«Ադրբեջանի իշխանություններն իրենց քոչվոր ազգի համար պատմություն են հորինում, իրենց վերագրում հայերի եւ աղվանների կառուցած հին վանքերն ու եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունը գոնե խոսքով տեր չի կանգնում պատմական հին, նշանավոր հուշարձաններին։ Լուսանկարում Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի հռչակավոր Բարձրյալ Խաչ նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարանն է: Միջնադարում կոթողը որոշ չափով վերափոխվել է. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, եւ դամբարանը վերածվել է մատուռի:
Քուռ գետից ուղիղ գծով մոտ 8 կմ հեռավորությամբ գտնվող այս հուշարձանը եւս ապացուցում է, որ հայ ազգն իր բնօրրանում ապրել է հնուց, ստեղծել մեծարժեք կոթողներ:
Այս նշանավոր կոթողը, ինչպես նաեւ Բերդավանի Ղալինջաքար ամրոցը, Նոր Վարագավանքը, Խորանաշատը, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կողբի Մշկավանքը, Տվարաեղցին, Տավուշի բերդը եւ բազում այլ արժեքավոր պատմական հուշարձանների անունները բացակայում են Տավուշի մարզպետարանի ինտերնետային պաշտոնական կայքի «Ընդհանուր տեղեկություններ» խորագրի ներքո Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հրապարակումից, ուր տեղեկություններ կան միայն Հաղարծնի վանական համալիրի, Գոշավանքի, Մակարավանքի, Կապտավանքի, Լաստիվեր քարանձավի (Անապատ), Դեղձնուտի վանքի, Ջուխտակ վանքի, Մաթոսավանքի, Աղջկաբերդի, Կիրանցի վանական համալիրի, Սրվեղի վանքի մասին։ Այդքանը եւ վերջ, բա այդպես ո՞նց կլինի։
Ժամանակին հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը պատկերազարդ մեծ ալբոմ է հրատարակել Ոսկեպար գյուղի պատմական հուշարձանների մասին, ուր վանքերից զատ նաեւ հին կամուջների, աշտարակ-դիտակետի եւ այլնի նկարներ են՝ համապատասխան տեղեկություններով։ Տավուշի մարզում 149 հին եկեղեցի կա, որոնց մեծ մասն ավերված, կիսավեր վիճակում են: Մարզում ոչ միայն հին վանքեր ,եկեղեցիներ,մատուռներ, այլ կոթողներ կան , այլեւ պատմական արժեք ունեցող ծառեր՝ Սարիգյուղի նշանավոր սոսին, որը տնկել է Աշոտ Երկաթ թագավորը եւ Ակնաղբյուր գյուղում 450 թվականին Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնին, որը նա տնկել է, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից ։ 1978թ․ այդ կաղնին տապալվեց, մարշալ Հ․ Բաղրամյանը դրա կողքին կաղնի տնկեց»։