Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եւ այսպէս, դեկտեմբերի 19-ին համազգային սրբութիւնները, սուգը քաղաքական պայքարի միջոց դարձնելու քստմնելի նկրտումների առումով, բոլորովին նոր «մակարդակի» եւ «որակի» ականատեսը եղանք:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների նախաձեռնած այսպէս կոչւած «սգոյ երթն» իր ակնյայտ սադրիչ բովանդակութեամբ եւ ընդգծւած քաղաքական բնոյթով ոչ այլ ինչ էր, քան ոգեղէնութեան եւ բարոյականութեան հիմնարար բաղադրիչներից զուրկ միջոցառում, որը միանաշանակ պէտք է մէկ նախադասութեամբ բնութագրել. «սրբապղծութեան «նուրբ» արւեստ»:
Նիկոլ Փաշինեանը տասնեակ զրահապատ աւտոմեքենաների, մինչեւ ատամները զինւած թիկանապահների եւ դիպուկահարների, հարիւրաւոր ոստիկանների թիկունքում թաքնւած, խառնամբոխը յետեւից գցած, ճամբայ էր ընկել գրաւելու Եռաբլուր զինւորական պանթէոնը, մէկ անգամ եւս մեզ յիշեցնելու, թէ արժեհամակարգային ինչպիսի կտրուկ եւ սրընթաց գահավիժում ենք ապրում:
Երէկւայ նողկալի եւ ողորմելի ներկայացումը համազգային խայտառակութիւն էր, մեր արդէն իսկ լուրջ ճաքեր տւած հաւաքական բարոյականութիւնն ու արժանապատւութիւնը զրոյի հաւասարացնելու հերթական փորձը, որի կազմակերպիչներն ու մասնակիցները ասպատակեցին ու պղծեցին մեր ամենաթանկ սրբավայրը, ոտնատակ տւեցին եւ կոխրճեցին այն բոլորը, ինչ հնարաւոր էր խնկարկել ու ծխալ, այն բոլորը, ինչ կարող էր մեզ վերադարձնել մեր խաթարւած նկարագիրն ու ոգեղէնութիւնը:
Եւ սահմռկեցուցիչ այս գինարբուքն իր ողջ «հմայքն» ի ցոյց դրեց այն պահին, երբ տղաների թարմ շիրիմները կոխկրտած, որդեկորոյս ու սգւոր մայրերին ու հայրերին, զինակից եղբայր-ընկեր կորցրած ազատամարտիկներին հրմշտած ու հայհոյած ժեխը՝ գլխաքանակը ողջունեց ու ծափահարեց մի մարդու, որի խղճին է ծանրացած մեր 5000 զոհերի արիւնը: Ողջունեց ու ծափահարեց մի մարդու, որն ստորագրել է կապիտուլիացիայի խայտառակ եւ նւաստացուցիչ յայտարարութիւնը՝ փշրելով մեր ողնաշարը: Ողջունեց ու ծափահարեց մի մարդու, որը վաստակել է անգամ թշնամու արգահատանքը, արհամարհանքն ու նողկանքը:
Մի բան այն չէ, ինչ պէտք է լինէր: Մի բան ԽԵՂաշրջւած է մեզ մօտ:
Այլանդակւել է մեր արժեհամակարգը, մոռացել ենք մեր պատմութեան մասին, կորցրել ենք մեր նկարագիրը, դիմագիծը, ինքնասիրութիւնն ու արժանապատւութիւնը:
Պարպւել ենք տարրական տրամաբանութիւնից եւ բանական դատողութիւնից:
Դժւար է հաւատալ այս բոլորին: Բայց, ուշքի գալ, սթափւել է պէտք: Սեփական ճակատագրի տնօրինողը մենք ենք: Մենք ենք եւ միայն մենք, ուրիշ ոչ ոք: Մենք ենք, որ պէտք է կասեցնենք անվերջ թւացող այս գահվիժման ընթացքը: Մենք ենք, որ պէտք է ոտքի կանգնենք, շտկենք մեր կռացած մէջքը, սրբենք մեր դէմքի ամօթի մուրն ու փորձենք առաջ շարժւել: Դա պէտք է կատարենք մենք, միայն եւ միայն մենք: Յիշե՛նք. ոչ ոք մեր փոխարէն չի անելու դա:
Չկայ որեւէ այլընտրանք, երկրորդ ընտրութիւն: Մենք ստիպւած ենք, եւ պէտք է համապատասխան եւ համարժէք արձագանգենք մեր դէմ վեր յառնած ծանրագոյն մարտահրաւէրներին, եւ դրա համար անհրաժեշտ է առաջինը թօթափենք թմբիրը, լուծենք նոր ուղի հարթելու խնդիրը, որպէսզի կարողանանք առաջ շարժւել: Այլապէս կը կանգնենք ինչպէ՞ս ենք շարունակելու ապրել անլուծելի թւացող հաւասարութեան դէմ-յանդիման, որը կարող է արժենալ հայոց քաղաքակրթութեան եւ հայի տեսակի վերջնական կորուստով:
Յաղթահարելո՞ւ ենք արհաւիրքը, թերթելո՞ւ ենք 2020 թւականի նոյեմբերի 9-ի ամօթալի օրւայ վրայ կանգ առած մեր օրացոյցի սեւ էջը, ազատւելո՞ւ ենք այս հրոսակախմբի գաղջ ներկայութիւնից, շտկելո՞ւ ենք մեր մէջքը, վերականգնլո՞ւ ենք մեր խեղւած ու խաթարւած արժեհամակարգը… այս եւ նմանատիպ ու նոյնաբովանդակ բազմաթիւ այլ հարցերի պատասխանից է կախւած մեր հետագայ քայլերի տրամաբանութիւնն ու վաղւայ օրւայ ինչպիսին լինելը:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
alikonline.ir