կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 16:46
Հասարակություն

Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

Երևանում տեղի ունեցող Եվրամիության Արևելյան գործընկերության և սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ:

 

Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ ԿԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, ըստ Աշոտյանի, մտել են եզրափակիչ փուլ: Նախարարն առանձնացրել է մի շարք հարցեր, որոնցից առաջինն առնչվել է Հայաստանում ռուսական գիմնազիա հիմնելու խնդրին: Վերջինիս խոսքով` գիմնազիայի նախագիծն արդեն պատրաստ է, և ներկայումս ընթանում են համաձայնագրի շուրջ քննարկումները:

 

Աշոտյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը: Նախարարը նշել է, որ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն:

 

Կլիմովն իր հերթին կարևորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը: Վերջինիս խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ` նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ:

 

Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ ՌԴ կառավարության համար գերակա է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց բուհերի ներսում իրականացվող այն գիտակրթական նախագծերին, որոնք հստակ արդյունք են տալիս: Ալեքսանդր Կլիմովը շեշտել է, որ Սլավոնական համալսարանը ևս կարող է հայտ ներկայացնել` մասնակցելու վերոնշյալ ծրագրերին: