կարևոր
2005 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 13:06
Հասարակություն

Օրդուի հայերի հուշերը Ունեցվածքի հարկի մասին

Օրդուի հայերի հուշերը Ունեցվածքի հարկի մասին

Թեև կառավարության կողմից Ունեցվածքի հարկի մասին օրենքի պաշտոնական հիմնավորումը «պատերազմական արտակարգ պայմանների պատճառով ստեղծված բարձր շահութաբերության հարկումն» էր, և այն չէր դրսևորվում որպես որևէ կրոնական կամ էթնիկ խմբի թիրախավորում, ԺՀԿ-ի՝ մամուլի համար փակ ժողովում վարչապետ Շյուքրյու Սարաչօղլուի ընդգծած պատճառները բոլորովին տարբեր էին։ «Այս օրենքը միևնույն ժամանակ հեղափոխական օրենք է։ Մենք կանգնած ենք մեզ տնտեսական անկախություն ընձեռող մի հնարավորության առաջ։ Վերացնելով մեր շուկայում գերիշխող օտարներին՝ թուրքական շուկան կհանձնենք թուրքերի ձեռքը»։

Ովքեր որ կարողացել են 1915-ից հետո Օրդու վերադառնալ, ի վիճակի չէին սգալու իրենց կորուստները։ Սա այն ընթացքն է, երբ դեռ չէին եղել Օրդուից, անգամ Թուրքիայից հեռանալու պատճառ հանդիսացած բախումները: Նախ՝ 1937 թ․ ավերված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, ապա՝ 1942 թ․ Ունեցվածքի հարկը… Մի կողմ թողնենք Օրդուում Ունեցածքի հարկի ընթացքի գրավոր պատմությունը, քանի որ այդպիսին չկա, և չէր էլ կարող պատմվել ու փոխանցվել որպես բանավոր պատմություն։ Դրա պատճառը Օրդուի բարեկեցիկ ընտանիքներն են, որոնք բյուրոկրատիայի օգնությամբ գնեցին իրենց հարեւանների տներն ու խանութները ու շարունակեցին իրենց խարդախությունները, և այն մարդիկ, ովքեր նախընտրեցին վախենալ ու լռել՝ «Ով ինձ չի դիպչում, թող ապրի» մտածելակերպով։

Թեև կառավարության կողմից Ունեցվածքի հարկի մասին օրենքի պաշտոնական հիմնավորումը «պատերազմական արտակարգ պայմանների պատճառով ստեղծված բարձր շահութաբերության հարկումն» էր, և այն չէր դրսևորվում որպես որևէ կրոնական կամ էթնիկ խմբի թիրախավորում, ԺՀԿ-ի՝ մամուլի համար փակ ժողովում վարչապետ Շյուքրյու Սարաչօղլուի ընդգծած պատճառները բոլորովին տարբեր էին։ «Այս օրենքը միևնույն ժամանակ հեղափոխական օրենք է։ Մենք կանգնած ենք մեզ տնտեսական անկախություն ընձեռող մի հնարավորության առաջ։ Վերացնելով մեր շուկայում գերիշխող օտարներին՝ թուրքական շուկան կհանձնենք թուրքերի ձեռքը»։

Թեև միակուսակցական շրջանի քեմալական ազգայնական ըմբռնումն այսօր փոխել է իր չափերը, այնուհանդերձ այն դրսևորվում է ազգային հարցերում և պահպանում է իր դիրքորոշումը: Օրդուի հայերը, որոնց հետ մինչ այժմ զրուցել եմ, այնքան էլ չեն սիրում Իսմեթ փաշային (նկատի ունի Իսմեթ Ինյոնյուին-Ակունքի խմբ Պետք է լավ վերլուծել 1950 թ․ ընտրությունների ժամանակ Օրդուում ապրած հայերի մենդերեսական դիրքորոշումը։ Քանի որ պատմության մեջբերումներ ենք անում, նշենք, որ ավերված հայկական եկեղեցու դիմաց գտնվող հայկական դպրոցի անվանումն այսօր Իսմեթ փաշա է, և թաղամասը պսակվել է դպրոցին հարմար անունով ու վերածվել «Զաֆերի Միլլի» թաղամասի։

Կարդանք՝ ինչ է ասում Օրդուում Ունեցվածքի հարկի շրջանը վերապրած բժիշկ Տիգրան Թորամանը։

«Հարստության հարկի ժամանակ բժիշկ Սեֆեր Ալթանի եղբայրը՝ Իսմայիլ Ալթանը, հավաքագրման պատասխանատուն էր։ Միաժամանակ Օրդուի քաղաքապետարանի գանձապետարանի նախագահն էր: Իսմայիլ Ալթանը հորս անկեղծ ընկերն էր, և ամեն ճաշից հետո գալիս էր խանութ ու սրճում մեզ հետ։ Երբ 1942 թ․ մտցվեց Ունեցվածքի հարկը, պատերազմի ժամանակ խանութում ոչ ապրանք կար, ոչ գույք, ոչ աշխատողներ. մի օր եկավ ու սուրճը խմելիս սկսեց նայել վաճառասեղանի հետևը։ Հայրս հարցրեց՝ «Ի՞նչ ես փնտրում»։ «Բաղնիքի թաս եմ փնտրում»,- ասաց, ու վեր կացավ, գնաց։ 15 օր հետո հորս վրա 15 հազար լիրայի Ունեցվածքի հարկ դրեցին։ Այդ պահին խանութում գտնվող կտորավաճառ Հաջի Գարեգին էֆենդիին նույնպես լուրեր էին հասել, որ նրա վրա 50 հազար լիրայի Ունեցվածքի հարկ են սահմանել։ Քանի որ հայրս 15 օրվա ընթացքում չի կարողացել վճարել՝ տուգանվել է 500 լիրայով, իսկ Գարեգին էֆենդին՝ 5 հազար լիրայով։ Օրդուի հացահատիկի շուկայում, Նեզիրի դիմաց, անկյուն չհասած երեք խանութ կա, հայրս այդ խանութները ջրի գնով վաճառեց Սարը Հաֆիզ անունով մեկին։ Օրդուի քաղաքապետ Իբրահիմ Թյուրքմենն էր՝ Քազըմ Թյուրքմենի հորեղբայրը, նա օգնեց, Օսման աղան օգնեց, հայրս փրկվեց Աշքալե աքսորվելուց։ Այսօրվա պես եմ հիշում՝ գումարը վճարելուց հետո Իսմայիլ Ալթանը եկավ սուրճ խմելու և հորս ասաց. «Ա՛յ գյավուր, պլստացիր մեզնից, չկարողացանք քեզ Աշքալե աքսորել»։ Ուղիղ դեմքին․․․ Այդ վիրավորանքը հայրս մինչիմահ չմոռացավ։

Հաջի Գարեգին Բեյի կտորեղենի խանութը, ապրանքներն ու տունը վաճառվեցին։ Աշքալե գնալուց փրկվեց։ Նրա տունը դեռ կանգուն է։ Այդ տան կառուցման համար հատուկ Ստամբուլից ճարտարապետ բերեց․ շատ հարուստ էր։ Պետրոս անունով որդի ուներ, Օրդուում առաջին մանկական հեծանիվը նա ունեցավ։ Տան ներսում բաղնիք կար, դպրոցների նման դասասենյակ կար։ Ունեցվածքի հարկից հետո տան նոր սեփականատեր Մուստաֆա Ֆուրթունը տան ներսը փչացրեց։ Ջեռուցիչ էր դրել, բայց չէր բռնել, փակել էր պատուհանները, փակել՝ պատշգամբը, տունը՝ ավերել։ Գարեգին բեյը վարձակալել էր նույն թաղամասում՝ Բոզթեփեում, Սուլեյմանի տունը. այնտեղ էլ արեց դստեր հարսանիքը։ Հարսանիքի ժամանակ եկավ մեր խանութ, մեծերի ասած՝ Թեփեյի Բալայում (այսօրվա Յուքարը Թեփե գյուղը) խանութի ետևում գտնվող 300 դյոնում հողատարածքը մաս-մաս կոպեկներով ծախեցին ու մի քիչ էլ ապրեցին։ Այնտեղ գյուղի տները կային, Ալի Ափայդըն անունով պահակ ունեին։ 1940-ականների վերջին Ստամբուլ գնացին։ Երեխաներն էլ ցրիվ եկան աշխարհի չորս կողմը։ Բոլորը մահացել են։ Գարեգին բեյի գերեզմանը գտնվում է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասի բողոքական գերեզմանատանը։

Օրդուի «Emlak Kredi» բանկի տեղում գործարան կար, այրվել է։ Դրա տակ կոշիկ վերանորոգող Խաչիկի տունն էր։ Կինը՝ Մարիամը, չորս երեխաները… Ոտքից հաշմանդամ էր։ Նրա վրա 1000 լիրա Ունեցվածքի հարկ էին սահմանել։ Նա էլ փրկվեց Աշքալե գնալուց, սակայն չկարողացավ Օրդուում մնալ և հետագայում գաղթեց Ստամբուլ։

Թաղամասում քարտաշ Մըկըրը կար։ Մայրը, կին և որդի ուներ։ Մեր տան ճամփին առու կար, մեկ էլ քարե կամուրջ՝ շուկայից 50 մ հեռավորության վրա։ Այդտեղ, մի դատարկ տեղում ցցեր խփեց և ցցերի վրա տուն շինեց, մի կողմից որ նայեիր, տախտակների մյուս կողմը կերևար։ Ունեցվածքի հարկով նրա վրա 500 լիրա է սահմանվել, սակայն նա չի կարողացել վճարել, ուստի առգրավել են տունը։ Տեսել են, որ անկողնու վրա երեխա է պառկած, երկու թաս կա, մի ​​քանի ափսե… Մարդն ասել է. «Պարոն նախագահ, սրա ինչը՞ բռնագանձենք»։ Տնօրենն ասել է. «Ի՞նչ անեմ, տղաս, օրենք է»։ Երեխային անկողնուց իջեցրել են տախտակի վրա, և ինչ ուներ՝ տարել են։

Ունեցվածքի հարկի պատճառով հոր ամբողջ ունեցվածքը կորցրած Հանդան Ճգնավորյանը մոր հետ ապրում էր դերձակ Կարապետ Դերդլյանենց տան դիմաց։ Շատ լավ ուդ էր նվագում։ Երբ պաշտոնական հրավեր էր լինում, համայնքապետարանից մեքենա էր գալիս, Հանդան խանումին տանում․ նա էր պատրաստում բոլոր նախուտեստներն ու ճաշերը։ Մի օր Քամիլ Ֆուրթունի թաղման թափորն անցնում էր թաղամասով, Հանդան խանումը մոտեցավ պատուհանին և աղաղակեց․ «Էն աշխարհում կհանդիպենք, Քամի՛լ»: Մինչեւ այդ՝ առաջին անգամն էր, որ նման բան բարձրաձայն էր ասվում։ Հանդան խանումը ծերանում էր և իր տունը վաճառեց մի թուրքի, ում անունը էական չէ։ Թաղման ծախսերի համար, որպեսզի ոչ ոքի վրա բեռ չլինի, պայմանով, որ տնից դուրս գա մահանալուց, մինչ մահ ապրի այնտեղ։ Մի որոշ ժամանակ հետո նրա դուռը եկան, սկսեցին ասել, թե քանդում ենք, տուն սարքենք, դուրս արի։ Մի առավոտ էլ լսեցինք, թե Հանդան խանումն իրեն կախել է։ Այդ տունը դեռ կանգուն է, մարդը ինսուլտ տարավ, մեռավ, նրա համար էլ լավ չեղավ։ Տեղի ունեցածից հետո մորաքույր Մյուջգանը (Մարգարյան) շատ վախեցավ և թեև նեղության մեջ էր, բայց մինչ մահը չկարողացավ վաճառել իր տունը։ Մորաքույր Մյուջգանը ոչ ոք չուներ։ Նրա մահից հետո Օրդուի հայերի տասնյակ տներ անցան նախ գանձարանին, ապա Օրդուի քաղաքապետարանին»։

Պատմությունը շարունակենք Օրդուում 1935 թ․ ծնված Իմաստ Ժամկոչյանի հետ, ով օրդվեցի հայեր Էդվարդ Մազմանյանի և տիկին Շնորհիկի դուստրն է.

«Հայրս շինարարական բանվոր էր։ Նա Օրդուում աշխատում էր քարտաշ Գրիգոր Քուրթբողանի հետ։ Հորս քեռին էր։ 1942 թ․ Ունեցվածքի հարկով 500 լիրա հարկ էր դրվել, և հայրս չէր կարող վճարել այն։ Թեև այս գումարը մյուսների համեմատ այնքան էլ շատ չէր թվում, սակայն մենք աղքատ էինք և վճարելու հնարավորություն չունեինք։ Եկան մեր տուն և տարան մեր անկողին-վերմակն ու մեր ունեցածը․ հորս էլ աքսորեցին Աշքալե։ Թաղամասում Համամջը Հաֆիզ խանումը կար։ Երեք դուստր ուներ ՝ Շազուման, Թալիյե և Գյուլբին, և մեկ որդի՝ Զիյա անունով։ Նրանց բերած գորգերով ու ծածկոցներով վեց ամիս ապրեցինք։ Այս ընթացքում երբ 500 լիրա կամ ավելի քիչ Ունեցվածքի հարկ ունեցողներին ներեցին՝ մեր գույքը վերադարձվեց։ Չնայած դրան՝ մայրս, եղբայրս, ես ու տատս շարքից դուրս էինք եկել։ Հայրս չորս անգամ գնացել է զինվորական ծառայության՝ «Քսան դասակարգի զորակոչի» կազմում: Հորս հարկադրել էին աշխատել՝ ճանապարհ, կամուրջ, թունել կառուցել… Եղբայրս ի ծնե ականջի հիվանդություն ուներ, մայրս նրան առավ, գնաց Ստամբուլ՝ բուժվելու և մի քիչ ուշքի գալու։ Հայրս էլ, չգիտեմ որերորդ զինվորական ծառայությունն էր, գնաց Ստամբուլ։ Վերջապես, մոտ մեկ տարի անց ես ու տատս էլ Օրդուից եկանք»։

Ահա այն անունները, ում կյանքը գլխիվայր շուռ է եկավ Ունեցվածքի հարկից՝ ոսկերիչ Ուստա Վահան, տպագրիչ Գառնիկ էֆենդի, դերձակ Աշոտ, ճարտարապետ Արմենակ բեյը, ում ձեռագիրը Օրդուի տասնյակ շենքերի վրա են՝ քաղաքացիական ճարտարապետության օրինակներ, որ մինչ օրս պահպանվել են (Գյուղատնտեսական բանկ, Միլլեթ կինոթատրոն, Կենտրոնական ոստիկանության շենք), կարելի է ավելացնել Գրիգոր բեյին, սրճավաճառ Ուստա Մելիքին, Արթին բեյին, Արգենտինայում ապրող Դևեջի ընտանիքին․ ցուցակը շատ երկար է…

Վերջապես, լսենք Ունեցվածքի հարկից փրկված, Սև ծովի, և գուցե Թուրքիայի վերջին պղնձագործներից մեկին՝ օրդվեցի պղնձագործ Հարություն Արթունին ՝ Հովակիմ (Լազյան) Աղայի թոռանն ու պղնձագործ Ուստա Մկրտչի որդուն։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկու ռազմանավ դուրս եկան Սև ծով՝ Քինաթեփեն և Քոջաթեփեն։ Ինչ-որ մեկի գոլորշու խողովակը պայթել է Վոնայի (Փերշեմբե) ափերի մոտ։ Նավը չէր կարող նավարկել, եթե փոթորիկ լիեր՝ ինչ ասես կարող էր պատահել։ Ծովակալը հաղորդագրություն է ուղարկում Օրդուի նահանգապետությանը, որ տեսնի, թե կա որևէ վարպետ, ով կարող է դա նորոգել: Նահանգապետը կանչում է հորս. երկար պատմություն է։ Մասը բերվում է նավից, եռակցումը կատարվում է արհեստանոցում, և մասը հետ է տարվում նավ, խնդիրը լուծվում է։ Ավելի ուշ հայրս ծառայության շնորհակալագիր ստացավ։ Դրա համար ազատվեցինք Ունեցվածքի հարկից»:

https://www.agos.com.tr/tr/yazi/29872/ordulu-ermenilerden-varlik-vergisi-anlatilari

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net