կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-27 16:28
Մշակույթ

Մոտ ապագայում կամերային երաժշտական թատրոնը գեղարվեստական ղեկավար կամ գլխավոր ռեժիսորի չի ունենա

Մոտ ապագայում կամերային երաժշտական թատրոնը գեղարվեստական ղեկավար կամ գլխավոր ռեժիսորի չի ունենա

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին ներկայացրել է նոր տնօրենին:

«Հռիփսիմե Առաքելյանի հետ աշխատանքային երկար փորձ ունենք և՛ լրատվության, և՛ կառավարման ոլորտներում: Շատ լավ ծանոթ եմ նրա ունակություններին, կոլեկտիվը համախմբելու, գործընկերներին ոգեշնչելու և առաջնորդելու կարողությանը: Ուրախ եմ, որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց հենց Հռիփսիմեն, և վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում Թատրոնը կվերագտնի իր երբեմնի դեմքը»,-ներկայացնելով նորանշանակ տնօրեն Հռիփսիմե Առաքելյանին՝ ասել է Ամիրյանը:

Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարարը հույս է հայտնել, որ նոր տնօրենի հետ միասին կոլեկտիվը կձևավորի նոր դիմագիծ, նոր խաղացանկ ու Կամերային երաժշտական թատրոնի նոր տեսլականը: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Եղիշե Խերանյանին, ով կարճ ժամանակահատվածով՝ ըստ պայմանավորվածության, ստանձնել էր Թատրոնը ղեկավարելու պատասխանատվությունն ու հասցրել սիրվել ու գնահատվել կոլետիվի կողմից:

Ինչպես Խերանյանի, այնպես էլ նրան նախորդած բոլոր ղեկավարների օրոք, Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները բարձրացրել են գեղարվեստական ղեկավար ունենալու անհրաժեշտության հարցը: Նախարարի ու նոր տնօրենի հետ հանդիպմանն այսօր խնդիրը կրկին օրակարգում հայտնվեց: «Մոտ ապագայում գեղարվեստական ղեկավարի կամ գլխավոր ռեժիսորի հարց օրակարգում չկա: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նոր տնօրենը գնահատի Թատրոնում տիրող իրավիճակը, մթնոլորտը, նաև ձեզ հետ խորհրդակցելով, համատեղ ուրվագծելով այն պատկերը, որին ցանկանում է հասնել Կամերային երաժշտական թատրոնը: Տնօրենի հետ միասին նախ ինքներդ պետք է փորձեք հասկանալ՝ ի՞նչ քաղաքականություն եք մշակում Թատրոնում: Դրանից հետո միայն կորոշենք՝ պետք է ձեզ գեղարվեստական ղեկավար, թե ոչ: Չի՛ կարելի հրավիրել որևէ մեկին առանց այդ քաղաքականությունը հստակ պատկերացնելու»,-ասել է Ամիրյանը:

Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում հանգուցալուծում կստանա նաև Կամերային թատրոնի «հեռակա կառավարման» երկարամյա ու տարօրինակ պրակտիկան.«Անընդունելի է, որ Թատրոնը գտնվում է քաղաքի մի ծայրում, իսկ տնօրենությունը՝ մյուս ծայրում: Այդպես չի՛ կարող շարունակվել: Տնօրենի հետ դուք գտնվելու եք ամենօրյա և ամենժամյա շփման մեջ, մշտապես զգալու եք նրա ներկայությունը հենց այստեղ՝ թատրոնում»:

«Ես ունեմ բոլորիդ աջակցության կարիքը, և պատրաստ եմ լսել ու համատեղ քննարկել բոլոր առաջարկությունները: Ի պաշտոնե, իհարկե, իրականացնելու եմ մենեջերի գործառույթներ, բայց հեռու չեմ թատրոնից ու արվեստից: Փորձենք միասին հասկանալ և ուրվագծել թատրոնի քաղաքականությունն ու առաքելությունը, որից հետո նաև լուծել մյուս խնդիրները»,- թատրոնի կոլեկտիվին առաջարկել է նոր տնօրենը: