Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կամերային երաժշտական թատրոնն ունի գեղարվեստական խորհրդի նոր կազմ: Հիշեցնենք, որ վերջերս թատրոնի դերասանական կազմի հետ ունեցած խնդիրների պատճառով աշխատանքից ազատվել էր թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը նշեց, որ առայժմ իրենց առջև գլխավոր ռեժիսոր նշանակելու խնդիր չեն դրել, հիմա ավելի շատ ուժեղացնում են գեղարվեստական խորհուրդը, որն էլ հենց ինչ-որ ժամանակ այդ հարցերով կզբաղվի:
«Գեղարվեստական նոր խորհրդի կազմ է հաստատվել: Մոտ օրերս նիստ կհրավիրենք և ստեղծագործական բոլոր հարցերը կքննարկենք: Գեղարվեստական խորհրդին էլ կվերապահվի այն իրավասությունը, որ բոլոր իրականացվելիք ծրագրերն իր միջոցով կյանքի կոչվեն»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին` գլխավոր ռեժիսորի հաստիքը կպահպանվի՞, թե՞ կկրճատվի, նա պատասխանեց, որ իրենք հաստիք կրճատելու հարց չեն քննարկում, նման խնդիր չկա դրված օրակարգում: «Նման հարց բացարձակապես չի էլ քննարկվում: Ժամանակի խնդիր է` փորձում ենք հասկանալ` ինչ ընթացքով պետք է դա անենք: Կհրավիրենք ռեժիսորների, գեղարվեստական խորհրդով կորոշվի ընտրության հարցը: Մենք հիմա երկրորդ ռեժիսոր ունենք: Բանն այն է, որ պատասխանատու գործ է ռեժիսորի աշխատանքը, և խնդիրը միայն մասնագիտական կարողությունների մեջ չէ, հազար ու մի հարցեր են, որ անձը պետք է իր մեջ կրի: Վերջիվերջո, գործ ունենք ստեղծագործող մարդկանց հետ: Ոչ մի հիմնարկի անուն չեմ ուզում կպցնել, բայց թատրոնը յուրահատուկ կառույց է, ստեղծագործող մարդը զգայուն է` շփումներ, հարաբերություններ, էթիկա, շատ հարցեր կան, որոնք մտածելու տեղիք են տալիս: Ընթացքը ցույց կտա` ով կլինի նոր ռեժիսորը»,- ասաց Գրիգորյանը:
Թատրոնի տնօրենը հավաստիացնում է` թատրոնում մթնոլորտը ստեղծագործական է, խաղաղ, իր հունով է գնում ամեն ինչ, և հիմա էլ ներկայացումներ են նախանշված գրաֆիկով գնում, ինչպես նաև նոր ներկայացումների փորձով է ստեղծագործական կազմը զբաղված, և բավական ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում: «Որևէ քննարկվելիք խնդիր չկա, և ես էլ փորձում եմ ասեկոսեներին ուշադրություն չդարձնել, քանի որ պետք է թատրոնը և\' խաղաղվի, և\' իր աշխատանքները կատարի, ինչն էլ անում ենք»,- ասաց նա:
Ի դեպ, նախօրեին տեղի է ունեցել թատրոնի գեղարվեստական խորհրդի առաջին նիստը: Գրիգորյանը հաստատել է թատրոնի նոր գեղարվեստական խորհրդի կազմը` «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ Արա Խզմալյան /խորհրդի նախագահ/, Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյան /խորհրդի անդամ/, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Նարինե Գրիգորյան /խորհրդի անդամ/, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյան /խորհրդի անդամ/, կոմպոզիտոր, «Աստղիկներ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյան /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի ռեժիսոր Արթուր Սարիբեկյան /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյան /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի նկարիչ Մերի Արեյան /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյան /խորհրդի անդամ/:
«Խորհրդի գործունեությունն ուղղված է լինելու Կամերային երաժշտական թատրոնի խաղացանկի նորոգմանն ու հարստացմանը, թատերախմբի մասնագիտական ներուժի լիարժեք գործադրմանը: Ի լրումն հիմնական աշխատանքների` թատրոնի ստեղծագործական կյանքն ակտիվացնելու նպատակով կկազմակերպվեն նաև թատերական փառատոներ, դրամատուրգիական ընթերցումներ, գիտաժողովներ, տարաբնույթ այլ միջոցառումներ: Ստեղծագործական ծրագրերի իրականացման գործում կընդգրկվեն նաև հրավիրյալ բեմադրիչներ, դերասաններ։ Բոլոր ծրագրերը քննարկվել և համաձայնեցվել են թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ։ Գեղարվեստական խորհուրդն ունենալու է ոչ միայն խորհրդակցական գործառույթներ, այլև՝ ընդգծված գործնական նշանակություն»,-տեղեկացնում է Կամերային երաժշտական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարա Եփրեմյանը: