Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ ինչ-որ մեկը պետությանը հասցրել է 60 մլն դրամի վնաս: Վնասատուի անունն էլ է պարզել, բայց դա այս պարագայում էական չէ: Էականն այն է, որ մարդիկ աշխատում են ընդդեմ գողության եւ կոռուպցիայի: Բռնում էլ են գողության եւ կոռուպցիայի դեմ մեղադրվողներին: Բայց, արի եւ տես, որ, չնայած այս հանգամանքին, հասարակությունը շարունակում է չհավատալ` այս կապակցությամբ անգամ առաջ անցնելով հանրահայտ չհավատացողներ Կոնստանտին Ստանիսլավսկուց եւ Կարեն Կարապետյանից:
Մարդիկ չեն հավատում, որ մարդիկ պայքարում են կոռուպցիայի եւ գողության դեմ, քանի որ մարդիկ չեն կարող լինել առանց կոռուպցիայի եւ գողության: Խնդիրը չափերն են: Օրինակ` 60 մլն դրամը Հայաստանի համար մեծ չափ է, Վրաստանի համար էլ է մեծ չափ, Ամերիկայի համար՝ փոքր չափ,, Քուվեյթի եւ Դուբայի շեյխերի համար՝ գրպանի փող, ընդ որում՝ քեշ: Բայց քանի որ մենք ո\'չ չեխ ենք, ո\'չ էլ` շեյխ, ուրեմն խնդիր ունենք, եւ այդ խնդիրը ոչ թե կոչվում է կոռուպցիա եւ գողություն, այլ կոչվում է անհավատություն: Ցանկացած երկրում կոռուպցիա էլ կա, գողություն էլ կա, բայց ոչ բոլոր երկրներում է, որ մարդիկ չեն հավատում, որ իրենց իշխանությունները դրա դեմ պայքարում են: Այն երկրներում, որտեղ չեն հավատում, խնդիր է` ավելի մեծ, քան կոռուպցիան՝ գումարած գողությունը:
Եվ ուրեմն` կոռուպցիայի դեմ պայքարող պետական հանձնաժողովի կողքին պետք է ստեղծել եւս մի պետական հանձնաժողով, որը կկոչվի համազգային հավատի վերականգնման պետական հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների խնդիրը կլինի մարդկանց հավատի վերականգնումը` ոչ թե առ Եհովան, այլ պետության հանդեպ: Կորել է, ի դեպ, խնդրում եմ ընդունել սա որպես հաղորդագրություն, կորել է ՀՀ քաղաքացու հավատը՝ ՀՀ-ի հանդեպ: Ըստ նախնական վարկածի՝ ՀՀ-ի տարածքում է, արտաքին նկարագիրը՝ ահռելի, ռեկորդային չափի մեծ: Գտնողին խոստանում ենք այնպիսի Հայաստան, որի մասին ինքն է երազում՝ ահռելի, ռեկորդային չափի մեծ, տարածքով չէ. պետությունները մեծ կամ փոքր են լինում ոչ թե տարածքով, այլ սեփական քաղաքացիների հավատով:
Այս առումով` մենք աշխարհում ամենավերջինը չենք, բայց մոտ ենք: Իսկ դուք պայքարում եք կոռուպցիայի եւ գողության դեմ: Գտնում էլ եք կոռուպցիայի եւ գողության մեջ մեղադրվողներին: Ուրեմն գտնել կարողանում եք, ուրեմն հավատը գտեք:
Հովիկ Աֆյան