կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 17:01
Հասարակություն

Համազգային օրակարգերի հրամայականը-3

Համազգային օրակարգերի հրամայականը-3

Պատերազմի ժամանակավոր դադարից հետո կյանքը ոչ մի կերպ չի հունավորվում: Տարածքների կորստի մտքի հետ անհաշտ մարդիկ լուծումների փնտրտուքների մեջ են: Տարածքների կորստից զատ, մեծ վերք է տղերքի կորուստը, մի ամբողջ սերունդ՝ 2000-ականների, անկախության սերունդ, կայունացող Հայաստանում ծնված, մութ ու ցուրտ չտեսած, պատերազմ ու երկրաշարժի մասին ավագներից լսած մի ամբողջ սերունդ կռվեց և հաղթեց, իսկ հաղթանակը նրանից խլեցին սխալ դիվանագիտությամբ, դավադրաբար, թշնամաբար: «Մատով ցույց տալու տղերք են»,- ասում են իրենց աչքով տեսածները: Այո՛, մեր կողքին էլ կան, ու փառք Աստծո, որ կան, նրանց հետևից գալիս են նորերը, նորից են գալու, անվերջ են գալու: Տարածքների կորստի հետ կանգնել ենք նաև հումանիտար աղետին լուծում տալու փնտրտուքների առաջ՝ զոհվածների մարմինների և գերեվարվածների վերադարձ:

Պատերազմից հետո կյանքը չի կարող հունավորվել, օտարածին արգելքներ կան: Փոփոխություններ են պետք: Փոփոխություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է միտված լինեն կոնկրետ ուղղությունների՝ պետականության ուժեղացմանը, ներազգային համերաշխությանը և համազգային նպատակների վերադարձին:

Փոփոխություններ կլինեն միայն մեկ դեպքում՝ Ազգային ռազմավարության առկայության պարագայում: Կան ցաքուցրիվ բազմաթիվ ծրագրեր, կան միտք գեներացնելու, գործնականում այն կիրառելու ունակ մարդիկ: Ռեսուրս կա, ուշքի գալ է պետք, կամք է պետք, տեղն ավելի շատ իմացողին զիջելու գիտակցություն է պետք: Չի կարող Հայաստանն ավարտվել այս սերնդով, ընդհակառակը՝ այս սերունդը պատասխանատու է իր ժառանգության տեսակի, քանակի և որակի համար:

Մենք՝ դաշնակցականներս, կարևորում ենք նման ծրագրերի իրականացումը, այն ծրագրերի, որոնցում կարմիր թելով անցնում են մի քանի առանցքային հարցեր՝ հայահավաք և հողահավաք գաղափարաբանությունն ու արդարության հաստատումը: Դրանով է պայմանավորված, որ դաշնակցականներն անհաշտ են Արցախ Հանրապետության զգալի մասի կորստի հետ: Դաշնակցությունն անգնահատելի դեր է ունեցել Արցախ աշխարհի ազատագրման գործում, տվել իր ընկերների կյանքը, տարիներն ու առողջությունը, նպատակներն ու երազանքները: Բոլորը գիտեն, թե ինչ է Դաշնակցության համար Արցախը, ինչ արժեք ունի, ինչ գին է վճարել հայ ժողովուրդը ազատագրման ճանապարհին: Դաշնակցությունը Արցախի հարցում որևէ զիջում գնահատել է որպես կարմիր գիծ, այո՛, Արցախը կարմիր գիծ է: Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը բացառություն չէր: Կարմիր գիծ է, գնաց, պահեց իրեն վստահված դիրքերը, կռվեց, զոհեր տվեց, չնահանջեց, դեռ մի բան էլ մասնակցեց շատ կարևոր բարձունքի ազատագրմանը՝ նոր զոհերի, նոր զրկանքների, թափված արյան գնով:

Ընդունելի՞ է ՀՅԴ-ի նկատմամբ վերաբերմունքը հասարակության տարբեր շերտերի կողմից, մի մեծ մասի համար վստահաբար ընդունելի է, բայց սա չէ հարցը, այլ այն, որ բոլորը գիտեն թե ինչ է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը Դաշնակցության համար: Իսկ թե ինչպիսի՞ լուծումներ ունի սոցիալ-տնտեսական խնդիրներին, գիտեն ոչ բավարար թվով մեր հայրենակիցներ: Ուստի ժամանակն է, որ Դաշնակցությունն իր լուծումները հրապարակայնացնի, դարձնի հանրության սեփականությունը, տա ծրագրային ընտրության հնարավորություն: Ի վերջո, բոլոր լուծումները քաղաքական են:

Հայաստանում կյանքի որակը փոխել է պետք, և դրա համար հարկավոր է վերականգնել քայքայված տնտեսությունը՝ ձգել գոտիները, փոխել ռեսուրսների կառավարման տրամաբանությունը և շարժվել առաջ: Տնտեսական խնդիրներ միշտ եղել են, միշտ լինելու են, աշխարհն առաջ է շարժվում, մենք մեր ճանապարհը պիտի գտնենք: Մենք տեղում դոփում էինք, եթե գոնե հիմա էլ տեղում դոփելիս լինեինք, մեկնարկն ավելի հեշտ կլիներ, բայց հիմա ետ ենք գնացել, շատ ենք հեռացել, օր օրի հեռանում ենք:

Հայոց երկրի սահմանների ամրության թիվ մեկ երաշխիքը սրբության սրբոց հայկական բանակն է: Հզոր բանակ ունենալու համար պետք է արդար Հայաստան, կազմակերպված թիկունք, ուժեղ տնտեսություն: Ուժեղ տնտեսությունը պետության մյուս հենասյունն է, որը սոցիալական համերաշխության, սոցիալական պատասխանատվության և արդարության հաստատման կարևոր ֆունկցիա ունի: Սոցիալական բեռը նստած է հայ մարդու ազգային ոգու վրա: Որքան շուտ մաշվի այդ բեռը, այնքան արագ հայ մարդն ի ցույց կդնի իր մարտական, ազգային ոգին:

Արձանագրենք՝ կա ճշգրտված թիրախ՝ սոցալ-տնտեսական առաջանցիկ լուծումները, այն է՝ վերցնել հայ մարդու վրայից սոցիալական ծանր բեռը:

Սոցիալ-տնտեսական ոլորտում վարվող քաղաքականությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության օրակարգում է: Դա էր պատճառը, որ որոշվեց քննարկումները տեղափոխել ծրագրային և քաղաքական դաշտ: Գնահատելով առկա վիճակը՝ հրապարակ իջավ մի հայեցակարգ, որը ծնվել էր բազմաթիվ մասնագիտական քննարկումների արդյունքում՝ ճշգրտված ծրագրային գերնպատակադրումներով:

Դաշնակցությունը 2018 թվականին սեղանին դրեց «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներ» նախագիծը: Փաստաթուղթը նպատակ ունի դառնալու հանրության սեփականությունը, ապահովելու զարգացումը դեպի ծով ելք չունեցող և շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության համար: Նախանշված են հանրային կյանքին վերաբերող ոլորտները, իներցիան փոխարինվում է առաջանցիկ աճով՝ զուգահեռաբար սոցիալական արդարության և ներառականության ու կայուն տնտեսական զարգացման անհրաժեշտությամբ: Այս մոդելի շահառուն բոլորն են՝ անկախ քաղաքական հայացքներից:

Ստեղծված ցանկացած ծրագիր խնդիրներ ունի, բացառություն չեն նաև այս հիմնադրույթները: Այս փաստաթուղթը անհրաժեշտ չափով քննարկման տարածք չմտավ, չկար տարբերվող երկրորդը, չկար այլ առաջարկ, հետևաբար՝ չեղավ բանավեճ: Սա Դաշնակցության մշակումն է, ազգային սոցիալական պետության ստեղծման տեսլականը, ճանապարհ, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Մյուս կուսակցությունները նույնպես պետք է սեղանին դնեն իրենց մշակումները, հակառակ պարագայում տնտեսության վարման մոդելի շուրջ բանավեճ չի առաջանա՝ իր տեղը զիջելով պոպուլիստական անարդյունավետ հրապարակումներին:

Ժամանակն է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ ազգը ստեղծի իր տնտեսությունը, ստանա իր օգուտները՝ լինի ՀՀ-ում, թե՝ Սփյուռքում: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության նորոգման համար լավ գործիք է փոխշահավետ տնտեսական մոդելի կիրառումը՝ օգտագործելով դաշնակիցների հնարավորությունները: Ապագա կառավարությունը պետք է մշակի այդ պրոյեկտները, ներգրավի շահագրգիռ մարդկանց՝ ապահովելով շահավետ գործնական միջավայր բոլորի համար: Միասնական տնտեսական համակարգը հնարավորություն կտա ավելի մեծ պրոյեկտներ իրականացնելու: Հայաստանը բոլորիս հայրենիքն է, հետևաբար՝ նրա ապագան, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է հուզեն բոլորին: Պետք է վերանայել ամբողջ իրավական բազան, տրամաբանությունն ուղղել դեպի ներհայաստանյան, տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության կացութաձևի մեր մոդելի առաջ մղմանը: Դրա գերնպատակը հայ մարդու համար իր երկրում հաճույքով ապրելու հնարավորության ստեղծումն է:

Վերականգնենք մեր հայրենիքի տնտեսությունը միասին, գնահատենք ինքներս մեզ, հավաքենք մեր ուժերն ու ճիգ գործադրենք:

 

ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյան
10.02.2021թ.