կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 19:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հերթական մշակութային «սպանդը»․ ԿԳՄՍՆ-ն որոշել է լուծարել կամերային երաժշտական թատրոնը

Վերջին տարիներին մեր մշակույթն աստիճանաբար սկսում է անկում ապրել։ Նախ՝ փակեցին մշակույթի նախարարությունը, իսկ հիմա քայլ առ քայլ վերացնում են մշակութային օջախները։ Ահա եւ այս իշխանության հերթական մշակութային «սպանդը»․ ԿԳՄՍ նախարարությունը նոր որոշում է պատրաստվում ներկայացնել կառավարություն, որով առաջարկելու է միավորել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի եւ Պետական կամերային երաժշտական թատրոնները։

Թատրոնների ղեկավար կազմն ու աշխատակիցները դեմ են այս որոշմանը։ Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, մշակույթի փոխնախարարի հետ քննարկել են հարցը, փոխհամաձայնության չեն եկել, քանի որ ամբողջ թատրոնը, Երեւանի բոլոր թատրոնների ստեղծագործական աշխատակազմերը դեմ են այս որոշմանը։

«Գործնականում մեր վիճակը դառնում է կատաստրոֆիկ, պարզապես կորցնում ենք թատրոնը, կորցնում ենք ստեղծագործելու հնարավորությունը։ ԿԳՄՍՆ-ի այս նախագծով՝ գուցե լուծարվի կամերային թատրոնը, եւ ամբողջ աշխատակազմը կամ աշխատակազմի 70 տոկոսը միավորվի Պարոնյանի թատրոնին, իսկ շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Այս որոշումը չունի տրամաբանություն։ Հիմնավորումն այն է, թե մեր պայմաններն են բարելավում՝ մեզ տեղափոխելով Պարոնյանի անվան թատրոն, բայց դա բարելավում չէ մեզ համար»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առ այսօր չունի շենք, ժամանակին էր պետք մտածել այդ մասին։ Ստեփանյանի դիտարկմամբ՝ թատրոնի շենքը սիմֆոնիկի տեխնիկական պայմաններին համապատասխան չէ, նվագախումբն այստեղ խնդիրներ է ունենալու։

«Որպեսզի սիմֆոնիկ նվագախումբ ունենա տարածք, դուք վերացնում եք մի ստեղծագործական, մշակութային օջախ։ Սա անհասկանալի է ինձ համար։ Ես բազմիցս առաջարկել եմ նվագախմբին՝ մեր տանիքը կիսել նրանց հետ, մինչեւ շենքի հարցը կլուծեն։ Պատրաստ եմ դրան, ավելի ոչինչ չեմ կարող առաջարկել»,- հավելեց թատրոնի գլխավոր ռեժիսորը։

Ստեփանյանը շեշտեց՝ շատ հնարավոր է, որ ծրագրված կերպով մեր մշակույթը տանում են անկման։ «Միգուցե միավորում ասվածը ենթադրում է, որ մշակութային օջախները աստիճանաբար պետք է վերանան։ Վերացնելով ի՞նչ եք շահում։ Եթե մենք աստիճանաբար վերացնենք մեր մշակույթը, կորցնում ենք մեր ազգային դեմքը։ Եթե մեր պետության նպատակն է աստիճանաբար հասնել դրան, ապա, այո, ճիշտ ճանապարհին են»,-ընդգծեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան