կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 17:20
Մշակույթ

Մշակույթի նախարարն ուշի ուշով հետևում է, թե ինչպես է «քանդվում» Կամերային երաժշտական թատրոնը

Մշակույթի նախարարն ուշի ուշով հետևում է, թե ինչպես է «քանդվում» Կամերային երաժշտական թատրոնը

Տեղեկացրել էինք, որ Կամերային երաժշտական թատրոնում մթնոլորտը լարված է. հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական խորհուրդը, եղել են աշխատանքից ազատումներ: Թե՛ գեղխորհրդի նախագահը` Արա Խզմալյանը, թե՛ թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանն ու դերասանները նշում են, որ թատրոնի իրավիճակի վերաբերյալ զրույցներ են ունեցել, զեկուցագրեր ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն` տեղեկանալու` ի՞նչ ընթացք է տրվել դիմումներին, արդյո՞ք նախարարությունը տիրապետում է ինֆորմացիային, թե ի՞նչ է կատարվում թատրոնում:

Նախարարությունից, ի պատասխան մեր հարցմանը, հայտնել են, որ թատրոնում տիրող իրավիճակը ներքին անհամաձայնության և ստեղծագործական գործընթացում առկա տարբեր մոտեցումների հետևանք է:

«Անկախ այն հանգամանքից` կողմերը կգա՞ն համաձայնության, թե՞ ոչ, թատրոնում պետք է ընթանան լիարժեք ստեղծագործական պրոցեսներ, որի արդյունքին հետևում է նախարարությունը: Ստեղծված իրավիճակի, վերոնշյալ խնդիրների, ինչպես նաև թատրոնի բնականոն գործունեության և ստեղծագործական ընթացքի ապահովման պատասխանատվությունը կրում է թատրոնի տնօրինությունը»,- ասում են նախարարությունից:

Մենք փորձել էինք ճշտել նաև, թե որքանո՞վ են հիմնավորված ազատումները, բայց նախարարությունն անտեսել էր հարցը: Բացի այդ` հարցրել էինք, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում թատրոնին` կլինի՞ գեղխորհրդի նոր ընտրություն: Այս հարցը նույնպես շրջանցվել էր:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարությունից նշում են, թե պատասխանատվությունը կրում է թատրոնի տնօրինությունը` այդպիսով իրենց վրայից թոթափելով խնդրին ինչ-որ կերպ միջամտելը: Ստացվում է` մշակույթի նախարարին ձեռնտու է թատրոնում ստեղծված իրավիճակը, եթե նա ընդամենը հետևում է գործընթացին: Ավելին` նախարարությունը կամաց-կամաց վերածվում է մի կառույցի, որն ընդամենը հետևում է, թե ինչպես են քանդվում թատրոնները: Ի դեպ, գնահատելի գործ եք անում, շատ ուշի ուշով եք հետևում, այնքան տարված եք հետևելով, որ մոռանում եք աշխատել, անգամ` այն դեպքում, երբ խնդիրը փակուղի է մտնում, և թատրոնի լինել-չլինելու հարցն է առաջ եկել:

Նախարարությունը հետաքրքիր մարտավարություն է մշակել` այն, ինչ իրեն ձեռնտու չէ, հատկապես` նշանակումների և ազատումների դեպքում, միջամտում է, գրչի մի շարժումով նշանակումներ անում, իսկ երբ իրավիճակը ձեռնտու է, ձեռնպահ է մնում` ասելով, որ հետևում են գործընթացին: Տիկի\'ն նախարար, թատրոնում իրար հետ ձայնագրիչներով են խոսում, չգիտես` ինչու, բոլոր նիստերը ձայնագրված են: Ի դեպ, ինձ էլ էր տնօրենը ձայնագրում, երբ նրանից հարցազրույց էի վերցնում. չտեսնված դեպք` իմ պրակտիկայում: Մի՞թե սա թատրոնին հարիր մթնոլորտ է: Թատրոնից դուրս էր եկել գլխավոր ռեժիսորը` Արմեն Մելիքսեթյանը, հետո գեղխորհուրդը հրաժարական տվեց, այնուհետև գեղարվեստական մասով փոխտնօրենն ազատվեց աշխատանքից, չե՞ք կարծում, որ թատրոնում, այնուամենայնիվ, խնդիր կա` չնայած նրան, որ նույն հարցին տնօրենը բացառիկ պատասխան տվեց` նշելով, թե խնդիրն իրականում այն է, որ Երևանում ունենք «կամերային» անունով 3 մշակութային կենտրոններ:

Նման իրավիճակում, թե ի՞նչ բախտի կարժանանա թատրոնը, դժվար է ասել, մանավանդ` եթե նախարարությունը շարունակի ուղղակի ուշադիր հետևել, թե էլ ի՞նչ կարող է կատարվել թատրոնում: 

 

Կարինե Հարությունյան