կարևոր
3820 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-22 19:36
Հասարակություն

Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվել է նշանավոր արձակագիր, հրապարակախոս Զապել Եսայանի անվամբ

Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվել է նշանավոր արձակագիր, հրապարակախոս Զապել Եսայանի անվամբ

Երևանի հ.180 հիմնական դպրոցն այսուհետ պաշտոնապես կրելու է նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը: Նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր ավագանու քննարկմանն ու հավանության արժանացել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Կրթօջախի անվանակոչության հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Երևանի ավագանու անդամներ,  գրականագետներ:

«Շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր օրվա առթիվ: Մենք այսօր չենք անվանակոչում միայն այն պատճառով, որ դպրոցները պետք է ունենան անուն: Սա կարևոր մի գործընթաց է, որով մենք նշանավորում ենք հայ կնոջ, հասարակական ու քաղաքական գործիչ Զապել Եսայանի դերը մեր պատմության և մեր ապագայի տեսանկյունից: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ մենք ունեցել ենք նշանավոր կին գործիչներ, ովքեր պետք է օրինակ ծառայեն այսօրվա սերնդին, ճանապարհ բացեն այն աղջիկների ու կանանց համար, ովքեր ավելի ակտիվ կլինեն մեր երկրի հասարակական կյանքում և ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն մեր քաղաքի ու երկրի նկատմամբ» ,-նշել է Երևանի փոխքաղաքապետը:

«Երբ դպրոցները կրում են որևէ գործչի անուն, ապա դա առաջին հերթին պետք է դիտարկեն որպես պատասխանատվություն՝ թողած ժառանգությունը նորացնելու և առաջ տանելու համար: Նախարարությունն իր հերթին պատրաստակամ է շարունակաբար աջակցել ուսումնական  գործընթացում կանանց ավելի տեսանելի դարձնելու համար:  Զապել Եսայանը մեր պատմության ուժեղագույն կանանցից է, ով կարող է օրինակ ծառայել թե աղջիկներին և թե տղաներին և միասին ուժն օգտագործելով զորեղացնելու մեր երկիրը»,-ընդգծել է նախարարը: 

Միջոցառմանը ներկայացվել է «100 տարի անց» խորագրով բեմադրությունը, պատմելով ուշագրավ դրվագներ Զապել Եսայանի կյանքից, նաև հատվածներ 20-րդ դարի հայ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի ու պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 2-րդ գումարման  պատգամավոր Կատարինե Զալյան-Մանուկյանի հետ առանձնազրույցներից՝ այդկերպ ընդգծելով հայ կանանց կարևոր դերը երկրի կյանքում: 

Զապել Եսայանը աշխարհի ամենախիզախ կանանցից մեկն է: Նա ծնվել է 1878 թվականին Կ․ Պոլսում։ Տեղի Սուրբ խաչ վարժարանում ուսանելուց հետո 1895 -ին մեկնել է Փարիզ, որտեղ իբրև խմբագիր-սրբագրիչ մասնակցել Լուսինյանի բառարանի կազմմանը, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացները։ 

1909թ. ապրիլին երիտթուրքերի՝ Ադանայում կազմակերպված հայերի կոտորածից հետո հայ մտավորականների հետ մեկնել է աղետի վայրեր։ Շուրջ երեք ամիս շրջել և լսել է կոտորածների ականատեսներին, այնուհետ դրանք շարադրել իր պատմվածքներում: 1915թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն է։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ՝ նա մեկնել է Բուլղարիա, ապա Ռումինիա, իսկ 1915թ. վերջին՝ Կովկաս։ Այս ընթացքում ու նաև հետո նրա շնորհիվ փրկվել ու ապաստան են գտել բազմաթիվ որբեր:

1933թ. Զապել Եսայանն աշխատանքի հրավեր է ստացել Երևանի պետական համալսարանից: Ստալինյան բռնապետության տարիներին Գրողների միությունում ելույթից հետո նրան ձերբակալում են։ Նրա ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։ Որոշ տվյալներով՝ նա մահացել է 1943թ.։ 

Դպրոցի աշակերտները նշել են, որ ոչ միայն հպարտ են անվանակոչության համար, այլև հնարավորինս հանրահռչակելու են Զապել Եսայանի հայրենանվեր գործունեությունը: