կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 15:27
Քաղաքական

Որևէ իշխանություն իրավունք չունի անձնական նախաձեռնությամբ փորձել լուծել Արցախի հարցը, այն ժողովուրդն արդեն լուծել է. Ռուստամյան

Որևէ իշխանություն իրավունք չունի անձնական նախաձեռնությամբ փորձել լուծել Արցախի հարցը, այն ժողովուրդն արդեն լուծել է. Ռուստամյան

Արցախի հետ կապված մեզ ստիպում է անհանգստանալ այն վիճակը, որ Ադրբեջանը շատ լավատեսական հայտարարություններ է անում, թե 2019 թվականին շատ մոտ են համաձայնության կնքմանը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Մենք գիտենք, չէ՞, թե Ադրբեջանին ինչ պետք է բավարարի, որ իրենք գնան համաձայնության: Մեզ համար շատ հստակ է եղել այն կարմիր գիծը, որ մինչև հիմա, երբ որևէ իշխանության հետ ունեցել ենք որևէ համագործակցություն, փորձել ենք այդ իշխանությունների ձեռքով այդ կարմիր գիծը քաշել: Այդ հայտարարությանը, որ եղել է ադրբեջանական իշխանությունների կողմից, մեր իշխանությունները պետք է պատասխանեին` չի կարող լինել որևէ զիջում Հայաստանի կամ Արցախի կողմից, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի անկախությունը»,- շեշտեց նա:

Ռուստամյանն արձանագրեց, որ այսօր Ադրբեջանը չի պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, բայց խոսվում է ինչ-որ համաձայնության հնարավորության մասին, այն էլ` թե շատ մոտ են տեսակետները: «Այստեղ ուրիշ բան չի մնում մտածելու, քան այն, որ կա'մ զիջում ենք, զիջում ենք այն տեսակետից, այն պլատֆորմից, որն Արցախի ժողովուրդն է  արձանագրել Սահմանադրության 175 հոդվածով, որի մասին անընդհատ խոսում ենք, կա'մ պատերազմական վիճակ պետք  է լինի, որովհետև ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` պատերազմն ավարտելու երկու ձև կա: «Կա'մ Ադրբեջանը համոզվում է, որ եթե պատերազմ սկսեց, ոչ թե 20 տոկոս կկորցնի, այլ ավելի շատ, և դրա համար չի հարձակվի, որովհետև վստահ չէ, որ այդ պատերազմում կհաղթի, ինչն էլ եղել է հիմնական զսպողը, կա'մ մենք հանձնվում ենք, որպեսզի պատերազմն ավարտվի: Մենք ասում ենք` եթե ուզում ենք  այս իրավիճակից արժանապատվորեն ելնել, պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ եթե նա նոր պատերազմ սկսի, այդ պատերազմը հօգուտ իրեն չի ավարտվելու: Ամբողջ հայությունը` Արցախ, Հայաստան, Սփյուռք, այդ ռազմաքաղաքական դաշինքի պաշտպանն է լինելու: Եվ մենք այդպիսի նախաձեռնություն առաջիկայում սկսելու ենք: Սրանք միայն խոսքեր չեն լինելու, փորձելու ենք այս գաղափարի շուրջ համախմբել ամբողջ հայությանը, և սա դառնա ազդակ բոլորի համար: Այստեղ իշխանությունների հարցը չէ: Որևէ իշխանություն իրավունք չունի անձնական նախաձեռնությամբ փորձել լուծել Արցախի հարցը: Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է և շատ հստակ ասել է, թե ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը: Ցանկացած իշխանության պարտքն ու հանձնառությունն է, որ կատարի այդ կամքը: Իսկ այդ կամքը կատարելու համար պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որ Ադրբեջանն էլ հասկանա, որ այդ կամքն անքննելի և անվիճարկելի է»,- ասաց նա:

Իսկ թե ե՞րբ իրենք կնախաձեռնեն, որպեսզի կնքվի այդ ռազմավարական դաշինքը, Ռուստամյանը նշեց, որ դրա մասին խոսել են Արցախի նախագահի և վարչապետի հետ: «Պարզապես պայմանավորվել ենք ժամանակի հետ` ճանապարհային քարտեզի հետ կապված նախնական համաձայնություններ ունենալուց հետո, այս գործընթացը նախաձեռնել, դրա համար կարծում եմ, որ այս փուլում ճիշտ չի լինի, որ մենք ավելի մանրամասների մեջ մտնենք: Ես հուսով եմ, որ այդ գործը կկատարենք համախորհուրդ»,- եզրափակեց նա: