կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 17:40
Մշակույթ

Կամերային երաժշտական թատրոնում գեղարվեստական խորհրդի կարիք չունեն

Կամերային երաժշտական թատրոնում գեղարվեստական խորհրդի կարիք չունեն

Այսօր լրագրողների հետ էր հանդիպել ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով ամփոփում էր մշակույթի նախարարության` 2016-ի առաջին կիսամյակի արած աշխատանքները:

Yerkir.am-ը փոխնախարարից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է, արդյոք, ինչ մթնոլորտ է տիրում Կամերային երաժշտական թատրոնում, քանի որ ներկայացրել էինք, որ մի շարք ազատումներ են եղել, և թատրոնում խմորումներ կան: Բացի այդ` փորձեցինք ճշտել նաև, թե արդյո՞ք այնտեղ գեղարվեստական խորհուրդ չի ընտրվելու, քանի որ նախկին խորհուրդը հրաժարական էր տվել: Պողոսյանը, ի պատասխան մեր հարցերի, նշեց, որ այսօր թատրոնի տնօրենն իր մոտ էր` աշնանը նախատեսված անելիքներն էին քննարկում:

«Տնօրենի ներկայացմամբ` թատրոնն այժմ 2 հրավիրյալ ռեժիսորի հետ է աշխատում, և մինչև տարեվերջ երկու նոր ներկայացում կունենան: Բացի այդ` որոշակի վերանորոգման աշխատանքներ են նախաձեռնել և իրենց գրասենյակային մասն են վերանորոգում: Մթնոլորտը թատրոնում լավ է: Ես վատ չեմ նայում նրան, որ մշակութային կազմակերպություններում կարող են լինել ստեղծագործական կոնֆլիկտներ, եթե նման կոնֆլիկտներ չեն ստեղծվում, նշանակում է` այնտեղ նոր բան չեն ստեղծում, շարժ չկա: Թատրոնում աշխատանքները բնականոն հունով առաջ են գնում»,- ասաց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է գեղարվեստական խորհրդին, ապա, ըստ փոխնախարարի, որպես այդպիսին, գեղարվեստական խորհուրդ չի ստեղծվել: «Գեղարվեստական խորհուրդ ստեղծելու իրավասություն ունի միայն թատրոնի տնօրինությունը: Իհարկե, գեղարվեստական խորհուրդը որոշակի աշխատանքներ տանում էր, բայց, համենայն դեպս, խորհուրդն ինքը հրաժարական տվեց»,- ասաց նա: