կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 19:38
Հասարակություն

Վարդենիսի Պապեի Նարեկը կամ Սուրբ Նարեկ Մատուռը

Վարդենիսի Պապեի Նարեկը կամ Սուրբ Նարեկ Մատուռը

Վարդենիս գյուղը հիմնադրվել է 1828 թվականին: Բայց մարդկության պատմության հետքերը գյուղի տարածքում տանում են դեպի վաղնջական ժամանակներ: Գյուղի ներկայիս բնակավայրից արևմուտք պահպանվել են քարեդարյան ժամանակաշրջանի ժայռափոր շինությունների հետքերը, Յոթվերք աղբյուրաշարքի հարևանությամբ պահպանվել է Վաչուտյան իշխանական տանը պատկանող ամրոցի հիմնային մասի մնացորդները, հյուսիս-արևմտյան մասում էլ պահպանվել են գետնափոր շինությունների հետքերը: Հաշվի առնելով միջնադարի մատենագիրներ Կիրակոս Գանձակեցու և Առաքել Դավրիժեցու հիշատակությունները գյուղի մասին կարելի է ենթադրել, որ այն զարգացման բավականին բարձր մակարդակ ունեցող բնակավայրերից է եղել, որը ամայացվել է Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի արդյունքում:

Այն կրկին բնակեցվեց 1828-1829 թթ. մեծ գաղթի արդյունքում:

Այդ գաղթի ժամանակ գյուղում վերահաստատված Սահակյան ընտանիքը իր հետ բերել էր 1710 թվականի Կ. Պոլսում տպագրված Սուրբ Նարեկ կոչվող ավետարանը:

Ընտանիքը իր տունը կառուցում է Սուրբ Հակոբ եկեղեցուն կից տարածքում, տան մի անկյունում էլ պահվում էր սուրբ գիրքը, և տան այդ անկյունը դառնում է սրբավայր: Խորհրդային տարիներին ընտանիքը հեռանում է գյուղից` իր հետ տանելով ավետարանը: Ընտանիքի դեգերումների արդյունքում ավետարանը նրանց հետ հայտնվել է անգամ հեռավոր Իսպանիայում:

Թեպետ Նարեկը գյուղում չէր, բայց նրա հետ կապված պատմությունները փոխանցվում էին սերնդեսերունդ, որի արդյունքում Սահակյանների հետագայում ավերված տունը որպես սրրբավայր պահպանում է իր դերն ու նշանակությունը:

Ժողովուրդը հավատի ուժով և ցանկացած առիթով շարունակում էր այցելել Սուրբ Նարեկ:

2012 թվականին ծագումով վարդենիսցի Հակոբյան ընտանիքի միջոցներով վերակառուցվում է սուրբ Նարեկ մատուռը, հենց Հակոբյանների ջանքերով էլ Թիֆլիսից գտնվում է ավետարանը և վերադարձվում իր տեղը:

Ավետարանի և Նարեկ մատուռի հրաշագործ զորության պատմվում են բազում պատմություններ, առանձնացնենք դրանցից երկուսը.

Երբ ավետարանը գտնվել է Թիֆլիսում օրերից մի օր Սահակյան ընտանիքին է այցելում մի ռուս կին, որի որդին զինվորական էր: Նրա որդու մոտ հոգեկան շեղումներ է առաջացած եղել: Կինը հավատը սրտում մի քանի օր անցկացնում է ավետարանի մոտ, հետո նաև այստեղ է բերում իր որդուն, որից հետո երիտասարդը բժշկվում է, վիճակն այնքան է կայունանում, որ անգամ կարողանում է բանակում վերականգնել իր աշխատանքը:

Նարեկ մատուռի զորության մասին է փաստում հետևյալ իրողությունը, ամռանը` հուլիս-օգոստոս ամիսներին , երբ շոգերը կտրուկ սաստկանում են և ջրի ու անձրևի խիստ պակաս է զգացվում, մատուռի հարակից տարածքում ապրող տարիքով կանացից մեկը ծղոտից տիկնիկ էր պատրաստում, հին մատուռից վերցնում էր մի շուշպա (մատուռի ներսում պահվող սրբապատկերներով շորե կտորներ) գցում էր այդ տիկնիկի վրա, որը գյուղի երեխաները ման էին տալիս գյուղի տարածքում, իսկ գյուղացիները կա'մ աքաղաղ էին մատաղ տալիս, կա'մ հավի ձու նվեր անում, կա'մ ջուր ցողում և անձրև էին խնդրում, որից հետո հաճախակի եղանակի կտրուկ փոփոխություններ էր լինում:

 

  

 

Մհեր Համբարձումյան