կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-26 13:15
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումները չեն կարող ինքնըստինքյան լուծել խնդիրները. Գեւորգ Դանիելյան

Սահմանադրական բարեփոխումները չեն կարող ինքնըստինքյան լուծել խնդիրները. Գեւորգ Դանիելյան

«Իհարկե, մենք' հեղինակներս, համարում ենք, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է, բայց պատրաստ է մեր պատկերացմամբ, եւ հանրային լսումներն ու քննարկումները կարեւոր են' քաղաքական եւ մասնագետների մոտեցումների մասին ավելի առարկայական պատկերացում ունենալու եւ հայեցակարգն ավելի ավարտուն ու կատարյալ տեսքով ներկայացնելու համար»,- Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ այսօր լրագրողներին ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

 

Բանախոսն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ այս բարեփոխումների համար ընտրվեց հենց այս ժամանակահատվածը, եւ ասաց, որ հաճախ է նշվում, որ, որպես կանոն, այսպիսի նախաձեռնություններով հանդես են գալիս հատկապես այն ժամանակ, երբ, ըստ էության, կա կա'մ քաղաքական ճգնաժամ,  կա'մ այդպիսի ճգնաժամի իրական վտանգ: Ըստ Դանիելյանի` կոնկրետ քաղաքական ճգնաժամի հետ նման քայլերը փոխկապակցելը ճիշտ ու հիմնավորված չէ, եւ քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ երբ սահմանադրական, անգամ` էական  բարեփոխումները հաջորդում կամ զուգորդում են քաղաքական ճգնաժամերին, ապա դրանք չափազանց անկայուն են լինում, հաջողության չեն հանգեցնում եւ կարճ ժամանակ անց վերանայվում են:

 

«Առավել կարեւոր է, երբ կանխատեսումներ են արվում, թե ինչպիսին կլինեն քաղաքական եւ իրավական զարգացումները, եւ ըստ այդմ էլ փորձ է արվում բարելավել ե'ւ Սահմանադրությունը, ե'ւ դրա հիման վրա ընդունվող սահմանադրական, օրենսդրական ակտերը»,- նշեց Գեւորգ Դանիելյանը:

 

Սահմանադրական իրավունքի մասնագետը, անդրադառնալով դիտարկումներին, թե այս բարեփոխումներից ավելի հրատապ սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրներ կան, նշեց, որ սահմանադրական բարեփոխումները ոչ միայն չեն խոչընդոտում, այլեւ պետք է ուղղված լինեն նպաստելու այդպիսի խնդիրների լուծմանը: Նա շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումները երբեք չեն կարող ինքնըստինքյան լուծել այն բոլոր խնդիրները, որոնք հասարակության առջեւ ծառացած են, քանի որ կան տարբեր տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրներ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում սահմանդրության թերություններին:

 

«Դրա համար մենք շատ հստակ նշել ենք, որ եթե այսօր սահմանդրության բարելավման առնչությամբ' ոչ միայն տեքստի, այլեւ ընդհանրապես մշակույթի առնչությամբ խնդիրներ կան, ապա դրանք պայմանավորված չեն միայն զուտ սահմանադրական, իրավական լուծումներով: Այլ կերպ ասած' մենք ինքներս էլ ընդունում ենք, որ Սահմանադրության բարելավումն ինքնըստինքյան խնդիրներ չի լուծում: Եթե դա չի ուղեկցվելու համահունչ իրավակիրառ պրակտիկայով, եթե իրավական եւ քաղաքական մշակույթը դրան զուգահեռ, եւս չեն բարելավվելու, ապա կարծում եմ` զուտ տեքստային առումով անգամ ամենահաջող բարեփոխումները հազիվ թե արդյունք ունենան»,- ընդգծեց բանախոսը' հավելելով, որ մասնագետները պետք է իրենց ծանրակշիռ մասնագիտական խոսքն ասեն, բայց նաեւ պետք է վերանայվի քաղաքական ու իրավական մշակույթը: