Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊՈԱԿ-ների հետ կապված հարցը որոշում չէր. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին, նա նախ նշեց, որ ինքն այս պահին փոխնախարար չէ, նույնիսկ պաշտոնատակատար չէ, քանի որ նախարար չունենք, կատարում է նախարարի պարտականություններն ու իր լիազորությունների մեջ է մտնում որոշումներ կայացնելը:
«Այդ որոշումները քմածին ու ինքնուրույն չեմ կատարում: ՊՈԱԿ-ների հետ կապված հարցը որոշում չէր: Այստեղ կար կառավարության հանձնարարականը, որը բխում է կառավարության ծրագրից: Բոլոր նախարարություններն են ստացել նման հանձնարարականներ: Քանի որ մեր ներկայացրած տեղեկանքը դուրս է հանվել և լրատվամիջոցներին է տրվել, այսպիսի մեծ աղմուկ է բարձրացել»,- ասաց Ղարիբյանը:
Անդրադառնալով հարցին` ո՞րն է սկզբունքը, նա նշեց. «Համարձակ ձևով ձեր վերլուծությունը կատարել, բայց առաջնորդվել ոչ թե գումարի տնտեսման կամ կրճատումների սկզբունքով, այլ պատասխանատվությունների համախմբման և գործունության արդյունավետության սկզբունքով»:
Ղարիբյանը կարծում է, որ հանրությունը չի տուժում: «Մենք նման հանձնարարականներ ամեն օր 5-6 անգամ ենք ստանում: Պարզապես այնքան կեղծ ու անհիմն մեկնաբանություններ են հնչել: Էդ մի «կաթիլ մեղր»-ը ես պատահական չեմ կրկնում: Դուք պատկերացնում եք, որ մեր ամբողջ կառավարությունն իրենց բոլոր կատարած աշխատանքները պիտի հրապարակի՞: Որտե՞ղ եք դուք նման բան տեսել: Որևէ երկրում նման բան չկա: Այս տեղեկանքի վերլուծությունից հետո մենք պիտի քայլեր ձեռնարկենք: Դրանք իրենցից ենթադրում են գործողությունների ծրագիր, հաշվարկ»,- հավելեց նա:
Ղարիբյանը հորդորեց քառակուսուց դուրս մտածել: «Այդ որոշումը մի տեղեկանքի վրա չի լինելու: Մենք 70-ի մասին ենք ներկայացրել, բայց որոշում չկա դեռ: Խնդիրը լուծարելը չէ: Լուծարել բառի կողքին շատ բառեր են գրված: Չի գրված` լուծարել, վե’րջ, ժողովո’ւրդ, գնում ենք տուն: Հարցը էստեղ լինել-չլինելը չէ, հարցը կարգավիճակն է`պետակա՞ն, թե՞ ոչ: Որևէ թատրոնի լուծարման հարցը կարող է դրվել, եթե մենք ունենք օրենսդրական դաշտի կարգավորում: Այս պահին Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ուզում է հետսովետական շրջանից դուրս պոկվել: ՊՈԱԿ-ի կառուցվածքը շատերին է խանգարում հարստանալ, արդյունավետ գործել, մրցակցային դաշտում գործել»,-ընդգծեց նա ու հավաստիացրեց, որ այս պահին կա ՊՈԱԿ, որի ոչ միայն աշխատակիցներն են գոհ, այլև տնօրենը: «Այս պահին կա, բայց չեմ ասի` ով է: Նրանք շատ լավ են զգում իրենց ու կարիք չունեն պետական աջակցության. այսպես կարող են կրկնակի շահույթ ունենալ»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: