կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 11:15
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է, որ միայն իրենք ու Հունաստանը կարող են լուծել խնդիրները, ոչ թե՝ ԵՄ–ն

Թուրքիան հայտարարել է, որ միայն իրենք ու Հունաստանը կարող են լուծել խնդիրները, ոչ թե՝ ԵՄ–ն

Թուրքիան «դրական տրամադրություն» ունի հարևան Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով․ արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պատրաստ է մայիսի 31-ին Աթենքում պաշտոնական բանակցություններ վարել իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ նրա՝ անցյալ ամիս  Անկարա կատարած այցից հետո:

«Ես դրական տրամադրությամբ եմ մեկնում Հունաստան»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին, որոնք մայիսի 30-ին ուղեկցում էին նրան:

Ըստ Hurriyet-ի՝ Թուրքիան և Հունաստանը սկսել են քաղաքական ու ռազմական բանակցությունները՝ լուծելու վիճահարույց խնդիրները, որոնք ծագել են Էգեյան և Միջերկրական ծովերում 2020 թվականի ճգնաժամից հետո:

Չավուշօղլուի՝ Հունաստան կատարած այցը հաջորդել է Դենդիասի` Անկարա կատարած ուղևորությանը, որտեղ համատեղ ասուլիսի ժամանակ սկսվել էր դիվանագիտական վեճ: Չնայած դրան՝ ապրիլի վերջին Կիպրոսում ՄԱԿ-ի «5+1» հանդիպման ընթացքում երկու նախարարները պայմանավորվել էին Չավուշօղլուի՝ Հունաստան կատարելիք այցի շուրջ, որպեսզի չխանգարեն քաղաքական երկխոսությանը։

Թերթը նշում է, որ հունիսի կեսերին Բրյուսելում անցկացվելիք՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հավանական հանդիպման նախերգանք է համարվում նաև Թուրքիայի նախարարի՝ Հունաստան կատարած ուղևորությունը:

Հունական To Vima-ին տված հարցազրույցում Չավուշօղլուն նախանշել է Թուրքիայի դիրքորոշումը Հունաստանի հետ կապված խնդիրների վերաբերյալ ՝ շեշտելով, որ ինքը միշտ լավատես է հարևան երկրի հետ առկա տարաձայնությունները լուծելու հարցում:

«Որպես երկու հարևան՝ մենք պետք է նույն աշխարհագրության մեջ ապրենք: Հետևաբար,  պետք է մեր հարաբերությունները որակենք որպես համագործակցություն, այլ ոչ թե որպես հակամարտություն: Մեր ձեռքում է որոշել մեր ճակատագիրը և առաջ շարժվելու ճանապարհը»,- ասել է նա:

Չավուշօղլուն ասել է, որ Աթենքը չպետք է ԵՄ-ն օգտագործի որպես հաղթաթուղթ, այլ կենտրոնանա առկա դրական շարժի վրա: «Միայն Թուրքիան ու Հունաստանը կարող են խնդիրները լուծել, ոչ թե՝ ԵՄ-ն», - շեշտել է նա:

Արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ Թուրքիան և ԵՄ-ն վերջերս ստեղծել են բարենպաստ միջավայր, և չպետք է հրաժարվել դրանից։