Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարքի նախորդ երեք ակնարկներում անդրադարձել ենք համազգային օրակարգերի խաթարված վիճակին՝ առաջարկելով նորոգել դրանք: Հիշեցնենք մի քանի կարևոր կետեր, որոնց այս հոդվածում խորությամբ չենք անդրադառնա, բայց դրանք ուղիղ կապ ունեն այն ամենի հետ ինչ կփորձեմ այստեղ ասել: Եվ այսպես.
Համազգային օրակարգերի վերականգնման հրամայականը (29 դեկտեմբերի, 2020 թ.)
Հայ ազգը ուներ միասնական գաղափարախոսություն, որը վերնագրված էր՝ Հայաստանի-Արցախ-Սփյուռք: Հայոց ցեղասպանության ճանաչման, թուրքական ժխտողականության քաղաքականության դեմ պայքարը, հայ ազգի իդեալներին հասնելու՝ հողահավաք և հայահավաք նպատակներն իրականացնելու ճանապարհին կարևոր դեր ու նշանակություն ուներ Արցախյան հաղթանակը: Արցախյան հաղթանակը երկրորդ շնչառություն էր տվել համազգային օրակարգերին: Ուստի երբեք չպետք է մեր օրակարգից հանենք Արցախն ամբողջությամբ վերադարձնելու ծրագիրը, ավելին, պետք է այսօր մշակել այդպիսի չափելի ծրագիր և չպետք է նայել այս նպատակի ընդդիմախոսներին: Ուստի երբեք չպետք է թուլացնենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման պահանջը: Հայ ազգի անժամանցելի իրավունքները չեն կարող ոչ մի բանագնացի կողմից դառնալ սակարկման առարկա:
Համազգային օրակարգերի վերականգնման հրամայականը - 2 (5 հունվարի, 2021 թ.)
Պետություններն իրենց ենթակառուցվածքներն ու դրանց գործառույթները պետք է կազմակերպեն այնպես, որ ապրի ազգը, ոչ թե ազգը վերածվի անհայտ հակումներ ունեցող իրարամերժ հասարակության: Պետությունը ընկալվում է Հայրենիք այն դեպքում, երբ այնտեղ ապրող ազգը համարում է, որ դա իր ծննդավայրն է: Հայրենիքը ազգի ծննդավայրն է: Խնդիր ունենք ձևավորել իր երկիրը սիրող, գրագետ, դաստիարակված և ազգային արժեքներ կրող քաղաքացիներ: Եթե չկա նման մեխանիզմ կամ թույլ է, ապա դաշտը լցվում է օտար, արհեստական օրակարգերով: Ուստի պետք է հրաժարվենք մեր ազգային արժեքներին դեմ, ամբողջական ազգ դառնալու, ազգ ունենալու մեր նպատակներին հակադրվող աշխարհաքաղաքացի անդեմ անգույն անհասկանալի դառնալու օտար ծրագրերից: Չի կարող լինել հայ մարդ, որն ազգի ներկայացուցիչ է, ունի հայրենիք, բայց իրեն համարում է աշխարհաքաղաքացի: Այդպիսի մարդկանց չի կարելի թույլ տալ, որ երկիր ղեկավարեն:
Համազգային օրակարգերի հրամայականը - 3 (10 փետրվարի, 2021 թ.)
Ժամանակն է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ ազգը ստեղծի իր տնտեսությունը, ստանա իր օգուտները՝ լինի ՀՀ-ում, թե՝ Սփյուռքում: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության նորոգման համար լավ գործիք է փոխշահավետ տնտեսական մոդելի կիրառումը՝ օգտագործելով դաշնակիցների հնարավորությունները: Ապագա կառավարությունը պետք է մշակի այդ պրոյեկտները, ներգրավի շահագրգիռ մարդկանց՝ ապահովելով շահավետ գործնական միջավայր բոլորի համար: Միասնական տնտեսական համակարգը հնարավորություն կտա ավելի մեծ պրոյեկտներ իրականացնելու: Պետք է համատեղ իրականացնել մասշտաբային փոխշահավետ բիզնես պրոյեկտներ առողջապահության, էնեգետիկ, գիտական, ռազմարդյունաբերության, տրանսպորտային և այլ ոլորտներում բացառապես պետական երաշխիքներով և գործուն մասնակցությամբ:
Ասել է, թե զարգացած, անվտանգ և բարեկեցիկ պետություն:
Արցախահայության իրավունքների իրացումն ու Արցախյան հարցի լուծումը պետք է դառնա հերթական համազգային օրակարգը: Արցախյան հարցի հետ կապված ունենք երկու իրավիճակ, որը պայմանականորեն բաժանված է երկու մասի՝ իրավիճակ մինչ 26 սեպտեմբերի 2020 թվականը և դրանից հետո: Այս երկու իրավիճակներում փոխվել է, թե՛ հայկական կողմի և թե՛ ադրբեջանական կողմի մոտեցումները: Մեր դեպքում փոխվել է նաև նպատակը, ինչն անթույլատրելի է: Նախ պետք է նշել, որ նախորդ շրջանում որդեգրվել էր սկզբունք, այն է՝ ուժի կիրառումը բացառելու սկզբունք: Ամբողջ բանակցությունները հենված էին ուժի չկիրառման վրա: Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքը, հետևաբար նախընթաց շրջանի բանակցությունների սկզբունքներն այլևս չկան: Անհրաժեշտ են նոր բանակցություններ նոր սկզբունքներով:
Իրավիճակ մինչ 26.09.2020 թվականը:
Ադրբեջանը համաձայն չէր 1994 թվականի գրանցած արդյունքից, հետևաբար Թուքիայի հետ փակել էին մեր երկրի հետ սահմաններ, իսկ հռետորաբանությունը հենված էր մի քանի թեզերի վրա, որի վրա կառուցված էր նրանց ամբողջ քաղաքական կուրսը: Այն էր.
- Համաձայն չեն պարտության հետ և փակում են ճանապարհներն ու կոմունիկացիաները,
- Հայաստանին մեղադրում էին, թե, իբր, օկուպացրել է Ադրբեջանի տարածքը,
- 90-ականներից ունեն բազմաթիվ փախստականներ և տեղահանվածներ, աշխարհին ամեն անգամ ասում էին, որ ունեն հաշվառում, թվերին տիրապետում են,
- խոսում էին Արցախը վերադարձնելու մասին և դա անում էին երկու ուղություններով, ներքին և արտաքին լսարանների համար: Ալիևը որտեղ չէր կարողանում ասել թե պատերազմ է սկսելու, խելոքացած ասում էր, թե իբր խաղաղ բանակցությունների կողմակից է:
Մենք ի՞նչ ենք անում 27 սեպտեմբերի 2020 թվականից հետո, համաձա՞յն ենք Արցախից զավթած հողերի կորստի հետ, որ ճանապարհ ենք բացում: Այս հարցը կարծում եմ պատասխան ունի. հայ ազգը՝ ոչ, իշխանությունները՝ այո:
Մինչդեռ հայկական կողմը պետական մակարդակով պետք է որդեգրեր կոնկրետ ուղղություն և Ադրբեջանին պահանջներ ներկայացներ: Հայկական կողմի հռետորաբանությունը պետք է հենված լինի հետևյալ թեզերի վրա.
- Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի և Արցախի տարածքները, հետևաբար ճանապարհները չեն բացվելու,
- ունենք բազմաթիվ տեղահանվածներ և փախստականներ, որոնց հաշվառումը հստակ պետք է վարենք,
- բանակցություններով վերադարձնելու ենք հայապատկան հողերը, իսկ ձախողման դեպքում չենք բացառում օկուպացիայից ազատագրել բոլոր հնարավոր միջոցներով:
Մենք, որպես հայկական կողմ, աշխարհին պետք է ասենք, որ Արցախի հարցի լուծումը տեսնում ենք նոր որակի բանակցությունների իրականացման մեջ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի համաձայն Ադրբեջանի ստանձնած մի շարք պարտավորությունները կատարված չեն: Ինչպես ցանկացած պայմանագիր, որը բաղկացած է մի քանի կետերից, և կետերից թեկուզ մեկը կողմերից որևէ մեկը չի կատարում, ապա պայմանագիրը պետք է ճանաչվի առոչինչ: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առոչինչ պետք է դարձնել և կնքել նորը:
Հարկավոր է նոր որակի բանակցություններ նոր որակի պահանջներով և սկզբունքներով:
Պետք է հասնել նրան, որ.
- Ադրբեջանը պետք է փոխհատուցի Արցախին, չի կարելի երկրի ընդերքն օգտագործել, նավթ արդյունահանել, հարստանալ, զենք առնել և մեր տունը քանդել: Սա պետք է դատապարտվի,
- Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ահաբեկիչների հետ համագործակցելու համար պետք է պատասխանատվություն կրի,
- Ադրբեջանը խաղաղ բնակիչներին սպանելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի,
- Ադրբեջանը ԶԼՄ ներկայացուցիչներին, այդ թվում՝ օտարերկրյա, հրետակոծելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի,
- Ադրբեջանը քիմիական, ֆոսֆորային զենքի կիրառման համար պետք է պատժվի,
- Ադրբեջանը պետք է ռազմական բյուջեն կտրուկ կրճատի,
- Ադրբեջանին պետք է արգելվի զենք զինամթերքի արտադրությունը և ձեռքբերումը։
Ժամանակն է սկսել փոփոխությունները՝ մաքրելով հայ ազգի հարատև ընթացքի խոչընդոտները: Ազգային պետության ստեղծումն այլընտրանք չունի:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ