Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետպատերազմյան 2021 թվականը խաղաղություն և կայունություն չբերեց հայ ժողովրդին։ Ընդհակառակը՝ Արցախի դեմ ագրեսիան հաղթանակով ավարտելուց հետո ադրբեջանա-թուրքական դաշինքը դրսևորեց իր ծավալապաշտական հավակնություններն արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ։ Առանց սահմանազատման և սահմանագծման պայմանների և սկզբունքների ճշգրտման, առանց գործընթացի երկկողմանի մեկնարկի՝ Ադրբեջանը միակողմանիորեն սկսեց նոր սահմաններ հաստատել՝ սեփականելով հայկական բնակավայրերը, ռազմավարական ճանապարհները, բարձունքներն ու դիրքերը, ամրացնել դրանք և գրավված նոր բնագծերում տեղակայել իր զինված ուժերն ու տեխնիկան։ Ավելին՝ թշնամական տանդեմը շարունակաբար պնդեց Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի տրամադրման պահանջը, խոսեց Սյունիքի ու Հայաստանի այլ տարածքների՝ Ադրբեջանին պատկանելության, իր, այսպես կոչված, պատմամշակութային կորուստների դիմաց հայկական կողմից տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցման մասին, աշխատանքներ տարավ արտաքին աշխարհում Արցախի հայկական եկեղեցիները որպես ոչ հայկական ճանաչել տալու ուղղությամբ և այլն։
Հայաստանի պարտված իշխանություններին իր նոր հավակնությունները պարտադրելու նպատակով թշնամին նախկինում և առ այսօր իրեն արդարացրած ոճով զուգահեռաբար դիմում էր մշտական ռազմական սադրանքների, սպանում ու գերեվարում էր հայկական դիրքերում գտնվող զինվորներին, որպես ճնշամիջոց էր օգտագործում դեռևս վերջին պատերազմի օրերից իր մոտ պահվող հայ գերիներին։
Այս ամենին Հայաստանի իշխանությունների պատասխանը եղավ պատասխանից խուսափելը։ Զինված ուժերին և ոչ միայն նրանց թելադրվեց չարձագանքել թշնամական ոտնձգություններին, չձեռնարկվեցին քայլեր կազմալուծված բանակը ոտքի կանգնեցնելու, մարտունակությունը բարձրացնելու և նոր բնագծերն ամրապնդելու ուղղությամբ։ Ընդհակառակը՝ Հայաստանի դեմ ուղղված սադրանքների, ագրեսիվ հավակնությունների պայմաններում հայտարարվում էր բանակը կրճատելու, երկրի պաշտպանության գործում վերջինիս իրավասությունները սահմանափակելու մասին։ Ադրբեջանական առաջխաղացումը Հայաստանի տարածքում, ճանապարհների ու բնակավայրերի զավթումը Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչները արդարացնում էին՝ հայտարարելով, թե դրանք նախապես պատկանել են Ադրբեջանին։
Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի նախահարձակ արտաքին քարոզչության պայմաններում քայլեր չձեռնարկեց թշնամու կատարած ռազմական հանցագործությունների հարցը միջազգային ատյաններում արծարծելու ուղղությամբ, իսկ այս կամ այն առիթով այդ հարցերին անդրադառնալու ժամանակ անհասկանալի լռություն է պահպանվում Թուրքիայի մեղսակցության վերաբերյալ։
Ավելորդ է խոսել ողբերգական կացության մեջ հայտնված Արցախի ճակատագրի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի մասին։ Արցախը պարզապես գոյություն չունի նրանց օրակարգում, և այդ հանգամանքը նրանք ընդգծված ձևով փորձում են ակնառու դարձնել նաև ադրբեջանցիների, թուրքերի և ուրիշների համար։
Հիշենք այստեղ իշխանությունների հրամցրած այն կեղծիքը, թե նախկիններն էին տարիներ առաջ ծախել Արցախը։ Այդ դեպքում ինչի՞ մասին է վկայում նրանց անտարբերությունը հոշոտված Արցախի ներկայի ու ապագայի նկատմամբ, իսկ այժմ արդեն հայտարարություններ են արվում թշնամական թիրախում հայտնված Սյունիքի հարցում նախկինների մեղքերի մասին։
Զինվորականների վրա են բարդվում ռազմական ձախողումները՝ սկսած գեներալներից մինչև շարքային զինվորներ, գերության մեջ տառապած զինվորներին Հայաստանում սպառնում են հարուցվող մեղադրանքներն ու բանտարկությունը։ Սա հիշեցնում է ստալինյան բռնապետության մռայլ ժամանակները։ Այնինչ ոչ վաղ անցյալում գերագույն գլխավոր հրամանատարը հոխորտում էր, թե ամեն ինչ ինքն է որոշում և ունի դրա ոչ միայն իրավասությունը, այլև հնարավորությունը։
Ողբերգական պատերազմից ընդամենը շաբաթներ անց իշխանական շրջանակները սկսեցին խոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, հաղորդակցական ուղիները բացելու, առևտուր անելու մասին։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ շաղկապված են պարտության փաստը և դրան նախորդած ու հաջորդած իրողությունները ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Արժե մտածել այն մտքի շուրջ, որ եթե անգամ դավաճանություն չի եղել Հայաստանի իշխանությունների գործունեության հիմքում, ապա լինելու դեպքում նրանք կանեին ճիշտ այն, ինչ որ արել են։
Պատերազմից հետո պարտվածի հոգեբանությամբ, կամազուրկ իշխանությունը արտաքին ճակատում դադարեց գործոն լինելուց։
Նա ավելի շուտ փորձում է ճարպկորեն խուսանավել արտաքին ուժերի և նրանց շահերի միջև, իսկ վերջիններիս համար Հայաստանի ղեկավարությունն այլևս քաղաքական կշիռ չունի, և նրանք Հայաստանին վերաբերող խնդիրները փորձում են լուծել իրար հետ։ Միայն թե այնքան միամիտ չեն, որ կուլ գնան Փաշինյանի գավառական խորամանկությանը և ներքաշվեն գործող հակամարտության ու անգամ ռազմական գործողությունների մեջ։ Մանավանդ երբ Հայաստանի ղեկավարն ինքը բնավ մտադրություն չունի իր տրամադրության տակ եղած զինված ուժերով պաշտպանելու սեփական երկիրն ու նրա սահմանները։
Այսինքն՝ ինքն իրեն երկրի իրական ղեկավար պատկերացնող անձը ունակ չէ կամ չի ցանկանում իրականացնել պետության ինքնիշխանությունը բնորոշող իր թիվ մեկ պարտականությունը։ Մեր երկրի ապագան որոշվում է դրսում և թելադրվում է Հայաստանի իշխանություններին, ընդ որում, այդ ամենը թաքցվում է հայ ժողովրդից, որը մի օր կարող է հայտնվել նոր անակնկալների առաջ, ինչպես 2020 թ․ նոյեմբերի 9-ի առավոտյան։ Հայաստանի իշխանությունը զիջումների գնալու պարտադրանքի առջև հլու կամակատարի վարքով ավելի է շահագրգռում արտաքին ուժերին հասնելու այստեղ տասնամյակներով կուտակված խնդիրների հանգուցալուծմանը, ինչպես և տարածաշրջանային նոր վերադասավորումներին մեր երկրի հաշվին։
Մյուս կողմից՝ արտաքին ճակատում զիջողականությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է շահել արտաքին «շահառուների» բարեհաճությունը, որպեսզի երկրի ներսում ձեռքերն ազատ լինեն անօրինական ու բռի մեթոդներով հաշվեհարդար տեսնելու իր հակազգային կառավարման դեմ ուռճացող ընդդիմության ալիքի հետ։ Իրավամբ էլ, այն պայմաններում, երբ քաղաքակիրթ Արևմուտքը գովերգում է Հայաստանի ժողովրդավարությունը, Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում թույլ է տալիս աղաղակող անօրինականություններ, թքել է ժողովրդավարության վրա, որի կարգախոսներով ոչ հեռու անցյալում իշխանությունն է նվաճել։
Երեկ նա բողոքի ամենափոքր դրսևորման դեմ դուրս էր բերում կարմիր բերետավորների, բանտարկում էր ընտրյալ պատգամավորներին, ուժային կառույցների ծառայողները թևերը ոլորելով խորհրդարանի դահլիճից դուրս էին հանում իշխանությանը քննադատող ընդդիմադիրներին, իսկ այսօր արդեն վարչապետը փորձում է ազդել տեղական ընտրությունների արդյունքների վրա, հետապնդել հաղթող ոչյուրայիններին, անհիմն ձևով չեղյալ է հայտարարում այդ ընտրությունները, եթե տվյալ տարածքում իր թիմը չի հաղթել։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի համար այլևս միայն փառատենչությունը բավարարելու և հարստանալու միջոց չէ, այլ դարձել է պատասխանատվությունից խուսափելու թերևս միակ հնարավորությունը։ Ամենից լավ միայն նրան է հայտնի պետության ու ժողովրդի առջև իր կատարած հանցագործությունների չափը, և նա սարսափում է անխուսափելի պատասխանատվությունից։ Երբ նա ասում էր, թե ընտրություններում պարտվելու դեպքում ընդդիմությունն իրենց ցցի կհաներ, իհարկե նկատի ուներ նոր իշխանության կայացրած, հետևաբար և օրինական ճանապարհով իրականացվելիք արդարադատությունը։ Նիկոլ Փաշինյանը կեղծիքներով հաղթեց վերջին և՛ խորհրդարանական, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար նա դրանից հետո էլ անում է ամեն անօրինական քայլ, այդ թվում շանտաժի ու կաշառքի միջոցով իրենից հլու ենթակայության մեջ է պահում թիմակիցներին, որոնք այլևս պատանդ են սեփական առաջնորդի ձեռքում։ Ըստ էության, երկրի վարչապետը, հենվելով իր անձին ծառայող ուժային կառույցների վրա, երկրում գործադրելով անհամարժեք ու անհամաչափ ուժ և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ծավալելով համատարած հետապնդումներ, ցանկանում է հասարակությանը ներշնչել, թե փակել է Հայաստանում իշխանությանը ինչ-որ բան թելադրելու կամ իշխանափոխության հասնելու բոլոր օրինական ճանապարհները։ Նիկոլ Փաշինյանի վարքը նման է այն հանցագործի վարքին, որը գնում է «վա բանկ»՝ իրականացրած հանցագործությունների համար հատուցումից խուսափելու նպատակով կատարելով նոր հանցագործություններ։ Նույն կերպ ձախողվելով արտաքին քաղաքականության ասպարեզում՝ նա այսօր փորձում է իրականացնել արմատական շրջադարձեր Հայաստանի արտաքին կողմնորոշումների և զարգացման ռազմավարության մեջ։
Փաշինյանը չարաշահել է իր լիազորությունները՝ առանց խորհրդարանի ու Սահմանադրական դատարանի վավերացման, ինչպես և հանրաքվեների անցկացման վարելով բանակցություններ և կայացնելով որոշումներ, զիջելով Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների տարածքները, միայն իր ստորագրությամբ վավերացնելով միջազգային պայմանագրեր։ Այս և երկրի ապագայի համար կենսական կարևորության այլ խնդիրներ լուծվում են ժողովրդից ծածուկ՝ նրա և թերևս նրան համախոհ նեղ շրջանակի գիտությամբ։ Նրա ցուցումով իշխող մեծամասնությունը ձախողում է խորհրդարանական այն նիստերը, որոնց օրակարգերում ընդդիմության պահանջով ներառվում են երկրի ամբողջականությանը, անվտանգությանը վերաբերող և կարևորագույն այլ հարցեր։
Արհամարհելով երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այլ իրավասու պետական և ազգային ինստիտուտների, քաղաքական-հասարակական շրջանակների կարծիքը և ժողովրդի տրամադրությունները՝ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների սկիզբ է դնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ փաստացի արդեն իսկ թուրքերի համար պաշտոնապես բացելով հայ-ադրբեջանական հարաբերությունների դուռը, պարտության ու նահանջի ընթացքի մեջ դեմ հանդիման հայտնվելով թուրքական ու ադրբեջանական նախապայմաններին։ Ոչ մի կասկած չկա, որ այդ նախապայմանները լինելու են Արցախի հարցից վերջնականապես հրաժարումն ու Ադրբեջանի հետ ներկայումս առկա սահմանների ճանաչումը, թշնամի տերություններին, այսպես կոչված, Սյունիքով միջանցքի (եթե ոչ միջանցքների) տրամադրումը, Հայաստանի տարածքների ու նախկին ադրբեջանաբնակ անկլավների զիջումը, որոնց էլ կհետևեն թուրքական հին պահանջները հայ-թուրքական սահմանի ճանաչման, ցեղասպանության հարցի հետապնդումից հրաժարման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի, նրա գաղափարական ուսուցիչ Ժիրայր Լիպարիտյանի և այլ համախոհների արտահայտությունները հուշում են, որ հայկական պետականության դեմ ուղղված այս բոլոր սպառնալիքները միանգամայն իրատեսական են։
Պարտված և քաղաքականապես կամազուրկ հայ ղեկավարի հայտարարությունները տարածաշրջանում, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջան» բացելու վերաբերյալ իրականում նոր բան չեն․ դրանք հայոց պետականությունը թուրք-արևմտյան ազդեցությանը ենթարկեցնելու այն նույն պարտվողական գծի շարունակությունն են, որը ժամանակին փորձեց իրականացնել ՀՀՇ-ական թիմը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Հիշենք նորանկախ երկրում արցախյան ազգային-ազատագրական պայքարի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ծավալած գաղափարա-քարոզչական արշավը շրջադարձային 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պատմության՝ ազգային-ազատագրական պայքարի, կամավորական շարժման դեմ։ Ժամանակի հայկական իշխող ուժը մեղադրվում էր հայոց ցեղասպանության իրողության մեջ, մերժվում էին Առաջին հանրապետության գործիչները։ Ազգային գաղափարախոսությունը պիտակավորվում էր որպես կեղծ կատեգորիա, իսկ Հայ դատի հարցը՝ արկածախնդրություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով արցախյան պայքարի առաջնորդը, իր բազմաթիվ ելույթներում ու հոդվածներում ուրվագծելով քաղաքական փակուղի, քարոզում էր « ամեն գնով» հասնելու Արցախի հարցի լուծմանը և հաշտության Ադրբեջանի հետ։ 1997 թ. նոյեմբերի 1-ին լույս տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը, որը և սկիզբը դարձավ նրա կարիերայի ավարտի։ Արցախը զիջելու նույն պլատֆորմով նա նախագահական ընտրություններին մասնակցեց 2008 թվականին և դարձյալ ջախջախիչ պարտություն կրեց։
Ի դեպ, այս անգամ նրա դաշինքին մաս էր կազմում նաև ՀՀՇ-ի մսուրում քաղաքականապես ձևավորված Նիկոլ Փաշինյանը։ Այդ տարիներին դեռևս սթափ էր ժողովրդի ազգային բնազդը, և հանրային միջավայրում իշխում էր ազգային-ազատագրական պայքարի գաղափարը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր նորացված թիմով մասնակցության հայտ ներկայացրեց նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թեև իր ծավալած քարոզչությամբ հեռու էր հիմնական մրցակցության ձգտելու հավակնությունից։ Ժողովրդի մեջ վախ ներարկելով, թե «Հայաստան» դաշինքի հաղթանակի դեպքում անխուսափելի է լինելու պատերազմը, նա, բնականաբար, ճանապարհ էր հարթում Նիկոլի հաղթանակի համար, քանի որ գործող նիկոլական իշխանությանը այլ իրական այլընտրանք գոյություն չուներ։ Սիրված աշակե՞րտ է արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի համար Նիկոլը՝ դժվար է ասել, շատ հավանական է, որ ոչ, որովհետև ի տարբերություն գաղափարական հոր վերջինս բռի է, կիսագրագետ, անհավասարակշիռ միաժամանակ իր ուսուցչի պես ինքնահավան ու համառ։ Իրականում, «Հայաստան» դաշինքի դեմ պայքարելով, նա փորձում էր փրկել ոչ այնքան Նիկոլին, որքան նիկոլիզմը, ինչն էլ լևոնիզմի շարունակությունն է։ Այդ պատճառով էլ այլ ժամանակներում Հայաստանի ճակատագրի համար աղմուկ բարձրացրած ՀՀ առաջին նախագահը լռել է վերջին տարիներին, երբ Հայաստանի ներկան ու ապագան իրապես վտանգված է։ Փոխարենը Նիկոլի թուրքամետ քաղաքականության պաշտպանությանն է լծվել Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակից և երբեմնի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Թուրքամետների այս թիմը Նիկոլի քաղաքականության համար հասարակական պարարտ հող ապահովելու նպատակով փորձում է համոզել մեզ, թե ադրբեջանցիներն ու թուրքերը թշնամի չեն հայ ժողովրդին։ Փորձում են համոզել Արցախի և հայության դեմ սանձազերծված ցեղասպանական պատերազմից ընդամենը մեկ տարի անց, երբ ամեն օր թշնամին դիմում է նոր սադրանքների ու սպանությունների, սպառնում է պատերազմով, պահանջում է միջանցքներ և տարածքներ, որոնք Հայաստանին կզրկեն երբևէ ինքնիշխանության ձգտելու հնարավորությունից։ Պարտվողականների քաղաքական հոսանքը, ինչպես 30 տարի առաջ և ինչպես մեկ դար առաջ, փորձում է գնալ զիջումների, որոնք կբավարարեն թուրքերին ու ադրբեջանցիներին և կհամոզեն հաշտության ձեռք մեկնել հայերին։ Այդ դեպքում, ի դեպ, ավելորդ կդառնա տարածաշրջանում ռուսական զորքի և առհասարակ ռուսական գործոնի դերակատարությունը, ինչպես և հարավից կշրջափակվի ու ամբողջականությունը կորցնելու սպառնալիքի տակ կհայտնվի Իրանը։ Այնպես որ այս թիմը շատ ավելի մեծ առաքելության է կոչված։ Ինչ վերաբերում է հայկական զիջումներին, ապա լավ կլիներ՝ մեզ համար բացահայտվեր, թե Հայաստանի իշխանությունների համար որն է այդ զիջումների կարմիր գիծը։ Եթե թուրք-ադրբեջանական տանդեմի համար մեկ տարի առաջ կենսական հարց էր Արցախի օկուպացումը, ապա այսօր ավելի կարևոր հարց է դարձել Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Ստանալով այն՝ նրանց համար կենսական գերնպատակ կդառնա Հայաստանի այլ տարածքներին տիրանալը, որոնք կապահովեն այս թուրքական երկրների ծավալապաշտական վերջնական ծրագրերի իրականացումը։ Եվ այս դատողությունները տեսական ոլորտից չեն, որոնց շուրջ կարելի է բանավիճել նիկոլների ու լիպարիտյանների հետ, այլ աշխարհաքաղաքական իրողություններ են, որոնց փոթորիկների մեջ են այսօր Թուրքիայի բոլոր հարևանները և ոչ միայն նրանք։ Թուրքերի դարավոր բարեկամ Վրաստանը նույնպես իր դռները բացեց եղբոր առաջ, իսկ այսօր փորձում է դիմակայել խաղաղ օկուպացիային, որն իրականացվում է հիմնականում տնտեսական և կոմունիկացիոն քաղաքականության ճանապարհով։
Թերևս չարժեր շատ ուշադրություն դարձնել «պատվերով երգող» Ժիրայր Լիպարիտյանի նման մեկի դատողություններին, սակայն անդրադառնանք նրա մեկ մտքին, որը, ըստ էության, ընկած է հայ պարտվողականների գաղափարախոսության հիմքում։ Լիպարիտյանը, ակնարկելով զիջումների անխուսափելիությունը, ասել է, թե «Քաղաքականությունը հնարավորի արվեստն է»։ Ոմանք, իրենց ձեռնտու ձևով մեկնաբանելով Բիսմարկի միտքը, փորձում են ապացուցել, թե քաղաքականությունը սահմանափակված է իր իրականացման հնարավորությամբ, այնինչ նույն միտքը հակառակ կողմից մեկնաբանելով ստացվում է, որ Բիսմարկը խոսել է հնարավորության սահմաններն առավելագույնս ընդլայնելու, անհնարինը հնարավոր դարձնելու արվեստի մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Լիպարիտյանի, Նիկոլի գաղափարական նախորդները 1915 թվականին նույնպես խոսում էին դիմադրություն ցույց չտալու, թուրքական ջարդերի հետ համակերպվելու մասին։ Գաղտնիք չէ, իհարկե, որ հայոց ազատագրության պայքարին այն ժամանակ ևս մասնակցել է ժողովրդի փոքրամասնությունը, սակայն անժխտելի է, որ փրկությունը եղել է այնտեղ, որտեղ կազմակերպվել է պայքար ու դիմադրություն։ Հայ ժողովրդի գրեթե երկուհազարամյա պատմությունը գոյատևման պայքարի ընթացք է, երբ մեր հերթական վերածնունդները ապահովվել են անհնարինը հնարավոր դարձնելու արվեստի շնորհիվ։ Մեր պատմության երկայնքով ձգվող գոյափրկության այս գծի ճշմարտացիության մասին է շեշտել Դերենիկ Դեմիրճյանը՝ իր նշանավոր վեպը վերնագրելով «Վարդանանք» և ոչ թե «Վասակենք»։ Վերջապես, դարավոր անէությունից հետո հայոց պետականության վերականգնումը մի սխրանք էր, որը հնարավոր դարձավ քաղաքականության մեջ անհնարինը հնարավոր դարձնելու շնորհիվ։
Ազգային վերազարթոնքի, նորանկախ պետականության հզորացման և արցախյան հաղթանակի վավերացման բախտորոշ ներկա ժամանակահատվածում մենք Արամ Մանուկյանների ժառանգորդների իշխանության կարիքն ունեինք, բայց այդ իշխանությունը հանձնվեց Ավիսնուրիջանյանների ժառանգորդներին։
Հայաստանը դանդաղորեն գնում է դեպի անկում, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի ետևից գնում է դեպի պետականության վերջնական կորուստ։ Պատմության այս ընթացքը ետ շրջել կարող են նրանք, ովքեր հավատում են և ունակ են անհնարը դարձնելու հնարավոր, իսկ մյուսները պետք է զսպեն իշխանություն լինելու կիրքը և քաշվեն մի կողմ։ 2022 թվականը պետք է դարձնել այդ ջրբաժանը, այլապես հետո ամեն ինչ կարող է դառնալ անիմաստ։