կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-04 11:46
Հասարակություն

Պանթուրքիզմ, նեոօսմանիզմ և ջիհադ. թաքնված օրակարգ՝ իբր երկկողմանի կրթական ծրագրերում

Պանթուրքիզմ, նեոօսմանիզմ և ջիհադ. թաքնված օրակարգ՝ իբր երկկողմանի կրթական ծրագրերում
Մի պահ կտրվենք հայաստանյան իրադարձություններից, գնանք լուրը տանք Թուրքիայում կատարված կրթական վերափոխումներից։
 
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում բանակը հեղաշրջման փորձ է կատարում։ Փորձը ձախողվում է, որից հետո Էրդողանի վարչակարգը լծվում է «մաքրության» աշխատանքներ կատարելու և փոփոխություններ իրականացնելու գործին։ Առանձնահատուկ ուշադրության է արժանանում կրթական ոլորտը։ Միայն Կրթության նախարարությունից ավելի քան 15.000 աշխատակից ազատվում է աշխատանքից: 1500-ից ավելի դեկաններ կորցնում են աշխատանքը։ (The Guardian, 2016)։ Փակվում են 15 համալսարան և 1043 մասնավոր դպրոց։ Ավելի քան 6000 գիտնական՝ շուրջ 107 համալսարանից, հեռացվում են աշխատանքից։ (Los Angeles Times, 2016)։ Իրենց աշխատանքը կորցնում են նաև հազարավոր ուսուցիչներ, որոնք Egitim Sen միության անդամ էին կամ կասկածվում էին գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ (Human Rights Watch, 2017)։ 
 
Հերթը հասնում է դասագրքերին։ Այն դասագրքերը, որտեղ թեկուզ աննշան դրական հիշատակումներ են եղել գյուլենական շարժման մասին կամ տպագրված են եղել գյուլենական հրատարակչության կողմից, հայտնվում են սև ցուցակում (Stockholm Center for Freedom, 2018)։ Ոչնչացվում են հարյուրհազարավոր գրքեր (The Guardian, 2019)։
 
Շուտով Թուրքիայի Կրթության նախարարությունը հրահանգում է վերանայել դպրոցական դասագրքերը (Los Angeles Times, 2016), իսկ 2017 թվականի հունվարի 13-ին հանրությանը ներկայացնում է նոր ուսումնական ծրագրի նախագիծը՝ կոչ անելով մասնակից լինել դրա քննարկումներին (Hurriyet Daily News, 2017): 
 
Նոր նախագծով վերանայման են ենթարկվում 50-ից ավելի առարկաներ, որոնք պարտադիր են տարրական, միջին և ավագ դպրոցներում։ Պետք է շեշտել, որ հանրային քննարկումների ժամանակ կարծիքներ ընդունվում են բոլոր առարկաների համար «բացի կրոնի և բարոյագիտության դասերից» (Hurriyet Daily News, 2017)։ 

Կառավարությունը կրկնապատկում է կրոնական դասերի թիվը սովորական հանրակրթական դպրոցներում՝ հասցնելով շաբաթական երկու ժամի (Reuters, 2017)։ 

Տեղեկացնեմ նաև, որ Թուրքիայում գործում են Իմամ Հաթիփ կոչվող կրոնական դպրոցներ։ Եթե 2000-ականների սկզբում դրանց թիվը 450 էր, ապա 2018 թվականին այս դպրոցների թիվը հասնում է 4500-ի (Stockholm Center for Freedom, 2018)։ 

«Ավելի իսլամացնելով հանրակրթությունը՝ Էրդողանը նպատակ ունի վերափոխել Թուրքիան»,-գրում է «Ռոյթերս» գործակալությունը։ Նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարում է, որ ցանկանում է ստեղծել «բարեպաշտ սերունդ», որը «կաշխատի նոր քաղաքակրթության կառուցման համար»։ 

Այսպիսով, նոր ուսումնական տարին՝ 2017 թվականի սեպտեմբերը, Թուրքիայի աշակերտներն սկսում են նոր ծրագրով։
 
ՀԻՄԱ ՀԱՐՑ։ Կհիշե՞ք՝ ո՞ր թվականին էր հրապարակվել թուրքերի հետ գրված հայտնի գիրքը («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ»)։ Ճի՛շտ եք։ 2017 թվականին։
 
 Փաստորեն, Թուրքիայում հանրային քննարկման է դրվում նոր ուսումնական ծրագիրը, իսկ այդ ընթացքում․․․ Իսկ այդ ընթացքում հայ և թուրք հեղինակները հանդիպումներ են անցկացնում Ստամբուլում (2017 թ․ հունվար) և Երևանում (2017 թ․ մարտ)՝ հետազոտելու երկու երկրների պատմության դասագրքերը և քննարկելու պատմության դասավանդման հարցերը։

Ավելին` Թուրքիայում կատարվող արմատական գործընթացները չեն խանգարում, որպեսզի հայ և թուրք հեղինակները ՆՈՒՅՆ գիրքը վերահրատարակեն 2019 թվականին, երբ, փաստացի, Թուրքիայում արդեն անցում են կատարել ուսումնական նոր ծրագրերին և դասագրքերին: 

Բայց սա դեռ ամենը չէ։ Այս ծրագրի շրջանակներում թուրքական կողմից քննության է առնված միայն չորս դասագիրք, այն դեպքում, երբ հայկական կողմից հետազոտության է ենթարկվել միանգամից 11 դասագիրք և ուսուցչի ձեռնարկ։
 
Վերը շարադրվածի համատեքստում մի շարք ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ են առաջանում։ Ինչո՞ւ են Եվրամիությունը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը ֆինանսավորում այս ծրագիրը, եթե ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտնի էր, որ արդեն 2017-2018 թթ. ուսումնական տարվանից Թուրքիայում դասագրքերը փոխվելու են։ Ինչո՞ւ հրատարակված և վերահրատարակված գրքերում քննության չեն առնվում Թուրքիայի նո՛ր դասագրքերը։ Ընդհանրապես, ո՞րն էր այդ գիրքը վերահրատարակելու նպատակը։
Ինչո՞ւ երկու կողմից չեն հետազոտվել նո՛ւյն քանակով գրքեր։
 
2019 թ․-ին ոչ միայն վերահրատարակվում է 2017 թվականին գրված գիրքը, այլև գրվում է նորը՝ «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար», որում առաջարկներ են արվում, թե ինչպես պետք է գրվեն պատմության դասագրքերը Հայաստանում և Թուրքիայում։ Դե ֆակտո ո՞ւմ են ուղղված այս առաջարկները։ Միայն Հայաստանի՞ն։
Հիշեցնեմ, որ այս գրքերը գրվել են «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ գործընթացին» ծրագրի շրջանակներում։ Շատ լավ։ Եթե նպատակը երկու երկրների հարաբերությունների կարգավորումն է, ապա ինչպե՞ս են այս ծրագրի ֆինանսավորողները և հայկական կողմը պատկերացնում այդ կարգավորումը։ Հայ-թուրքական հակամարտությունը կարգավորելու են այնպես, ինչպես «կարգավորեցին» հայ-ադրբեջանական հակամարտությո՞ւնը։ Սա կարգավորում է միայն Հայաստանի՞ շահերի հաշվին։ Ի՞նչ հիմնավորմամբ։
 
Մնանք հույսով, որ այս հարցերին մի օր սպառիչ պատասխաններ կտրվեն, իսկ մենք, ամեն դեպքում, անենք մի քանի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
 
Ա) Այս ամենը նշանակում է, որ հայկական կողմին կարելի է մատուցել ուզածդ ծրագիրը, և մասնակցությունն ապահովված է, նույնիսկ եթե բովանդակային առումով այն ժամկետանց է, իսկ երկու կողմերից հետազոտության առնված նյութը՝ ոչ համաչափ։
 
Բ) Սա նաև նշանակում է, որ երկկողմ ծրագրերի անվան տակ իրականում թաքնված են եղել միակողմանի շահեր հետապնդող օրակարգեր, որտեղ հիմնական նպատակը ոչ թե խաղաղարարական ծրագրերի իրականացումն է, այլ կոնկրետ այս դեպքում հայկական դասագրքերի ուսումնասիրությունը, արդյունքների հավաքագրումը և հետագա քայլերի նախապատրաստումը:
(Չմոռանանք, որ 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանում հենց կրթական ոլորտը հայտնվեց քննարկումների կիզակետում)։
 
Գ) Այս ծրագրում հայկական կողմը ներկայացնում են աչքները փակ, ականջները բուրդ կոխած մարդիկ, ովքեր գործնականում անտեսել են, թե ինչ զարգացումներ են ընթանում Թուրքիայում և մեր տարածաշրջանում։ Այս մարդիկ ռազմավարական-անվտանգային հարցերից անտեղյակ են, մասնագիտական դաշտում՝ բոբիկ, հայկական շահերին՝ անհաղորդ։
 
Դ) Այս և նմանատիպ ծրագրերը ժամանակին մանրակրկիտ ուսումնասիրության չեն ենթարկվել, դրանց դերակատարները հանրության համար չեն բացահայտվել, այլապես կարելի էր բացատրություններ պահանջել թե՛ հայկական կողմը ներկայացնող կազմակերպություններից, թե՛ Եվրամիությունից, թե՛ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամից։
 
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ
 
Սակայն բոլորը չեն, որ քնած են էշի ականջում։ Կան աշխարհաքաղաքական կենտրոններ և կազմակերպություններ, որոնք հոյակապ հասկանում են կրթական ոլորտում կատարվող փոփոխությունների ռազմավարական նշանակությունը և անհրաժեշտության դեպքում միանգամից արձագանքում են դրանց։
 
Այսպես` Թուրքիայում կատարվածը չի վրիպում IMPACT-se կազմակերպության աչքից: Սա մի կազմակերպություն է, որը գտնվում է Իսրայելում և, ինչպես Ջորջ (Գեորգ) Էքերտի անվան ինստիտուտը, զբաղվում է դասագրքերի հետազոտություններով։ Բոլորովին վերջերս` 2021 թվականի մարտին, IMPACT-se-ն ծավալուն հետազոտություն է հրապարակում` «Էրդողանի հեղափոխությունը Թուրքիայի դպրոցական դասագրքերում» վերտառությամբ, որում քննության է առնում միանգամից 28 դասագիրք (այդ դասագրքերից 23-ը նոր են․ տպագրվել են 2018-2019 թվականներին):
 
Այս կազմակերպության հնչեցրած գնահատականներն ու ձևակերպումները բավական խիստ են և բնութագրական։ Ահա դրանցից մի քանիսը․
 
- Թուքիայում ուսումնառությունը կազմակերպվում է էթնո-ազգայնական կրոնական մոտեցմամբ, որում միահյուսված են նեոօսմանիզմը և պանթուրքիզմը։
 
- Ջիհադը ներկայացվում է որպես առանցքային արժեք։ (Ի դեպ, Կառավարության անդամներից մեկը, պաշտպանելով հանրակրթական նոր ծրագիրը, հայտարարել է, որ «անօգուտ է երեխային մաթեմատիկա սովորեցնելը, եթե նա գաղափար չունի ջիհադից» (էջ 14)):
 
- Շեշտադրվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «Թուրքական աշխարհի տիրապետությունը» և թուրքական կամ օսմանյան «Համաշխարհային կարգը»։ Պանթուրքիզմի գաղափարը սովորողներին մատուցվում է տարբեր մոդուլներով ՝ «Թուրքական աշխարհակալություն», «Համաշխարհային կարգի իդեալ» և «Կարմիր խնձորը»։ Շեշտը դրված է Կենտրոնական Ասիայի թյուրք ազգերի միասնության վրա։ Կարևորվում է «Թուրքական ավազանը», որը ձգվում է Ադրիատիկ ծովից մինչև Կենտրոնական Ասիա:
 
- Դասագրքերում կան ադրբեջանամետ դիրքորոշումներ: Այնտեղ, որտեղ նշվում է Ադրբեջանի հետ Թուրքիայի հատուկ կապի մասին, առկա են խիստ հակահայկական նարատիվներ (պատումներ)։
 
- Նոր դասագրքերում համակրանք է ցուցաբերվում ԴԱԻՇ-ի և «Ալ Քաիդա»-ի նպատակների հանդեպ։
 
- Իսլամը ներկայացվում է որպես քաղաքական երևույթ, որը գիտությունը և տեխնոլոգիան օգտագործում է իր նպատակներն առաջ տանելու համար:
 
- Դարվինի «Էվոլյուցիայի տեսությունն» ուսումնական ծրագրից հեռացվել է:
 
- Կրոնի դասաժամերի թիվն աճել է։
 
- Քրիստոնյաները ներկայացվում են որպես անհավատներ։
 
Կարճ ասած՝ Թուրքիայում վերափոխվել և ներդրվել է ուսումնական ծրագիր, որը շնչում է պանթուրքական և նեոօսմանական գաղափարախոսությամբ, ավելի արմատական է, ավելի իսլամացված, իսկ ահաբեկչությունը ցույց է տալիս դրական լույսի ներքո․․․ Ուսումնական այդ ծրագրի տառին ու ոգուն համապատասխան՝ Էրդողանը 2018-ին թուրք երիտասարդությանը կոչ է անում սովորել, թե «ով ենք մենք եղել մի ժամանակ»` ուսումնասիրելով Աբդուլ Համիդ 2-րդի կյանքը (Rand Corporation, 2020)։

Պատկերն ամբողջանում է, երբ հաշվի ենք առնում, որ այս ամենին զուգահեռ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի բերանով հայ ժողովրդին կոչ է արվում ազգային-ազատագրական պայքարի փուլը համարել անցած։ 

Ու սա կոչվում է երկկողմ խաղաղարարություն և հակամարտության կարգավորո՞ւմ։ Սա ի՞նչ ծանր հեգնանք է Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ...
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ
 
Ի դեպ, IMPACT-se-ն իր հետազոտության մեջ Հայկական հարցին և Ցեղասպանության խնդրին, ըստ էության, չի անդրադառնում։ Սակայն մենք այդ մասին կարող ենք կարդալ Հայկ Դարբինյանի` 2015 թվականին տպագրված հոդվածում։ Այդ հոդվածից ես այստեղ միայն մեկ մեջբերում կանեմ, որը լավագույնս ցույց է տալիս թուրքական կողմի ցինիզմի աստիճանը։
 
Թուրքիայում աշակերտները սովորում են, որ եղել է ոչ թե մանրամասն ծրագրված և իրականացված Ցեղասպանություն, այլ «մեծ գաղթ»՝ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար (!!!)։
 
«Բռնի գաղթի» մասին օրենքի «նպատակը միայն այն էր, որ ապստամբությունների մեջ ներգրավված հայերին հեռացնեն պատերազմական շրջաններից և տեղափոխեն երկրի ավելի ապահով շրջանները։ «Բռնի գաղթի» օրենքով հայ ավազակախմբերի ճիրաններից փրկվեցինայն  հայերը և ապահովվեց նրանց անվտանգությունը, որոնք հրաժարվում էին մասնակցել ապստամբություններին և այլ ահաբեկչական գործողություններին։ ․․․Ուշադրություն է դարձվել նոր բնակեցվելիք վայրերում գյուղատնտեսական հողերի բերրի լինելուն, հայերի անվտանգությունը ապահովելու համար հիմնվել են ոստիկանատներ»:

Քիչ է մնում ավելացնեն, որ հայերն ապերախտ ժողովուրդ են, քանզի «ապահով շրջաններ» տեղափոխվելու և «բերրի հողերի» համար մոռացել են շնորհակալություն հայտնել Օսմանյան կառավարությանը․․․
 
Ահա այսպիսի դասագրքերով են նոր ուսումնական տարին սկսում Թուրքիայում ապրող երեխաները։ Հայատյացության բարձր դեղաչափ կսրսկվի ոչ միայն Թուրքիայում, այլև Ադրբեջանում։
 
Իսկ Հայաստանո՞ւմ․․․ Իսկ Հայաստանում որևէ մեկին չսթափեցրեց նույնիսկ չարաբաստիկ պատերազմը, այս պատերազմում հայկական կողմի պարտությունը և այն, որ մեր երկիրը հայտնվեց աշխարհաքաղաքական աղետալի իրադրության մեջ․․․ Ու այդպես էլ չգտնվեց գեթ մեկը, ով ԱԺ բարձր ամբիոնից կհայտարարեր․ «Հայ երեխան գտնվում է իմ անձնական պաշտպանության ներքո։ Ցեղասպան և հայակեր հարևանների կողքին ո՛րևէ պարտադրված ռեֆորմի մենք չե՛նք գնալու»։
 
Որպես հետգրություն՝ ևս մեկ հարց: Թուրք հեղինակների հետ գրված երկու գրքերն էլ թարգմանված են թուրքերեն և հասանելի են առցանց։ Իսկ ինչո՞ւ ինձ չհաջողվեց գտնել այս գրքերի հայերեն թարգմանությունները։ Հայ հասարակությունն իրավունք չունի՞ ծանոթանալու այս գրքերի բովանդակությանը։

Ահա թուրքերեն թարգմանված գրքերը․

- Պատմության դասավանդումը Թուրքիայում և Հայաստանում․ քննադատություն և այլընտրանքներ (2019) գիրքը թարգմանված է թուրքերեն և առցանց հասանելի է․
 
- «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» 2019
 
Աննա Աղլամազյան