կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 15:43
Մշակույթ

Երաժշտական նոր գործիքները գործարկվել են պետական կամերային նվագախմբի համերգով. ԿԳՄՍՆ

Երաժշտական նոր գործիքները գործարկվել են պետական կամերային նվագախմբի համերգով. ԿԳՄՍՆ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ եւ փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ եւ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգային ծրագրում. Յ. Ս. Բախ Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր, Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի եւ հարվածայինների համար:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգային ծրագրի մեկնարկից առաջ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ Հայաստանն իր բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին է պատկանում եւ չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն, ինչ այսօր ձեռք է բերել Կամերային երաժշտության ազգային կենտրոնը,  երաժշտասեր հանրության եւ մասնագիտական համայնքի նվաճումն է։ «Երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման եւ միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Լայն իմաստով՝ երաժշտական գործիքների անհրաժեշտություն կա երաժշտական արվեստի տարածման եւ պահպանման բոլոր կառույցներում։ Ուստի, յուրաքանչյուր աջակցություն այս խնդրի կարգավորման ուղղությամբ պահանջված է եւ մեծապես գնահատելի»,- նշել է  Արա Խզմալյանը եւ նման նշանակալի մշակութային իրադարձության ու գործադրվող ջանքերի հետեւողականության համար իր երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային եւ ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանին:

ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի  հավաստիացմամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար «Grassroots» դրամաշնորհային ծրագրով նոր գործիքների ձեռքբերումը չափազանց կարեւոր իրադարձություն է։ «Դեռ 2018 թվականից ի վեր, երբ ստանձնեցի ԿԵԱԿ տնօրենի պարտականությունները,  առաջնային նպատակներիցս մեկը բարձրորակ համերգների կազմակերպման համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովելն էր։ Խորհրդանշական է, որ ծրագրի իրագործումը համընկավ ԿԵԱԿ 10-ամյակի հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել երկացանկը, հրավիրել նորանոր արտիստների եւ իրականացնել նախագծեր, որոնք չէին կատարվում անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պատճառով»,- նշել է նա եւ հավելել, որ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի ստացման գործում իր մեծագույն ներդրումն ունի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադան, ում հետեւողական ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել տարիներ անց ունենալ ոչ միայն նոր ռոյալ, այլեւ հարվածային գործիքների ամբողջական հիմնական կազմ։

ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը նախագծի իրագործման համար երախտիքի խոսք է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ վերոնշյալ նախագծի շրջանակում աջակցելու համար։ Նա նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԵԱԿ բարեկամ Լիանա Սահակյանին՝ այս նախագծի իրականացման գործում ներդրած ջանքերի համար։ Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողություն:

«Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման նախագիծն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի (GCGP) շրջանակում»,- նշված է հուշատախտակի վրա: