կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 17:53
Հասարակություն

Ներառական կրթության խնդիրները կախարդական փայտիկով չենք կարող լուծել

Ներառական կրթության խնդիրները կախարդական փայտիկով չենք կարող լուծել

Այս տարի ևս 6 դպրոցում կիրականացվի ներառական կրթություն, իսկ մինչև 2025 թվականը բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ մինչև 2025-ը նախատեսված համընդհանուր ներառումը խնդիր չէ, որովհետև ներառման համակարգին անցնելու նպատակով վաղուց են աշխատանքներ տարվում:

«Սա մեզ համար 1-2 տարվա խնդիր չէ. տարիներ է, որ սկսել ենք և ունենք զգալի հաջողություններ արձանագրած դպրոցներ: Այստեղ կարևորը երեխաներն են, որոնք այսօր արդեն ներառական տիրույթից դուրս են եկել և չեն դիտարկվում որպես սակավ հնարավորություններ ունեցող երեխաներ»,- ասաց Սողոմոնյանը:

Ըստ նրա` հասարակության մեջ սառույցը վաղուց է կոտրվել, մյուս կողմից` կան մարդիկ, որ պետք է իրենց ներսում հարցը կարգավորեն, իրենց կարծրատիպերը փոխեն: «Ես առաջին դպրոցներից մեկի /թիվ 62/ տնօրենն էի, որը ներառական կրթություն էր իրականացնում, և մեջս վախվորած բան կար: Բայց հետո ինքս էլ հասկացա, թե ինչ կարևոր գործ եմ անում»,- նշեց Սողոմոնյանը:

Հարցին, թե արդյո՞ք ներառական կրթություն իրականացնող դպրոցների մի մասը ձևական չէ ընդգրկված ցանկում, քանի որ վերջերս թիվ 125 դպրոցի հետ կապված դեպքը/մայրը մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա տղային փորձել էր ընդունել ներառական կրթության համակարգում ընդգրկված թիվ 125 դպրոցը, իսկ տնօրենը հրաժարվել էր տղային դպրոց ընդունել/, կարծես, դա է փաստում, Սողոմոնյանը պատասխանեց, թե ոլորտում խնդիրներ, այո, կան, և դրանց լուծման համար ժամանակ է պետք: «Կլինեն նման բաներ, սակայն սա պետք չէ ընդհանրացնել: Ինչո՞ւ լավ բաներից չենք խոսում, հիմա, դրական արդյունքները թողած, թերությունների՞ց խոսենք: Գիտե՞ք` թերություն թույլ տվածներն էլ են հիմա փոխվում, նրանց գիտակցության մեջ էլ է փոփոխություն կատարվում: Ներառումը հանրապետությունում լայն թափ է առնում, և այս գաղափարի կողքին լուրջ մարդիկ են կանգնած, ինչպես նաև` մեր ուսուցիչների թիմը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ներառական կրթություն իրականացնող դպրոցների մեծ մասը հարմարեցված չէ անգամ հենաշարժական խնդիր ունեցող երեխաներին, Սողոմոնյանը պատասխանեց, թե այդ խնդիրներն աստիճանաբար կլուծվեն: «Հասկանո՞ւմ եք` դպրոցն ի սկզբանե կառուցված է եղել ոչ այդ նպատակով. 30-40 տարվա շենքեր են, և այդ աշխատանքները կախարդական փայտիկով չես կարող անել: Հույս ունեմ, որ 2025-ին բոլոր դպրոցներն էլ մատչելի կլինեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ են մեր ուսուցիչները պատրաստ անցնելու ներառական համակարգին, Սողոմոնյանը պատասխանեց, թե ուսուցիչների հետ աշխատանքը շարունակական պետք է լինի: «Պետք չի պարտադրել ոչ մեկին և ինչ-որ կարծիք թելադրել, մարդուն պետք է թողնել, որ նա ինքը գա այդ կետին»,- ասաց նա: