կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-14 13:27
Հասարակություն

''Միացյալ խաչը'' նշանավոր գործիչների արձա՞ն է

''Միացյալ խաչը'' նշանավոր գործիչների արձա՞ն է

Երեկ Yerkir.am-ը հրապարակեց «Քաղաքապետարանը' օրենք խախտելու եւ քծնանքի սահմանագծին» հոդվածը, որում նշել էինք, որ քաղաքապետարանից այդպես էլ մեզ չպատասխանեցին, թե Երեւանի ավագանու ո՞ր նիստում է հայ-ռուսական բարեկամության' «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանի տեղադրմանը վերաբերող քննարկում ընթացել  կամ որոշում ընդունվել:

 

Մեր այդ հարցին քաղաքապետարանից արդեն 10 օր էր` ոչ մի պատասխան չէինք ստանում: Սակայն նյութի հրապարակումից ընդամենը 1,5 ժամ անց քաղաքապետարանից ստացանք մեր հարցման պատասխանը:

 

«Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի իրավաբանական վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ կառավարության 31.08.1999թ. N551 որոշման` ավագանին համաձայնություն է տալիս պետական և հասարակական նշանավոր գործիչների հուշարձանների տեղադրելուն:

 

Ինչ վերաբերում է «Միացյալ խաչ» հուշարձանին, ապա այն տեղադրելու համար ավագանու համաձայնությունը չի պահանջվում»,- նշվում է քաղաքապետարանի ուղարկած պատասխանում:

 

Թե ինչո՞ւ «Միացյալ խաչ» հուշարձանի տեղադրման համար ավագանու համաձայնությունը չի պահանջվում, դա դեռ հարց է, բայց առավել ուշագրավ ու զավեշտալի է քաղաքապետարանի պատասխանի առաջին մասի`  «ավագանին համաձայնություն է տալիս պետական եւ հասարակական նշանավոր գործիչների հուշարձանների տեղադրելուն» ձեւակերպումը: Եթե այս ձեւակերպումն է տեղ գտել պատասխանում, նշանակում է անմիջականորեն առնչվում է «Միացյալ խաչ» արձանին: Եվ հարց, որի պատասխանն ակնկալում ենք ստանալ` հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանում  պետական եւ հասարակական այդ ո՞ր նշանավոր գործիչներն են պատկերված... 

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ

 

Ներկայացնում ենք քաղաքապետարանից ստացված պատասխանի պատճենը: