կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-23 16:12
Տարածաշրջան

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայում մամուլի անազատությունը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայում մամուլի անազատությունը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների վերաբերյալ 15 էջանոց մի զեկույց է հրապարակել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կազմակերպությունը  ուսումնասիրել է ձախողված հեղաշրջման փորձից հետո հայտարարաված արտակարգ իրադրության ազդեցությունը մամուլի ազատության վրա:  Մասնավորապես արձանագրվել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում բանտարկվել է շուրջ 100 լրագրող,  դադարեցվել է շուրջ 100  թերթերի, ամսագրերի, հեռուստա- և ռադիոհաղորդումների գործունեությունը, մի շարք լրագրողների անձնագրեր անվավեր են հայտարարվել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի պատասխանատու Քրիստիան Միհրը  նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության՝ հետզհետե աճող բռնատիրական ոճի պատճառով Թուրքիայում լրագրողները մեծ դժվարությունների մեջ էին նաև մինչև հեղաշրջման փորձը:

«Արտակարգ իրավիճակը անհավատալիորեն արագացրեց այդ զարգացումները: Արտակարգ իրավիճակը արդեն իսկ ծանր վնասներ է հասցրել Թուրքիային, այն չպետք է երկարաձգվի», - նշել է Միհրը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից ընդամենը հինգ օր անց երկրի կառավարությունը եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարել: Դրա ժամկետը լրանում է հոկտեմբերի 20-ին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջել է, որպեսզի անվավեր ճանաչվեն Եվրոպայի մարդու իրավունքների հռչակագրին հակասող «օրենքի ուժ ունեցող որոշումները», ինչպես նաև դադարեցվեն լրագրողների դեմ կիրառվող սահմանափակումները, որոնց շրջանակներում բռնագրավվել կամ անվավեր են ճանաչվել մի շարք լրագրողների անձնագրերը կամ լրագրողական քարտերը: