Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արուս Յումուլ
Բժիշկ Ավետիս Նաքքաշյանն այն անձանցից է, ով անձամբ է ականատես եղել 1915 թ․ ապրիլի 24-ի հայ մտավորականների մահվան ճամփորդությանը։ Քաղաքագետ և սոցիոլոգ, դոկտոր պրոֆեսոր Արուս Յումուլը կազմել է 1925 թ․ Բոստոնում հայերեն հրատարակած Նաքքաշյանի հուշերը։
Բժիշկ Ավետիս Նաքքաշյանը 1925 թ․ գրված իր գիրքը, որում նկարագրում է Այաշ բանտում իր անցկացրած օրերը, սկսում է հետևյալ կանխատեսմամբ. «1915 թ․ ապրիլի 24-ը մնալու է հայոց նորագույն պատմության համար նշանակալից օր»։ Այդ օրը լսվեց «մեծ փոթորկի առաջին որոտը»։ Առավոտյան դեմ, երբ տան դուռը թակում էին, «ո՞վ գիտե որ խեղճ հիվանդն է» մտածելով՝ արագ ներքեւ է իջել։ Եկողը Կոմիտաս վարդապետի օգնականն էր, ով հայտնում է, որ նրան ոստիկանները տարել են։ Քսան րոպե անց գալիս է մեկ ուրիշը և լուր բերում, որ Ժաք Սայաբալյանին էլ են տարել։ Երբ նա դուրս է եկել տնից, բժիշկ Տիգրան Ալլահվերդիի դուստրը, ում հանդիպել է արտասուքն աչքերին, հայտնել է, որ հորը տարել են։ Մինչ փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, հերթը հասնում է իրեն:
Երբ մտնում է բանտ, զարմանում է իր տեսած բազմությունից, որը բազմազանությամբ նման էր մեծ կրոնական տոնական օրը մայր եկեղեցու բակին (Գում Գափուի Մարիամ Աստվածածին եկեղեցու) և Նոյան տապանին: Լրագրողներ, բանաստեղծներ, բժիշկներ, իրավաբաններ, հոգևորականներ, քահանաներ, դերասաններ, առևտրականներ, պանդոկատերեր, հյուրանոցատերեր, հարուստներ, աղքատներ, Օսմանյան խորհրդարանի և Հայոց խորհրդարանի պատգամավորներ, դեղագործներ, մսավաճառներ՝ բոլորը մեկտեղվել էին։ Մինչեւ երեկո բերման ենթարկվածների թիվը հասնում է 220-ի։ Բերման ենթարկված յուրաքանչյուր նոր «հյուրի» ներսում գտնվողները հետաքրքրությամբ հարցնում են, թե ինչ է կատարվում դրսում, քանզի ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Սակայն նոր եկողներն էլ նրանց պես անտեղյակ են լինում իրավիճակից։ Մինչ իրար մեջ քննարկում էին, թե ինչու են այդտեղ, Հարություն Շահրիգյանը հայտնում է ամենահարմար ու համոզիչ բացատրությունը՝ ասելով․ «Անմիտ բանի մեջ իմաստ եք փնտրում»:
Ճամփորդությունը սկսվում է
Ժամը ութին մոտ լսվում է «Բոլորը՝ դո՛ւրս» ձայնը: Բոլորը միասին դռան մոտ են գալիս։ Դռան մոտ կանգնած է լինում Թալեաթի աջ ձեռքը՝ ոստիկանապետ Բեդրին։ Ձեռքին գտնվող թղթից հերթով կարդում է անունները: Նրանք չգիտեն, թե ուր են գնալու, սակայն բանտից դուրս գալը նրանց կյանքում փոփոխություն կբերի, ինչը բավական է բռնավորի համար։ Պահանջում են չորս-չորս շարվել: Շարվում են «դպրոցական երեխաների պես»։ Չորս կողմից շրջապատված զինված զինվորների ուղեկցությամբ Սուլթանահմեդով Սուրբ Սոֆիա տաճար հասնելով՝ մտնում են Գյուլհանեի այգի։ Երբ հասնում են Սարայբուրնու, տեսնում են, որ իրենց սպասում է «Շիրքեթ-ի Հայրիյե» կազմակերպությանը պատկանող լաստանավ։ Հրամայված է լինում ներքև իջնել։ Բոլորին լցնում են ներքևի խցերը: Աստիճանները, դռները ներառյալ՝ ամեն կողմից շրջապատված են լինում զինվորներով։ Հայդարփաշայում իջեցնում են լաստանավից և տեղափոխում կայարան։ Այստեղ ըստ իրենց դիրքի և մասնագիտության՝ բաժանվում են առաջին, երկրորդ և երրորդ կարգի վագոնների։ «Բանտ, գերություն, աքսոր, և ո՞վ գիտի, թե ուրիշ ինչ». մտածում է Նաքքաշյանը, սակայն ըստ դասակարգերի բաժանումը կիրառվում է, այլ կերպ ասած, բեմադրվում է Շահրիկյանի «անմտությունը»: Զինվորական դեղագործ Նարգիլեջյանի վրա համազգեստ կա: Ոստիկանության մի սպա նրան տանում է զուգարան և նրա համազգեստից հանում զինվորական տարբերանշանները։ Նաքքաշյանի տեղը առաջին կարգի վագոնում է: Նույն վագոնում են նստեցնում նաև այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Կոմիտասը, Հովնան և Բալաքյան Վարդապետները, բժիշկ Թորգոմյանը, Տիրան Քելեքյանը, Հարություն Ջանգյուլյանը։
Նոր կանգառը՝ Սինջան
Գնացքը գնում է դեպի Իզմիթ։ Կայարաններում գնացքից իջնելը, առևտուր անելն արգելվում է։ Պատուհանից դուրս նայել համարձակվողներին զինվորը գոռում է՝ «Արգելվա՛ծ է»: Ոչ ոքի մոտ ուտելու բան չկա։ Նաքքաշյանը իր մոտի մի կտոր հաց ու կարագը վագոնում գտնվողներին այնպես է բաժանում, ասես սուրբ փոխատվություն լինի։ Հաջորդ օրը երեկոյան հասնում են Էսքիշեհիր։ Ճանապարհին ոստիկաններին համոզում են ու հաց գնում։ Անհանգստանում էին, թե այդ ընթացքում իրենց ընտանիքներն ինչ էին ուտում կամ էլ բերանները դնելու պատառ ունեի՞ն արդյոք: Գնացքը մոտ երկու ժամ մնում է Էսքիշեհիրի կայարանում։ Գնացքի պատուհանից դուրս նայելիս Նաքքաշյանը դրսից ձայն է լսում, որ իրեն հայերեն կանչում է և հարցնում, թե ինչ-որ բան ուզու՞մ են։ Նա թեյ է խնդրում ու աղաչում, որ Ստամբուլ լուր հասցնեն, թե իրենց Անկարա են տարել։ Թեեւ ոստիկանները չեն ուզում թույլատրել քառորդ ժամից եկող թեյը, նրանց հաջողվում է պատուհանից խլել բաժակները։
Ձերբակալությունից հետո առաջին անգամ է ինչ-որ տաք բան հայտնվում նրանց ստամոքսում։ Կեսգիշերից հետո գնացքը շարժվում է՝ կեսօրին հասնելով Սինջան գյուղ։ Կենտրոնական բանտի վերակացու Իբրահիմը, ով Ստամբուլից սկսած՝ ուղեկցում էր նրանց, ասում է՝ «Բացե՛ք պատուհանները, ում անունները կարդան, թող իջնեն»։ Ընթերցվում է Սիլվո Ռիչչիի (Քրիս Ֆեներջյան), Փայլակի (Ժաք Սայաբալյան), Ակնունու (Խաչատուր Մալումյան), Ռուբեն Զարդարյանի, Մուրադի (Համբարձում Բոյաջյան) և ի թիվս այլոց, Նաքքաշյանի անունները։ Կայարանից դուրս 20 մեքենա նրանց է սպասում։ Յուրաքանչյուր մեքենայի մեջ երեք-չորս հոգի են նստեցնում։ Յուրաքանչյուր վարորդի կողքին նստում է ոստիկան։ Ճանապարհ ընկնելուց առաջ վերջին անգամ նայում են գնացքում գտնվող ընկերներին, ովքեր պատուհանից արցունքոտ աչքերով իրենց են հետևում։
Այաշի բանտը
Նաքքաշյանը ոստիկաններին հարցնում է, թե ու՞ր են տարվում իրենք։ Այս պատասխանն է ստանում․ «Արգելվա՛ծ է»։ Մի քիչ համբերելով՝ որոշում է այս անգամ այլ կերպ փորձել: Վարորդին ու ոստիկաններին մեկական ծխախոտ առաջարկելով՝ նորից տալիս է նույն հարցը: Վարորդից իմանում է, որ Այաշ են տարվում։ Ճանապարհին մի իջևանատնից մեկական կտոր հաց ու մեկական բաժակ թեյ են գնում։ Երեկոյան դեմ Այաշ են հասնում և իջնում զորանոցի դիմաց։ Այստեղ նրանց տեղավորում են 15 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ, պատուհանները երկաթե ձողերով և տախտակներով փակված բանտախցում, որտեղ հատակին նետված մի քանի կտոր հին ծղոտից բացի՝ ոչինչ չի լինում։ Նախ փորձում են բանտախուցը փոշուց ու կեղտից մաքրել: Երբ թույլ չեն տալիս փոշին ու կեղտը դուրս թափել, գետնի փոշին հանելով՝ ցրում են այս ու այն կողմ։ Գալիս է սննդի հարցը լուծելու ժամանակը։ Պահապանները նրանցից յուրաքանչյուրին հացի փոխարեն սևին տվող մոխրագույն խմոր են տալիս։ Ձիթապտուղ են բերում: Հերթը հասնում է ամենադժվար խնդրի լուծմանը: Բանտախցում մահճակալի նմանվող ոչ մի բան չկար: «Եթե 71 բանտարկյալներով փայտի կտորների պես կողք կողքի շարվելով՝ պառկեինք, էլի չէինք կարող տեղավորվել այդ բանտախցում»,- ասում է Նաքքաշյանը։ Ոմանք գիշերն անցկացնում են դռան մոտ կանգնած։ Կողք կողքի պառկածներն էլ չեն կարող շարժվել, քանի որ տեղաշարժվելու տեղ չկա։
Կյանքը բանտախցում
Նրանց օրեկան մեկական հաց են տալիս, բայց այն ուտելու բան չէր։ Հաջորդ օրերին ուտելիք են գնում զորանոցի համար սնունդ բերող գյուղացիներից։ Քաղաքի թուրքերից օրը երկու ղրուշով անկողիններ են վարձում։ Ամենօրյա գործերի համար, ինչպիսիք են կրակ վառելը, ճաշ պատրաստելը, սպասքը լվանալը, 5 հոգուց բաղկացած խմբեր են կազմում: Թույլտվություն են ստանում, որ 1 հոգի 2 զինվորի ուղեկցությամբ գնա շուկա՝ սնունդ գնելու։ Հողից վառարաններ են պատրաստելով՝ աման-չաման են գնում, ու կամաց-կամաց սկսում են «տեղավորվել»։ Բանտարկյալների մեծ մասի մոտ փող չկար։ Կարիքավորներին օգնելու համար հանձնաժողով են ստեղծում: Ամեն շաբաթ բանտարկյալներից հավաքված որոշակի գումար բաժանվում է փող չունեցողներին՝ առանց իրենց ինքնությունը բացահայտելու։ Կամաց-կամաց հարմարվում են բանտային պայմաններին։ Ցրտին, կեղտին, անքնությանը, ոջիլներից վախին, ոստիկանների կոպտությանը մի կերպ դիմանում են, սակայն դժվարությամբ են դիմանում գլխներին գալիքի անորոշությանը։ Ինչո՞ւ էին այստեղ և ի՞նչ էր պատահելու իրենց հետ։ Եթե նրանց հանցանքները հեղափոխական էին, ապա ի՞նչ գործ ունեին նրանց մեջ անկարացի կաթոլիկ Աճեմյանը կամ ոսկերիչների շուկայից ստամբուլցի Տիգրան աղան։ Կարծում էին, թե ձերբակալվածների մեծ մասը մտավորականներ են՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանք գրողներ, ուսուցիչներ, բժիշկներ և իրավաբաններ են, սակայն չէին կարող հասկանալ, թե ինչ են անում իրենց մեջ մսավաճառը կամ սրճարանատերը։ Կարճ ասած՝ «Ի՞նչ մեղադրանքներով, ի՞նչ չափ ու կշռով, ո՞ր օրենքով ենք արժանացել բանտարկման ու աքսորի» հարցերի պատասխանը գտնելու համար «ամեն օր գլուխ էին ջարդում»:
Քանի որ խնդիրը լուծել հնարավոր չէր, աշխատում էին ուտել, խմել, զվարճանալ։ Չնայած իրավիճակի լրջությանն ու վտանգին տեղյակ լինելուն, ցուցաբերում էին «բարոյապես ուրախ հոգեկան վիճակ»: Հաճելի ժամանակ էին անցկացնում: Նարդի են բերում, թուղթ խաղում: Նամակագրության թույտվություն ստանալով՝ թերթ ու գիրք են բերում: Երգում են: Կարճ ասած՝ ձեռքից եկած ամեն ինչ անում են, որպեսզի մոռանան բանտային կյանքի դժվարությունները։ Նրանց մեջ մի հարգարժան մարդ էլ կա, ով ամեն առավոտ երկու ձեռքերը երկու կողմերին խփելով և աքլորի ձայն հանելով՝ արթնացնում է նրանց։ Ամեն առավոտ խինդ ու ծիծաղի մեջ ընթերցվում է Գիգոյի (Գրիգոր Թորոսյան) օրագիրը։ Գիգոն մտածում է իր նոթատետրը, որտեղ գրել էր բանտում կատարվածի մասին, վստահել Նաքքաշյանին, բայց տետրն այնքան արժեքավոր է նրա համար, որ վերջին պահին հրաժարվում է՝ հուսալով, թե մի օր ինքը կհրապարակի։ Ամեն առավոտ Շավարշ Քրիսյանի դասավանդմամբ ֆիզկուլտուրայի դասեր են անցկացվում:
Երկու շաբաթ անց բանտախուց են բերում ևս 12 կալանավոր։ Այլևս անհնար էր տեղավորվել բանտախցում: Կողքի գոմը մաքրում են, քսանն անցնում են «արիստոկրատների բանտախուց»։ Հիմա, երբ երկու բանտախուց կա, բանտարկյալները միմյանց այցի են գնում-գալիս: Տարբեր տեսակետներ ու կարծիքներ ունեցող կալանավորների մեջ բանավեճի պակաս երբեք չի զգացվում։ Բանտախցում ձևավորված է նաև սուրճ-թեյի սենյակ, որպեսզի բանտախուցը ակումբի տեսք ստանա, միայն այն տարբերությամբ, որ բոլորը հատակին են նստած։
Քվեարկություն բանտախցում
Բանտարկյալները կազմակերպչական հարցերի համար որոշում են կայացնում ընդհանուր ժողով գումարել եւ միաձայն ղեկավար են ընտրում Գարեգին Խաժակին։ Խաժակը նստում է նախագահականի աթոռին, այսինքն՝ բենզինի բիդոնին, քննարկում են տարբեր հարցեր, ցանկացողները ձայն են վերցնում, բանտախուցը վերածվում է ներկայացուցիչների պալատի։ Մի պահ մոռանում են, թե որտեղ են գտնվում, որ շրջապատված են սվիններով։ 5 հոգուց կազմված կառավարություն են ընտրում, ներառյալ Նաքքաշյանը, որը կկառավարի բանտը, կհոգա նրա մաքրության ու կարգուկանոնի մասին, կպահպանի հարաբերությունները տեղական իշխանությունների և Ստամբուլի կառավարության հետ, ձևավորվում են նախարարություններ, ինչպիսիք են լվացքի նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և ոջլի նախարարությունը:
Վարչակազմը հեռագիր է գրել Թալեաթ փաշային՝ ասելով. «Մենք անմեղ ենք, խնդրում ենք, որ մեզ հետաքննեն և ազատ արձակեն»։ Երբ տեքստը ներկայացվում է ընդհանուր ժողովի հաստատմանը, «խնդրում ենք» արտահայտությունը հակասությունների տեղիք է տալիս։ «Չենք աղաչում»,- գոռում է մեկը։ «Պահանջում ենք մեր իրավունքը»,- ասում է Սմբատ Բյուրատը։ «Վարչակազմը պետք է տապալվի»,- գոռգոռում է մեկ ուրիշը։ Ի վերջո, լիբերալներից և պահպանողականներից բաղկացած այս վարչակազմը վստահության քվե չի ստանում և ընկնում է, և փոխարենն ընտրվում է լիբերալներից բաղկացած նոր վարչակազմ։ Նոր վարչակազմը հեռագիրը «աղաչում ենք» բառերի փոխարեն ավարտում է «Ապավինում ենք Ձեր վեհանձնությանը» բառերով։ Հեռագրի նպատակին չվնասելու համար որոշվում է, որ հեղափոխական համարվողների փոխարեն այն ստորագրի Նաքքաշյանը, ով հեղափոխական չէր։ Նաքքաշյանը Այաշի կալանավորների անունից ստորագրում է հեռագիրը, սակայն կարծում է, որ զգույշ գործելն ապարդյուն ճիգ է, քանի որ եզրակացրել էր, որ խնդիրը «ոչ միայն քաղաքական ակտիվիստներին կամ հեղափոխականներին է վերաբերում, այլ՝ ամբողջ հայությանը»։ Ի վերջո, իրենք արդյոք չե՞ն դատապարտվել որպես հայ։ Նա բոլոր ջանքերն ապարդյուն է համարում և, ինչպես ինքն էր կանխատեսել, հեռագիրը ոչ մի ազդեցություն չի ունենում։
Վախ, անհանգստություն, հուսահատություն
«Ճգնաժամային օրեր» էլ էին հանդիպում բանտում: Բանտախցում հուսահատություն է տիրում, երբ նրանց է հասնում Փարամազի ու ընկերների՝ կախաղան բարձրացվելու լուրը։ Իմանում են, որ Ստամբուլում և այլ շրջաններում ձերբակալությունների ալիքները շարունակվում են։ Ակնհայտ է, որ հարցը «ազգի լինելիության» մեջ է։ Այդուհանդերձ փորձում են միմյանց մխիթարել փոքրիկ հույսերով, ճակատագրի վրա հույսը դնելով։ Նրանցից ոմանց դատելու համար կարգադրում են տարբեր քաղաքներ տանել։ Մուրադին և Մարզպետին (Հազար Հազարյան) տեղափոխում են Կայսերի (Կեսարիա-Ակունքի խմբ․), իսկ Միհրան Աղաջանյանին՝ Ստամբուլ (Կոստոնդնուպոլիս-Ակունքի խմբ․)։ Երբ Բարսեղ Շահբազին կարգադրում են տանել Խարբերդ՝ դատելու, «արիստոկրատների բանտախցում» հրաժեշտի ընթրիք է կազմակերպվում։ Ուտում են, խմում, կարծես ուրախ են լինում: Հույս են փայփայում այն մտքից, որ իրենց դատարան կտանեն և հնարավորություն կունենան պաշտպանվելու։ Սակայն հոգու խորքում հասկանում են, որ դրանք սին հույսեր են։ Դժվար է դրսի աշխարհից դրական լուր ստանալը։ Երբ Նաքքաշյանը երկու զինվորների հետ իջնում է շուկա՝ առևտուր անելու, քաղաքի թուրք վաճառականից իմանում է, որ Կայսերիում մոտ մեկ շաբաթ է, ինչ ջարդեր ու աքսորներ են տեղի ունենում, որ Մարզվանի հայերը տրանսպորտով տարհանվել են, և որ մեքենաները, որոնցով նրանք տարվել են, երկու ժամ անց դատարկ քաղաք են վերադարձել։ Բժիշկ Նազարեթ Տաղավարյանը, Ակնունին, Խաժակը, Սարգիս Մինասյանը, Ռուբեն Զարդարյանը և Ջանգյուլյանը խորը հուսահատության մեջ են ընկնում, երբ հրամայվում է նրանց ուղարկել Դիարբեքիր՝ դատաքննության։ Քանի որ Ստամբուլում և շրջակա գավառներում դատարանների պակաս չի լինում, ենթադրում են, թե իրենց՝ Դիարբեքիր ուղարկելը պարզապես պատրվակ է։ Այդ գիշեր ոչ ոք չի կարողանում քնել, քանզի գիտակցում են, որ հաջորդ առավոտ ժամը վեցին «մատնվելու են մահվան սառը ձեռքը»: Նաքքաշյանն այդ առավոտը բնորոշում է որպես «բոլոր առավոտներից ամենամահաբերը»: «Մենք գիտեինք, որ այլևս երբեք չենք տեսնելու այս ազնիվ գործիչներին», – ասում է նա: Երբ ոստիկանները գալիս են նրանց տանելու, հավաքվում են բանտի դարպասի մոտ ու արցունքներով հրաժեշտ տալիս։ Մի քանի օր անց Զարդարյանի ուղարկած բացիկից իմանում են, որ երկու օր Անկարայի բանտում մնալուց հետո տարվել են Էսքիշեհիր։ Նրանցից մի քանի օր առաջ էլ Դիարբեքիրի դատարան տարվելիս այդտեղով անցել էին Գրիգոր Զոհրապը և Վարդգես Սերենգուլյանը։ Այս լուրը «ամպրոպի պես է հնչում» նրանց գլխավերևում: Քանզի հերթը մինչև իսկ «մեծն» Զոհրապին և «անպարտելի» Վարդգեսին էր հասել, նույնիսկ համարձակվել էին հարձակվել նրանց վրա։
«Եթե փորձառու, ազդեցիկ և ժողովրդի քվեով ընտրված օրենսդիր պատգամավորները չեն կարողացել պաշտպանվել իրենց դեմ ուղղված այդ մահաբեր ձեռքերից», ուրեմն հուսալու համար պատճառ էլ չի մնում: «Փոքր հույսերը, որոնք մեր մխիթարությունն ու զորավիգն էին, ամբողջովին անհետացան: Կարծես արևը խավարեց, և լուսինը ծածկեց դեմքը»։ Բանտային կյանքը դառնում է անտանելի, քանի որ հույսերը մարում են:
Նույն օրերին Նաքքաշյանը քաղաքում հանդիպում է մարդկանց, ովքեր ոտքից գլուխ զինված էին և մի տեսակ համազգեստ էին հագել։ Նա իմանում է, որ այդ մարդիկ հայերի դեմ կազմավորված ավազակախմբերի անդամներն են։ Անկարացի մի թուրք, ով ուզում է միանալ չեթեին, հարցնում է, թե ո՞ւմ դեմ է ձևավորված այս հրոսակախումբը: «Ում դե՞մ։ Հայերի դեմ»,- անտարբեր պատասխանում է մի մարդ։ Բանտը հսկող վաշտի հրամանատարն էլ գանգատվում է, որ ստիպված է մի կողմ կանգնել ու պաշտպանել բանտը: Նա Նաքքաշյանին հպարտությամբ ասում է, որ այն ավազակներից է, ովքեր Բալկանյան պատերազմների ընթացքում Էդիրնեի (Ադրիանուպոլիս-Ակունքի խմբ․) շրջակայքի 60 գյուղ մաքրել են քրիստոնյաներից։ Իրավիճակի վրա լույս են սփռում հունիսին ստացված նամակների տեղեկությունները և զինվորների պատմությունները։ Բանտարկյալներն արդեն «ամեն օր, ամեն վայրկյան» սպասում են իրենց հերթին։
Նաքքաշյանի ազատ արձակումը
Հուլիսի 2-ի առավոտյան Նաքքաշյանը նոր էր վերադարձել առևտուր անելուց և իր գնածը բաժանում էր համապատասխան խմբերի ներկայացուցիչներին, երբ նկատեցին իրենց մոտեցող սերժանտին, ով ձեռքի հեռագիրը թափահարելով՝ բղավում էր․ «Լավ լուր՝ ձեզ»։ Ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք ձեռքը չէր մեկնում, մինչև սերժանտը հեռագիրը չհանձնեց Նաքքաշյանին։ Նաքքաշյանը չկարողացավ պահել թուղթը, Ժաք Սայաբալյանը վերցրեց նրա ձեռքից ընկած հեռագիրը և կարդաց: Ավագ եղբայրը Նաքքաշյանին հայտնում է, որ Անկարայում նրան ազատ արձակելու հրաման է տրվել։ Նաքքաշյանը միաժամանակ ապրում է երկու հակադիր շատ բուռն հույզեր՝ ուրախություն և թախիծ։ Երջանիկ է, նույնիսկ շատ երջանիկ, քանի որ գիտակցում է, որ այդտեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն իրեն տանում է դեպի մահ։ Տխուր է, որովհետև այդտեղ կթողնի իր ճանաչած, սիրած և հարգած ընկերներին ու բարեկամներին՝ լքելով երեք ամիս իր ընտանի օջախը դարձած այս վայրը։ Նրանց ճակատագրի մասին մտածելը իր ուրախությունը սգի է վերածում։ Իրեն ուրախությամբ հրաժեշտ տված ընկերներին: «Շուտով հերթը ձեզ է հասնելու»,- ասում է նա։ «Մենք էլ կգանք»,- ձայն է տալիս Սայաբալյանը։ Գիգոն ասում է, որ տետրն ինքը կբերի։ Նաքքաշյանը հեռանում է «ուրախության, թախիծի, հույսի և ցավի մեջ»:
Այաշում մնացածների ճակատագիրն ու Մուստաֆա Ռեշադ բեյը
Երբ Նաքքաշյանը բանտից դուրս է եկել, այնտեղ բանտարկված 82 (**) հոգուց 54-ն էին մնացել։ Ոմանք ազատ էին արձակվել, ոմանց տեղափոխել էին տարբեր վայրեր։ Ութ ամիս անց, երբ Այաշից մի հայտնի թուրք եկավ Ստամբուլ, նա գտավ Նաքքաշյանին և պատմեց, որ նրա հեռանալուց հետո իր երեսուն ընկերներին տարել են Անկարա և այնտեղի հայ բնակչության հետ ճանապարհ ընկնելուց մի քանի ժամ անց սպանել են, որ Անկարայից եկած մի կոմիսար մնացած քսանչորս հոգու ձեռքերը կապած՝ տարել է երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Այաշ Բելի, և այնտեղ սպանել։ Կոմիսարը սեփական ատրճանակով կրակել է նրանցից յուրաքանչյուրի գլխին և նրանց վրայից 12 ժամացույց, 150 ոսկի լիրա և զոհերի հագուստները վերցնելով՝ գնացել է: Ժաք Սայաբալյանը, Ներսես Զաքարյանը, Վռամշապուհ Սամուելովը, Արիստակես Գասպարյանը և Սմբատ Բյուրատն էլ են եղել այս վերջին խմբում։ Երբ 1919 թ․ Ստամբուլի քաղաքական ոստիկանության ղեկավար Մուստաֆա Ռեշադ բեյը ձերբակալվեց Մալթա աքսորվելու համար, նա պնդեց, որ ինքն է փրկել նրան (Նաքքաշյանին) Այաշից և կապ հաստատեց Նաքքաշյանի հետ՝ դրա դիմաց իր օգտին ցուցմունք տալու համար։ Նաքքաշյանը մերժել է այս առաջարկը՝ Ռեշադ բեյին ասելով, որ այն, ինչ նա արել է իր համար, կարևոր չէ, քանզի կային մարդիկ, ովքեր իրենից շատ ավելի արժեքավոր էին։
https://www.agos.com.tr/tr/yazi/27009/doktor-avedis-nakkasyanin-ayas-hapishanesi-anilari
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net