կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 13:33
Տարածաշրջան

«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Վրաստանի իշխանությունների «հանցավոր պասիվությունը»

«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Վրաստանի իշխանությունների «հանցավոր պասիվությունը»

«Լրագրողներ՝ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է «հանցավոր պասիվությունը», որը Վրաստանի իշխանությունները ցուցաբերեցին հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Կազմակեպությունը մեկնաբանել է ծայրահեղ աջ ակտիվիստների հարձակումը լրագրողների վրա, որոնք լուսաբանում էին ԼԳՏԲ համայնքի կազմակերպած «Արժանապատվության երթ»-ի դեմ պայքարը՝ նշելով, որ ոստիկանությունը չի միջամտել: Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել պատժել բոլոր պատասխանատուներին:

«Ընդհանուր առմամբ, 53 լրագրող հարձակման է ենթարկվել ԼԳՏԲ ակտիվիստների և աջակիցների կողմից ծրագրված երթի դեմ ցույցերը լուսաբանելիս: Նրանք ստացել են վնասվածքներ՝ ներառյալ ցնցում, քիմիական այրվածքներ և ձեռքի կոտրվածքներ: Առնվազն հինգը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Թբիլիսիում լրագրողների վրա բռնի հարձակումները լուրջ խոչընդոտ են Վրաստանում մամուլի ազատության համար... Լրագրողները պետք է ազատ լուսաբանեն ցանկացած ցույց, իսկ ոստիկանությունը պետք է պաշտպանի նրանց, մինչ նրանք կատարում են իրենց գործը»,- ասում է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ղեկավար Ժաննա Քավելիեն՝ հավելելով․ «Մտահոգված լինելով այս վտանգավոր նախադեպով և վրացական իշխանությունների ցուցաբերած պասիվությամբ՝ մենք հիշեցնում ենք նրանց միջազգային պարտավորությունների մասին և կոչ անում պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցների նկատմամբ բռնության գործողությունների համար պատասխանատու բոլոր անձանց»:

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուշացումով դատապարտել է լրագրողների նկատմամբ բռնությունը՝ այն անվանելով «կտրականապես անընդունելի»: