կարևոր
7681 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-24 19:22
Քաղաքական

Համազգային օրակարգերի վերականգնման հրամայականը (մաս 6)

Համազգային օրակարգերի վերականգնման հրամայականը (մաս 6)

Սիրելի հայրենակիցներ․ նախորդ 5 մասերում անդրադարձել ենք համազգային օրակարգերի վերականգնմանը, մասնավորապես Ազգ-Բանակ և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն օրակարգերին և դրանց վերականգնման անհրաժեշտությանը։ Խոսել ենք նաև նոր համազգային օրակարգերի անհրաժեշտության մասին՝ համատեղ սոցիալ-տնտեսական գաղափարների, համատեղ խոշոր պրոեկտների իրականացման անհրաժեշտության, օրվա անելիքների և առհասարակ մշտական, հարատև անելիքների մասին։ Որքանով է հաջողվել գաղափարները դարձնել առավել մեծ լսարանի սեփականությունը և որքանով չի հաջողվել, այլ հարց է, բայց որ կարևոր է ցանկացած միտք, գաղափար, տեսակետ, սրանում կասկած չունեմ։ Եթե մի գաղափար այսօր չի տեղավորվում առկա իրողությունների մեջ, ապա դա չի նշանակում, որ չի գալու դրա արդիական լինելու հանգրվանը և չի դառնալու առաջնային։ Այնպես, որ պետք է հավաքագրել հայ ազգի միտքը, մոտեցումները, նշել շփման եզերեն ու համադրումները։ Ցաք ու ցրիվ ապրել չի կարելի։

Ինչևէ․ յուրաքանչյուր պետություն և հասարակություն ունեն փոխադարձ պարտականություններ և իրավունքներ։ Դրանց իրականացումն ու փոխգործակցությունը պետք է բացառապես նպաստի պետության ուժեղացմանը և հասարակական բարեկեցության բարձրացմանը։ Հաճախ մենք հանդիպում ենք, որ թե իրական պարտականություններին և/կամ իրավունքներին, այլ դրանց իմիտացիային։ Այսօր բազմաթիվ պարտականություն ունեցող այս իշխանություններից շատ չենք խոսի։ Անիմաստ է խոսել մի բանից, որն ամեն օր ձախողվում է, որը ֆորմալ կա, բայց բովանդակությամբ չկա։ Այսօր կխոսենք հասարակությանը պարտադրվող իրավունքներից և պարտականություններից և իրական անելիքներից։

21-րդ դարում մոդա է խոսել իրավունքներից և դրանց պաշտպանությունից։ Իսկ եթե դա բնորոշենք 21-րդ դարի լեքսիկոնով, ապա դա մոդա չի, այլ թրենդ։ Այսօրինակ թրենդները իրենց մեջ ունեն օտարերկրյա ֆինանսական հոսքեր, ձևակերպված նպատակներ և կառուցվածքային մոդելեր։ Վերջին տարիներին օտարերկրյա խոշոր խաղացողները Հայաստանում ներկայանում էին տարատեսակ հասարակական կազմակերպուներերի և նախաձեռնությունների միջոցով։ Փնտրել և գտել էին իրենց շահառուներին, նրանց ովքեր իդեալական կիրականացնեին իրենց առաջ դրված ծրագրերը։ Այս հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները սկսեցին տարբեր ծրագերի միջոցով ՀՀ բերել օրակարգեր, որոնք կապ չունեին հայ ազգի հավաքական արժեընկալման և դրսևորման հետ։ Ստեղծվեցին բաժանարարներ, իբր պայքարում են սևազգեստ մայրերի իրավունքների համար, կանանց իրավունքներին, երեխաների իրավունքների, ուսանողների իրավունքների, թոշակառուների իրավունքներին, զինծառայողների իրավունքների և այլ նմանատիպ սոցիալական խմբերի իրավունքների համար։ Կուռ ու միասնական հասարակություն ունենալու գաղափարները մղվեցին ետին պլան և առաջ եկան հասարակության մեջ բաժանարարներ սերմանող, սոցիալական խմբերի բաժանող գաղափարները։ Պետությունն ուներ և ֆորմալ առումով հիմա էլ ունի բոլոր այն մարմինները, որոնք պետք է հավաքագրեին այս սեգմենտների խնդիրները և տային համապարփակ լուծումներ։ Պետական մարմինների կողքին ստեղծվեցին նրանց զուգահեռ, օտարերկրյա փողերով սնվող կառույցներ,և պետական իստիտուտների դեմ գործող հասարակական մարմիններ և առաջ տարան խտացված գույներով խնդիրները, մեծամասամբ առանց լուծումներ ունենալու և զուրկ առաջարկություններից։ Հասկանում եմ, որ սա կարդացողներից շատերի գլխում ծնվում են մասնավոր դեպքեր և ակամայից փորձելու են ընդդիմանալ՝ փորձելով տեղավորել հասակական կազմակերպությունների հակառակ ճամբարում։ Բայց խորքում՝ հավաքական իմաստով, սա իրողություն է և կարմիր թելի նման անցնում է նորանկախ Հայաստանի տարիների միջով։ Երբ հասակական կազմակերպությունը ունի օտարերկրյա ֆինանսավորման աղբյուր և անվերապահ կատարում է պատվիրատուի կողմից պարտադրված ծրագիրը, ապա այդ հասարակական կազմակերպությունը պետք է որակվի որպես օտարերկրյա գործակալ։ Ավելին, եթե կայք ունի, ապա պետք է առաջին էջում նշվի այդ մասին, երբ որևէ նմանատիպ գործակալ հանդես է գալիս մամլո ասուլիսով կամ տալիս է հարցազրույց, ապա տիտրերում պետք է գրվի օտարերկրյա գործակալ կազմակերպության ներկայացուցիչ։ Այսպիսի նշումներ կարող են չարվել, երբ ֆինանսավորման կեսից ավելին ներհայաստանյան աղբյուրներն են (կեսից ավելի եզրույթը օրինակ է և կարող է քննարկվել)։

Մեր հասարակությանը պարտադրվեց այս օրակարգերը՝ իբր պաշտպանել այս կամ այն սոցիալական շերտի իրավունքների պաշտպանությունը։ Դա ոչ միայն պարտադրվեց, այլ զուգահեռ համեմվեց պետական ինստիտուտների դերի փոշիացմամբ։ Այսօր ունենք բազմաթիվ օրինակներ՝ սահմանամերձ բնակավայրերում երեխաների կյանքի իրավունքների դեմ թշնամական գործողություններ, կանանց իրավունքների ոտնահարման դեպքեր՝ երբ թշնամին մասնատում է զոհված հայ կնոջ մարմինը, խոշտանգում տարեց մարդկանց, խոշտանգում գերևարված զինծառայողի, ոստիկանները բռնություն կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և այլն, բայց որևէ ծպտուն դուրս չի գալիս ՀՀ-ում ծվարած, օտարերկրյա փողերով սնվող այդ հասարակական կազմակերպությունների կողմից։ Ստացվում է, որ ֆինանսավորումն ու պատվերը եղել և մնում է մեկ ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների դեմ։

Փոխվեցին ժամանակները, իսկ վերոնշյալ կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակիցները ներթափանցեցին պետական ապարատ ու Հայոց պետական ինստիտուտների դեմ կիրառվող գործողությունները տեղափոխվեցին ավելի լայն հնարավորությունների հարթակ։

Լայն հնարավորությունների հարթակից մասնակի դուրս մնացին ազգային ուժերն ու ազգային մտածողությունը։ Հայաստանը հայտնվեց էթնոմշակութային անկախության կործանման եզրին։ Երբ ազգային մտածողությունը իր տեղը զիջում է օտար թրենդներին կամ նույնիսկ ընկալման տեսանկյունից հավասարվում են իրար, ապա կնաշանկի ազգային մտածողությունը պարտվում է։ Էթնոմշակութային անկախության կորուստը անխուսափելիորեն բերում է պետության անկախության կորստի։Սա շատ լավ հասկանում են, թե՛ ազգային, թե՛ ապազգային, գլոբալիզացիայի զոհ գնացած մարդիկ։

Մեր հասարակությունը ինքը պետք է իր միջից ծնի քաղաքացիական հասարակություն ասվածը, ինքը պետք է ինքանկազմակերպմամբ վեր հանի խնդիրներն ու կանգնի պետության կողքին, ինքը պիտի դառնա դրա ֆինանսավորման աղբյուրը։ Մեզ օտարները ապրել սովորեցնել չեն կարող և իրավունք չունեն։Հայ հասարակությունը պետք է ինստիտուցիոնալ հասարակություն դառնա և այդ մշակույթը կարող է ներդրվել միայն պետության կողմից։Հասարակություն-պետություն հարաբերությունների ներդաշնակումն իր հետևից բերելու է համերաշխության միջավայրի ստեղծման հնարավորություն։ Սա արդեն հաջորդ իշխանությունների անելիքն է և հանջորդ իշխանություններին ձևավորելու հանրային չափորոշիչը։

Հասել ենք մի հանգրվանի, որ ազգային ուժերն ունեն պարտականություններ, որոնք պետք է իրականացնեն ըստ առաջնահերթությունների, պարտականություններ, որոնք այս պահին ավելի կարևոր են քան իրավունքները, քանի որ պետք է զրկել ապազգային ուժերին իրենց իրավունքներից։ Հաջորդ քայլը պետք է դառնա յուրաքանչյուրին սովորեցնել մի պարզ, բայց ճշգրիտ ապրելու բանաձևին՝պատշաճ կատարիր պարտականություններդ, որ վաստակես իրավունքներ։ Ազգային ուժերի կոնսլիդացիան և խորքային պետության ստեղծման ծրագրերն այլընտրանք չունեն։ Յուրաքանչյուր մարդ պետք է սովորի և ապրի պարտականությունների ճշգրիտ և ժամանակին կատարելու ներքին պահանջով։ Պետական պաշտոնյա դառնալու չափորոշիչների սահմանումը, կանսագրական հետագիծն ու հայ ազգի հավաքական նպատակներին ձգտումները պետք է դարձնել առաջնային։ Մարդիկ ովքեր առաջատար մասնագետի պարզ քննություն հանձնելու ունակ չեն, պետական ապարատում դարձել են բարձր հանգամանք ունեցողներ և որոշողներ։

Երբ պետության կառավարման մեջ մեծամասնություն կազմի ազգային մտածողությունը, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ապրել և գործունեություն ծավալել ազգային դաշտում։ Ամեն հայի մեջ ապրում է ազգային ընկալումը, որոշ դեպքերում դա գտնվում է սոցիալական ծանր շերտի տակ։ Ցանկացած իշխանություն պարտականություն ունի առաջին հերթին մաշեցնել սոցիալական ծանրության շերտն ու միաժամանակ առաջ մղել ազգային օրակարգերը։Քաղաքական իշխանություններն են բերում քաղաքական մշակույթ և այդ մշակույթ է ցույց տալիս, թե որքան է ազգային չափաբաժինը այդ քաղաքական միավորում։

Իշխանությունները կգան կգնան, երկիրն ու ազգն է ափսոս։

 

ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյան