կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-24 20:43
Հասարակություն

Եղիպատրուշի Սուրբ Գրիգոր Նարեկացի կամ Վանականից վանական կոչվող մատուռը

Եղիպատրուշի Սուրբ Գրիգոր Նարեկացի կամ Վանականից վանական կոչվող մատուռը

Եղիպատրուշ գյուղում սուրբ Գրիգոր Նարեկացի անունը կրող ևս մեկ մատուռ կա՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը երբեմն անվանում են նաև Վանականից վանական:

19-րդ դարի երկրորդ քառորդին արևմտահայության մեծ գաղթի արդյունքում Եղիպատրուշում է հաստավում չորս ճյուղից բաղկացած Նավասարդյան գերդաստանի մի ճյուղը: Մյուս երկու ճյուղերը հաստատվել են Արագածոտնի Ծաղկաշեն և Երևանի հարակից Հաղթանակ գյուղերում, իսկ չորրոդ ճյուղի հետ կապը վաղուց կտրվել է:

Նավասրադյանները նույնպես իրենց հետ Եղիպատրուշ են հասցրել մի Ավետարան, որին Նարեկ էին կոչում: Ինչպես մնացած բոլոր Նարեկ կոչվող Ավետարանների, նույնպես և այս Ավետարանի հետ ևս կապվում են շատ հրաշագործ երևույթներ:

Նավասարդյանների Ավետարանը և փոքրիկ մատուռը, որտեղ պահվում էր այն, եղիպատրուշցիներ համար դառնում է ուխտավայր, որտեղ գյուղացիները այցի են գալիս և՛տաղավար տոներին, և՛ պարզապես Աստծո հետ հաղորդակցվելու նպատակով:

Ընտանիքի անդամների վկայությամբ՝ տան նախկին մեծերից մեկը՝ Վանո Նավասարդյանը, սկզբում քրիստոնեությանը լուրջ չի վերաբերվել, սակայն օրերից մի օր անասնապահ մարդը դաշտում մեծ փորձանքից է ազատվում, որից հետո երազ է տեսնում` հրեշտակն իրեն հանձնարարում է պահպանել Ավետարանը. այդ ամենից հետո Վանո Նավսարդյանը դառնում է մեծ հավատավոր և անկախ իր զբաղվածությունից՝ օրվա ընթացքում աղոթք անելու ժամանակ գտնում է, իսկ երիտասրդներին հաճախ դիտողություն անում, որ գեթ մեկ րոպե աղոթքին ժամանակ չեն հատկացնում:

Տարիներ առաջ Նավասարդյանները մատուռի տանիքում չորացրած խոտ են պահելիս լինում: Մի օր խոտն անսպասելիորեն հրդեհվում է: Սակայն երբ հրդեհը հասում է մատուռի ծածկի գերաններին, կրակը մարում է:

Մի քանի տարի առաջ մատուռի տարածքը կարգի բերելիս՝ ընտանիքի անդամները որոշել են այնտեղ պահվող հին թղթերը հանել և այրել: Հրեշտակը երևացել է ընտանիքի դստեր երազում և ասել, որ նման բան չանեն. թղթերը մինչ այսօր պահպանվում են մատուռի ներսում:

Մի քանի տարի առաջ հարևան Հարթավան գյուղից մի ընտանիք ծանր ավտովթարի է ենթարկվում. բարեբախտաբար մարդկային կորսուստներ չեն լինում: Դեպքից հետո այդ տան անդամներից մեկը երազ է տեսնում, ինչը նրանց ուղղորդում է Եղիպատրուշի Վանականից վանական մատուռը. մինչ այսօր ընտանիքը տարվա մեջ մի քանի անգամ ուխտի է գնում այնտեղ:

Մհեր Համբարձումյան