Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք անչափելի կորուստներով ենք փակում այս տարին: Մենք կորցրել ենք կյանքեր, կորցրել ենք թե՛ կորոնավիրուսի հետևանքով, թե՛ պատերազմի: Տարին ողբերգական ընթացք և ելք ունեցավ: Սրտի կսկիծով սպասում ենք մեր գերեվարված եղբայրներին: Չունենք հստակ տեղեկություն անհետ կորածների ճակատագրի մասին: Չգիտենք, թե որքան զոհ ունենք, որքան գերեվարված և անհետ կորած զինվոր ունենք: Չգիտենք, թե կա՞, արդյոք, որևէ մարմին, որն ունի հաշվառում, ցուցակներ, տղերքի ընտանիքի անդամներին հերթական հարվածները չհասցնելու համար մի կոնկրետ բառ, մի կոնկրետ խոսք ասելու համար: Կորուստներն անչափելի և անգնահատելի են, որովհետև պատասխանատու հանգամանքներ զբաղեցնողները չէին հասկանում և հիմա էլ չեն հասկանում՝ ինչը ինչպես եղավ:
Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ չեն կարողանում ընդունել սեփական սխալները, չեն հասկանում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում դրսևորեցին տոտալ անգրագիտություն, թուլացրեցին մարդկանց զգոնությունը ամենաբարձր մակարդակով, անլրջացրեցին ամեն ինչ, արդյունքում՝ ունեցանք բազմաթիվ հիվանդներ և մահեր: Երբ կորոնավիրուսից մահացողների թվաքանակը գերազանցեց երկու-երեք հարյուրը, սկսվեց մի խայտառակ վիճակ, երբ դիահերձարաններում սկսվեց շփոթ՝ մեկի դին տվեցին մեկ ուրիշին, մյուսին գրանցեցին մահացած, բայց ողջ էր: Լուրերն արագ տարածվեցին համացանցով և լրատվականներով: Կորոնավիրուսը ամբողջ աշխարհի գլխին պատուհաս էր դարձել, քայքայվում էին պետությունների տնտեսությունները, իսկ ՀՀ վարչապետի աթոռը մաշող Նիկոլ Փաշինյանը մեծ հնարավորություն էր տեսնում, նա կարծում էր, որ ամեն ինչ կքանդվի, և դա լավ է: Կլինի շինհրապարակ, որտեղ կկառուցվի, թե ի՞նչ, ոչ ոք չգիտեր:
Սարսափում էի, երբ մտածում էի՝ բա որ պատերազմ լինի, ի՞նչ կլինի: Պատերազմ եղավ, ամբողջ ընթացքը նույնպես անցավ տոտալ անգրագիտության դրսևորման մեջ: Բոլորը իրար համոզում էին, որ՝ հեսա, ուր որ է՝ մտնում ենք Գետաշեն, նահանջները տակտիկական են, հաղթելու ենք, հետո հաղթում ենք, եղան մարդիկ, որոնք արդեն գոռում էին՝ հաղթել ենք, քանի որ Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմել և նկարվել: Անլրջացավ ամեն ինչ, որն էլ ավարտվեց հայ ազգից գաղտնի ստորագրված դավաճանական կապիտուլյացիոն ակտով: Անհայտ հանգամանքներում հեռացան ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը, ինձ գոնե անհայտ, ոչ ոք ոչինչ չասաց, հիմա էլ չեն ասում, ոչ ոք չի խոսում: Մինչդեռ ասելիք շատ ունեին, պետք է խոսեին և կխոսեն:
Նոր ԱԳ նախարարն էլ իր հերթին հայտարարեց, որ հայ դիվանագիտությունը չի պարտվել, պարտվել է բանակը: Նա չհասկացավ՝ եթե խոսում են թնդանոթները, ապա պարտված է դիվանագիտությունը: Նա չհասկացավ, որ, ըստ վերջին օրերի քարտեզների, հստակ է, թե որքան տարածքի էր տիրապետում բանակը, որքան մնաց այս մարդկանց դիվանագիտության պատճառով: Ինչևէ, կարծում եմ՝ սրանք դեռ կքննարկվեն, և կտրվեն պատասխաններ:
Պատերազմում մենք ճիշտ էինք՝ հարձակվել էին մեր վրա, հարձակվել էին վարձկան ահաբեկիչներով և ֆոսֆորային ու կասետային արգելված զենքերով, բայց պարտվեցինք, և չկար ոչ մեկը մեր կողքին, չկային հարևան-բարեկամ պետությունները՝ Իրանը, ՌԴ-ն, Վրաստանը: Նրանց հետ իշխանությունները չկարողացան աշխատել, չստացվեց, չուզեցին, կորցրել էին իրականության զգացումը: Հետաքրքիր է՝ ի՞նչ էր մտածում Նիկոլ Փաշինյանը, երբ Գեղարքունիքի լեռներից լայվով հանդարտության կոչ էր անում Իրանին և ԱՄՆ-ին: Հետո ճշտո՞ւմ էր, թե ինչ ազդեցություն ուներ այդ կոչը: Հասկանո՞ւմ էր, որ հարևանների հետ ճիշտ հարևանություն անելու, բարեկամների հետ ճիշտ բարեկամություն անելու համար միայն հարևան-բարեկամ վերաբերմունք պահանջելը բավարար չէ, դու էլ պետք է լինես լավ հարևան-բարեկամ: Արդյո՞ք ճիշտ էր այն բառապաշարը, որն օգտագործվում էր միջազգային շփումներում: Ո՞ւմ էր հետաքրքիր, թե ինչպես էր նա եկել իշխանության, կամ ինչո՞ւ էր որոշել, որ դա պետք է «ծախել» միջազգային հանրության վրա: Նիկոլը երբ դիվանագետներին հավաքել էր, իր ճառը կառուցում էր իշխանափոխության թեզի վրա և նոր որակի խնդիր էր դնում դեսպանների առաջ, հասկանո՞ւմ էր, որ դա ոչինչ է աշխարհի համար:
Ոչինչ պատահական չէր, պատահական չէր, որ լուծարվեց «Կրթության ազգային ինստիտուտ» պետական ընկերությունը, հետո ի հայտ եկան ապազգային հայեցակարգեր, հետո պարզվեց, որ թուրքական չափորոշիչները ներխուժել էին այդ հայեցակարգեր, հարվածի տակ էր այն ամենը, ինչ հայկական էր:
Ունենք մի վիճակ, որից ելքերը կենսական կարևորություն ունեն
Կորուստներ ունեցանք տարածքային, հանձնվեց Արցախի զգալի մասը, կորցրեցինք հայրենիք, կորցնում ենք համայնքներ ՀՀ տարածքից՝ չգիտեմ թե ո՞ր թվականի քարտեզներով, ՀՀ ո՞ր իրավական կարգավորումներով են սահմանային ճշգրտումներն անում արևմտյան մի մասնավոր կազմակերպության GPS համակարգերով: Սահմանազատման մասին երկար կարելի է գրել, թե սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան ինպես է կատարվում, որքան ժամանակ է անհրաժեշտ, և ովքեր են պատասխանատու, ինչպիսի հանձնաժողովներ պետք է կազմվեն և այլն: Մեր համայնքները կարծես թե անտեր-անտիրական են, չկան պետական ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեն, չկա կյանքի կոչված մասնագիտական մարմին, իսկ այս իշխանությունները ապրիլին լուծարեցին նաև «Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ-ը, որը կարող էր հսկա աշխատանք կատարել:
Կորուստներ ունեցանք ազգային միասնական գաղափարաբանական տեսանկյունից, սա հիմա միանգամից չի երևում, բայց ուզենք, թե ոչ, այս կորուստը զգացնել է տալու: Հայ ազգը ուներ միասնական գաղափարախոսություն, որը վերնագրված էր՝ Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք: Մենք՝ իբրև ազգ, ունենք խնդիր, անելիք, համատեղ գործ, որի շուրջը հավաքված էինք, դա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման հարցն է: Ի դեպ, այս զգայուն և համահայկական հարցը նույնպես թիրախավորվեց իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, իսկ ամենացավալին՝ որ պահանջատիրությունից սկսեց հրաժարվել Ցեղասպանության թանգարանի ղեկավարությունը՝ մի քանի ժամվա մեջ հասարակական ճնշմամբ փոփոխության ենթարկելով կոչերը: Հայոց ցեղասպանության ճանաչման, թուրքական ժխտողականության քաղաքականության դեմ պայքարը, հայ ազգի իդեալներին հասնելու՝ հողահավաք և հայահավաք նպատակներն իրականացնելու ճանապարհին կարևոր դեր ու նշանակություն ուներ Արցախյան հաղթանակը: Արցախյան հաղթանակը երկրորդ շնչառություն էր տվել համազգային օրակարգերին: Այսօր դավաճանաբար լուրջ հարվածներ են հասցվել նաև համազգային օրակարգերին: Այստեղ լուրջ կորուստ ունենք: Շատ արագ հայ մարդը ապագայի նկատմամբ պետք է լցվի հույսով, առողջացնի համազգային օրակարգը, ուղղի մեջքը և առաջ նայի: Սա է ճանապարհը, այս ճանապարհն ունի խոչընդոտ. իշխանափոխությունն այլևս այլընտրանք չունի: Որքան էլ վարչապետի նկատմամբ գնահատականները իրարից տարբեր լինեն, որքան էլ լինեն մարդիկ, որոնք տարբեր շարժառիթներով ստանձնել են այս իշխանությունների պաշտպանի դերը, միևնույն է՝ փոփոխությունները ճիշտ են՝ հանուն ապագայի և հանուն հայրենիքի: Ճիշտ են, կարևոր և հրատապ:
ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյան
29.12.2020թ.