրբեջանի Հանրապետությունը կենտրոնացած է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» միջոցով Իրանի և Հայաստանի միջև սահմանային կապի խզման վրա, պայմանավորված է մեկ այլ՝ ավելի մեծ դավադրությամբ, որը տարիներ ի վեր նախագծվել է ՆԱՏՕ-ի անվտանգային ուղեղային կենտրոններում` Միացյալ Թագավորության և միջազգային սիոնիզմի առանցքային դերակատարությամբ, և որի իրականացման համար մշակվել են գործնական ուղիներ: Նրանց տեսանկյունից Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ՆԱՏՕ-ի երեք հիմնական ախոյաններն են, որոնց միջև դաշինքի ձևավորումը կնշանակի Արևմուտքի դեմ տարածաշրջանային նոր համակարգի ստեղծում:
Եվ քանի որ Կովկասը և Կենտրոնական Ասիան համարվում են աշխարհի աշխարհաքաղաքական զարգացումների կենտրոնը, միակ տարածաշրջանն են, որտեղ համընկնում են այս երեք տերությունների շահերը, ուստի աշխարհագրական ամենանպաստավոր կենտրոնն են Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին հարվածելու համար, ինչի շարժիչ ուժը պանթուրանական գաղափարախոսությունն է: Աշխարհաքաղաքական փոփոխությունների այս գործընթացում պանթուրանիզմը և թուրանական միջանցքը պետք է գործեն այնպես, ինչպես նացիզմը և Հիտլերի Դանցինգի միջանցքը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը», վերացնելով Իրանի և Հայաստանի միջև սահմանը, պետք է ապահովի պանթուրանական շղթայի աշխարհագրական ձևավորումը Թուրքիայից մինչև Ադրբեջանի Հանրապետություն և Կենտրոնական Ասիա` միջազգային սիոնիզմի և ՆԱՏՕ-ի տրամաբանության շրջանակներում երաշխավորելով Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կենսական շահերին վճռական հարվածի արդյունավետությունը ներքոնշյալ 4 ոլորտներում:
Տարանցիկ հաղորդակցությունների ոլորտ. Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ներկա պահի դրությամբ համագործակցում են տարանցիկ 4 մեծ նախագծերի (Մետաքսի ճանապարհի վերականգնման, հյուսիս-հարավ միջանցքի, Պարսից ծոց-Սև ծով միջանցքի և ԷԿՕ-ի միջանցքի) շրջանակներում:
«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» շրջանակում Անկարայի միջոցով պետք է ստեղծվի «Լազուրի միջանցքը», որը պետք է ձգվի Թուրքիայից մինչև Կովկաս, Կենտրոնական Ասիա, Աֆղանստան և Պակիստան` ընդհատելով և թուլացնելով 4 տարանցիկ միջանցքները: Այս միջանցքը կարևորվում է նրանով, որ ամերիկյան ուղեղային կենտրոնները հայտարարել են, որ ԱՄՆ-ի համար Չինաստանի նախագիծը («Մեկ ճանապարհ, մեկ գոտի») շատ ավելի վտանգավոր է, քան նրա ռազմական ներուժը: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, այսպես կոչված, Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին դիտորդի կարգավիճակով պարսկափուշտունալեզու Աֆղանստանի անդամակցության հարցում, բխում է Աֆղանստանի առանցքային դերակատարությունից, որը նախատեսված է «Լազուրի միջանցքում»:
Էներգետիկայի ոլորտ. «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» պետք է Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի գազը Կասպից ծովով Բաքու հասցնի: Ներկա պահի դրությամբ գործում է Ադրբեջանի գազը Եվրոպա հասցնող` Բաքվից Իտալիա ձգվող գազամուղը: Ադրբեջանը, սակայն, չի կարողանում ապահովել գազամուղի ամբողջական թողունակությունը: «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ծրագրի իրականացման և դրա շրջանակում միջինասիական վերոնշյալ երեք երկրների գազի հոսքի ապահովման դեպքում Եվրոպան այլևս ռուսական («Նորդ Սթրիմ» գազամուղ) և իրանական գազի («Նաբուկո» նախագիծ) կարիքը չի ունենա, ինչը զգալիորեն կթուլացնի էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը և միևնույն ժամանակ լուրջ խնդիրներ կստեղծի Չինաստանի համար Կենտրոնական Ասիայից, հատկապես Թուրքմենստանից իրեն անհրաժեշտ գազի ծավալների ապահովման հարցում:
Ազգային հարցերի ոլորտ. նախատեսվում է, որ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը», հենվելով վերջին տասնամյակների ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից ազերիների, թուրքմենների, թաթարների և ույղուրների շրջանում հրահրված ազգայնական խնդրի վրա, կձևավորի պանթուրքիզմի հիմքի վրա ազգայնական լուրջ շարժում Իրանի ազերիաբնակ ու թուրքմենաբնակ շրջաններում, Չինաստանի ույղուրաբնակ շրջանում և Ռուսաստանի թաթարաբնակ ու թուրքաբնակ շրջաններում:
ՆԱՏՕ-ի ընդլայնման ոլորտ. թուրանական միջանցքի միջոցով ՆԱՏՕ-ն պետք է ուղղակիորեն ներթափանցի Իրանի հյուսիսային, Ռուսաստանի հարավային և Չինաստանի արևելյան սահմաններ՝ ամբողջացնելով այդ երկրների ամբողջական շրջափակման նախագիծը, որը հող է նախապատրաստելու դրանց կազմաքանդման համար: Իրականությունն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո դեպի արևելք ընդլայնվելու ՆԱՏՕ-ի ցանկությունը երբեք էլ չի մարել: Վերանայելով իր միջազգային դերակատարությունը՝ ՆԱՏՕ-ն երբևէ մտադիր չի եղել հրաժարվել այնպիսի տարածաշրջաններից, ինչպիսիք են Կովկասը և Կենտրոնական Ասիան: Ինչպես ասել է ՆԱՏՕ-ում Միացյալ Թագավորության նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնը, թուրանական միջանցքը ՆԱՏՕ-ն կհասցնի մինչև Չինաստանի արևմտյան սահմաններ:
Պարզամտություն կլինի ընդունել այն տեսակետը, թե ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ պայմանավորված՝ այդ կազմակերպությանը անհրաժեշտ չէ անմիջական ներկայություն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կովկասը և Կենտրոնական Ասիան: Քանի որ նախ՝ նման տրամաբանությամբ ՆԱՏՕ-ն չպետք է ձգտեր ընդլայնվելու դեպի Ուկրաինա, Շվեդիա և Ֆինլանդիա` Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու գնով: Քանզի Ռուսաստանի մյուս հարևանները` մերձբալթյան երեք հանրապետությունները, սկսած 2004 թվականից, և Լեհաստանը (Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հարևանը), սկսած 1999 թվականից, ՆԱՏՕ-ի անդամներ են: Երկրորդ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի շրջափակումն է: Ըստ էության, ՆԱՏՕ-ի ներկայությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում կլրացնի Ռուսաստանի` Սև ծովի կողմից, Չինաստանի՝ Հարավչինական ծովի կողմից և Իրանի` Պարսից ծոցի կողմից շրջափակումը: Երրորդ՝ ՆԱՏՕ-ի նպատակների սահմանման շրջանակում («ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը») Թուրքալեզու երկրների կազմակերպության հզորացման և դրա շրջանակում, այսպես կոչված, «Թյուրքական ՆԱՏՕ-ի» ստեղծման նախապայմանն է այնպես, ինչպես Պարսից ծոցի համագործակցության կազմակերպության շրջանակում «Արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծումն է:
Հենց այդ պատճառով էլ վերջին տասնամյակների ընթացքում, չնայած Ռուսաստանի զգայնությանը, ՆԱՏՕ-ն չի բավարարվել Թուրքիայի անդամակցությամբ և շարունակել է ընդլայնումը դեպի արևելք այնպիսի ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են «Գործընկերություն հանուն խաղաղության», «ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության» կամ «Բաց երկնքի» ծրագրերը:
Հաշվի առնելով («ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի») վերոնշյալ չորս հակագործառույթները՝ ակնհայտ է դառնում, թե որն է այս միջանցքի ստեղծման հարցում համառության պատճառը, և ինչու է ոգևորված Բաքուն, ինչը նաև մեծապես պայմանավորված է Միացյալ Թագավորության և Իսրայելի հովանավորությամբ:
Վերոնշյալ հակագործառույթներից բացի՝ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» որոշակի հետևանքներ կունենա հատկապես Իրանի համար: Այս միջանցքի ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի հարավում կառուցել նոր գազամուղ, որը գործնականում առ ոչինչ կդարձնի դեպի Նախիջևան, Թուրքիա և նույնիսկ Հայաստան իրանական գազի արտահանումը, կչեզոքացնի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան թուրքմենական գազի սվափը, նաև խիստ բացասական ազդեցություն կունենա Թուրքիայից դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա Իրանի տարանցիկ աշխարհաքաղաքական նշանակության վրա:
Միևնույն ժամանակ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» կխթանի ազերիական ինքնության տարրալուծումը պանթուրքիստական գաղափարախոսության մեջ: Այս երևույթը հետապնդում է 2 գլխավոր նպատակ. առաջին՝ չեզոքացնել կամ վերացնել ազերիական ինքնությունը, որը պատմության ընթացքում դիմակայել է անատոլիական-թուրքական-հանաֆիական ինքնությանը՝ այն փոխարինելով թուրքական-անատոլիական ինքնությամբ: Մյուս կողմից՝ ազերիական ինքնության կերպափոխումը թուրքականի կնպաստի ազերիների շրջանում շիիզմի վերացմանը: Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է բոլոր իրանցիների, հատկապես Իրանի ազերիների (որոնք պատմության ընթացքում մշտապես եղել են իրանական քաղաքակրթության և շիիզմի պաշտպանները Կովկասում) դիմակայությունն այս դավադրական ծրագրին, որի շրջանակում էլ պետք է դիտարկել պանթուրքիստների, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջան» նողկալի ծրագիրը:
Հենց այս պատճառով էլ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետությունում սկսվել է ադրբեջանական ինքնության թուլացումը, և Բաքվի պետական, քաղաքական, անվտանգային և մեդիա շրջանակների օրակարգում է հայտնվել այդ ինքնության թուրքացման ծրագիրը: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի խորհրդարանի 1996 թ. ընդունած բանաձևով ազերիական ինքնությունը հստակորեն տարանջատվել է անատոլիական-թուրքական ինքնությունից: Ըստ այդմ՝ կարելի է նշել, որ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման գլխավոր նպատակներից մեկը Իրանի, Ադրբեջանի և Կովկասի միջև պատմական, մշակութային և կրոնական խզում առաջացնելն է, ինչը համապատասխանում է միջազգային սիոնիզմի նպատակներին:
Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Իրանի հոգևոր առաջնորդը Թեհրանում կայացած Աստանայի գործընթացի անդամ երկրների գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումների ժամանակ նշեց, որ չի հանդուրժելու որևէ ծրագիր, որը կվերացնի Իրանի և Հայաստանի միջև եղած սահմանը: Այս կերպ Իրանի հոգևոր առաջնորդը հստակորեն և բացահայտորեն նշեց, որ Իրանը դեմ է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքին», և դա Իրանի անփոփոխ կարմիր գիծն է: Այնուհետև՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռեիսին, կարևորելով Իրան-Հայաստան սահմանային գոտին, շեշտեց, որ Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի քաղաքական քարտեզի որևէ փոփոխություն, և Իրանը պատրաստ է իր ողջ ներուժը ներդնելու Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Վերոնշյալ մոտեցումներից պարզ է դառնում, որ Իրանը որևէ կերպ թույլ չի տա, որ ստեղծվի «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը», ինչի նպատակն է փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզն ու կազմաքանդել տարածաշրջանի երկրները:
Վերջում անհրաժեշտ է անդրադառնալ այս թեմային վերաբերող 4 հարցի:
Առաջին. «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի և Չինաստանի դեմ է: Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված պանթուրքիստական կառույցները փորձում են ցույց տալ, թե իբր Մոսկվան կողմ է այդ միջանցքի ստեղծմանը: Նրանց վկայակոչումը ռուս պաշտոնանկ արված մի զինվորականի, որը հայտնի է պանթուրքիստական շրջանակների հետ իր համագործակցությամբ, փաստում է, որ պանթուրքիստները որևէ առիթ բաց չեն թողնում մոլորեցնելու իրանցի պաշտոնյաներին: Իրականությունն այն է, որ ռուս-վրացական պատերազմում (2008 թ.) Ուկրաինայի դեմ պատերազմը, ինչպես նաև ռուսական ուժերի մասնակցությունը 2021 թ. Ղազախստանում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների ճնշմանը փաստում են, որ Ռուսաստանը անտարբեր չի անցնելու «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման փորձերի կողքով: Այն, որ այս միջանցքը, Ադրբեջանի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանի արևմտամետ իշխանությունների վրա 22 ամիս շարունակ գործադրված ռազմական, քաղաքական և անվտանգային ճնշումներով հանդերձ, դեռևս կյանքի չի կոչվել, որոշակիորեն պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշմամբ: Ուկրաինական պատերազմի առաջին օրերին Ռուսաստանի հետ դաշնակիցների հայտարարությանը միանալու Ադրբեջանի նախագահի հապճեպ քայլը վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն չէր ցանկանում, որ Մոսկվայում տպավորություն ստեղծվեր, թե Ադրբեջանը փորձում է նպաստել ՆԱՏՕ-ի ներթափանցմանը տարածաշրջան: Ներկա պահի դրությամբ Ռուսաստանը հաստատված է Ղարաբաղում և ունի տարածաշրջանային իրադարձությունների վրա ազդելու գլխավոր լծակները: Միևնույն ժամանակ Թուրքիայի հետ Սև ծովի իրավական կարգավիճակի, էներգակիրների և առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ ունի վերապահումներ և հենց այդ պատճառով խուսափում է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» շուրջ ավելորդ աղմուկից:
Երկրորդ. «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծումը կնպաստի տարածաշրջանում պանթուրքիզմի կտրուկ հզորացմանը, կհարվածի Հայաստանի տարածքային ամբողջականությանը` վտանգելով այդ երկրի պետականության գոյությունը:
Առ այդ, բոլոր պնդումներով հանդերձ, Հայաստանի որևէ կառավարություն չի կարող ստորագրել նման ստորացուցիչ պայմանագիր և շարունակել գոյատևել: Հենց այդ պատճառով էլ, Հայաստանի համար ենթադրյալ տնտեսական առավելությունների վերաբերյալ Բաքվի և Անկարայի բոլոր պնդումներով հանդերձ, Հայաստանը դիմակայել է բոլոր ճնշումներին և ողջունել Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումը:
Երրորդ. այսպես կոչված Թուրքալեզու երկրների կազմակերպության ամրապնդման փորձերը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» դավադրական ծրագրի մի մասն են: Այդ կազմակերպության նպատակը տարածաշրջանում պանթուրքիստական գաղափարախոսության տարածումն ու Շանհայի համագործակցության կազմակերպության, ինչպես նաև տնտեսական համագործակցության զարգացման «ԷԿՕ» կազմակերպության դիրքերի թուլացումն ու պառակտումն է: Նրանք, ովքեր միտումնավոր կամ ակամա խոսում են Թուրքալեզու երկրների կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով Իրանի անդամակցության անհրաժեշտության մասին` տվյալ կազմակերպության որոշումների վրա ազդելու պարզամիտ հիմնավորմամբ, իրականում գործում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» գաղափարի ամրապնդման ուղղությամբ: Քանի որ անգամ դիտորդի կարգավիճակով Իրանի անդամակցությունը կնպաստի, այսպես կոչված, Թուրքալեզու երկրների կազմակերպության լեգիտիմացմանը այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հաղորդակցվում են թարգմանչի օգնությամբ: Ինչպես, այսպես կոչված, Արաբական ծոցի համագործակցության խորհուրդը չունի օրակարգային առաջնահերթություն Իրանի համար, Թուրքալեզու երկրների խորհուրդը ևս չպետք է ունենա որևէ կարևորություն: Պանթուրքիստների հետ կապված տվյալ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով Իրանի անդամակցության անհրաժեշտության մասին պանթուրքիստական շրջանակների հետ կապված մեդիացանցի պնդումները իրականում նպատակ են հետապնդում ապացուցելու, որ Իրանի ազերիները թյուրքական աշխարհի բաղադրիչ մասնիկն են: Միևնույն ժամանակ չպետք է աչքաթող անել այն իրողությունը, որ, այսպես կոչված, Թուրքալեզու երկրների կազմակերպության բոլոր անդամները անդամակցում են մեկ կամ մի քանի տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է նաև Իրանը: Այնպես որ այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար գործիքակազմի պակաս չի զգացվում:
Չորրորդ. եթե «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման միջոցով Բաքուն, Անկարան և ՆԱՏՕ-ն իսկապես չեն հետապնդում դավադիր նպատակ՝ բռնակցելու Սյունիքը և խզելու Իրան-Հայաստան ցամաքային կապը, այդ դեպքում կարող են օգտագործել Զանգելանի և Նախիջևանի սահմանային կետերից Իրանի տարածքով Հայաստանի հետ կապի հնարավորությունը, որի մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թ. մարտին Թեհրանի և Բաքվի միջև: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրանը համարվել է Ադրբեջանի և Նախիջևանի, Թուրքիայի և Ադրբեջանի կապի հիմնական տարանցիկ, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապի հիմնական ուղին: Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման գործում Իրանը կարող է այժմ նույն առանցքային դերակատարությունն ունենալ իր տարածքով անցնող՝ Զանգելանը Նախիջևանի հետ կապող ճանապարհով: Դրանից բացի՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար կարող է օգտագործել Թովուզի և Ղազախի շրջանները, որոնք ունեն դեպի Երևան և այնտեղից դեպի Նախիջևանի հյուսիս ձգվող ճանապարհներ: Նման այլընտրանքների առկայության պայմաններում Բաքվի և Անկարայի պնդումներն այն մասին, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհը պետք է անցնի բացառապես Սյունիքի տարածքով, ոչ այլ ինչ են, քան «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման փորձ, որը չունի որևէ տարանցիկ և տնտեսական դեր, և որի դերը բացառապես քաղաքական, անվտանգային, ռազմական և աշխարհաքաղաքական է: Բնականաբար, եթե առաջնորդվենք Ադրբեջանի և Թուրքիայի տրամաբանությամբ, Իրանը ևս կարող է պահանջել, որ Ղարասուի շրջանով Երևանի հետ կապվող միջանցք տրամադրվի, որը սահմանային կետից Իրանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև տարածությունը 400 կմ-ից կհասցնի 50 կմ-ի:
«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծման վերաբերյալ Բաքվի և Անկարայի պնդումները ոչ միայն չեն նպաստի դրա ստեղծմանը, այլև ընդհակառակը` ազգայնական գործոնի առկայության պատճառով կնպաստեն տարածաշրջանային խզումների խորացմանը՝ առավել բարդացնելով Ղարաբաղի ապագայի խնդիրը, միաժամանակ նպաստելով Ալիևի վարչակազմի ներսում եղած տարաձայնությունների խորացմանը, ինչպես նաև Ադրբեջանում էթնիկ խզումների ակտիվացմանը: Դրանից բացի՝ այս թեման Թուրքիայում 2023 թ. նախատեսվող ընտրությունների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար վեցյակ կուսակցությունների դաշինքի և քրդերի ու ալավիների դաշինքի դեմ պայքարում կարող է վերածվել աքիլլեսյան գարշապարի:
Թարգմանությունը՝ Իվետ Դանիելյանի