կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 21:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար մահ է, Ռուսաստանի համար՝ դիրքի մեծագույն կորուստ․ Վարդան Հակոբյան

Եթե Ռուսաստանը զգա՝ ուժ ունի, թույլ չի տա «Զանգեզուրի միջանցք»՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, ՀՅԴ անդամ Վարդան Հակոբյանը։

«Դա ճանապարհ է լինելու Միջերկրական ծովից Սև ծովով Կասպից ծովով դեպի Միջին Ասիա, մինչև Չինաստանի թուրքաբնակ շրջանները․ սա Արմուտք-Արևելք գիծն է։ Եվ Ռուսական կայսրությունը և Իրանը մի քանի հարյուր տարի պայքարել են դրա դեմ։ Նրանց էլ հետաքրքրում է Հյուսիս-Հարավ գիծը։ Իրանի համար կարելի է ասել՝ դա մահ է, եթե Թուրքիան կարողանա այդ ճանապարհը հաստատել, Ռուսաստանի համար՝ աշխարհաքաղաքական դիրքի մեծագույն կորուստ»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Բայց սա չի նշանակում, որ ռուսները և իրանցիները պետք է դուրս գան և հայտարարեն, որ դեմ են, ասաց նա, նրանք ինչ-որ ձևով դա արտահայտում են, թուրքերն էլ դա լավ գիտեն, բայց քաղաքականությունը հիմա այնպիսին է, որ հնարավոր չէ բախվել դրան։

«Եթե մեր տարածաշրջանում այն ուժերը, որ ինչ-որ ձևով դերակատար են Ռուսաստանի ու Իրանի համար՝ Վրաստանը և Ադրբեջանը, դեմ չեն թուրքական գծին, նրանց այսօր միանում է նաև Հայաստանը, որպես ի՞նչ կարող են Ռուսաստանը կամ Իրանը դեմ արտահայտվել»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Նա հիշեցնում է, որ ընդամենը 2018 թ-ից առաջ Հայաստանն այս քաղաքականության մաս չէր։

«1998 թ-ից մինչև 2008 թ-ը  Իրանի հետ հարաբերություններն առավել ակտիվ զարգացան։ Զարգացան հարաբերությունները Վրաստանի հետ։ Եվ այդ հարցում դերակատարություն ունի նաև Դաշնակցությունը, որը թե՛ Ռուսաստանում, թե՛ տարբեր երկրներում սիմպոզիումներ էր անցկացնում Հյուսիս-Հարավ գծի վերաբերյալ։ Եվ այդ տարիներին հարաբերություններն իրապես զարգացան թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի և թե՛ Ռուսաստանի հետ։ Բայց այսօրվա Հայաստանը դա արդեն չի կարողանում անել»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Նա փաստեց, որ այսօրվա Հայաստանն արդեն պարտավորված է թուրքերի առջև բացելու այս ճանապարհը, և վերաձևակերպել է իր շահի մասին պատկերացումները։

Ռուսաստանը, դիվանագետի համոզմամբ, Արցախն այլևս չի կարող զիջել, որովհետև փաստացի զիջել է Հայաստանը։

«Եթե ճիշտը խոսենք, փաստորեն, Ռուսաստանն արդեն ինչ-որ չափով զիջել է Հայաստանը, մենք տեսնում ենք, որ քաղաքական ակտիվ զարգացումները Հայաստանը տանում են դեպի Թուրքիա և Ադրբեջան, սա ՀՀՇ-ի հին գիծն է։ Ռուսաստանը, փաստորեն, զոռով մտավ Արցախ՝ նոյեմբերի 8-ին, որովհետև մի քանի անգամ առաջարկեցին, զգուշացրին, բայց նրանց մտքով անգամ չէր անցնում, որ Շուշին էլ են տալու»,-ասաց Վարդան Հակոբյանը։  

Նրա համոզմամբ, Հայաստանի այս իշխանությունների վերջնանպատակը Արցախը լրիվ Ադրբեջանին տալն ու պրծնելն էր, որը չհասցրին անել, որովհետև Ռուսաստանը մտավ Արցախ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․