կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 17:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսա մեծ շարժ սահմանի վրա․ Հայկազուն Ալվրցյան

Մենք Սյունիքում և Արցախում ունենք բոլորովին ուրիշ հոգսերով, ուրիշ մտայնությամբ ապրող ժողովուրդ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի նախագահ Հայկազուն Ալվրցյանը մամուլի ասուլիսում։

«Բոլորը բավական հստակ պատկերացնում են՝ ինչ է կատարվում, ուր է գնում, բայց շատ վճռական են, շատ ավելի հանդարտ, ինքնավստահ, քան այստեղ։ Այնտեղ ես հասկացա, որ այնտեղը կարելի է բնութագրել, հասկանալ՝ ինչ է կատարվում, կողմնորոշվել, որովհետև շատ բնականոն իրավիճակներ են․ մարդիկ ինքնավստահ, ուժեղ, գիտեն, որ կանգնած են կռվի առաջ, խուճապ չկա, գիտեն, որ շատ ծանր իրավիճակներում ենք հայտնվելու առաջիկայում, և շատ հանգիստ են խոսում այդ մասին, բայց շատ վճռական»,-ասաց նա։

Նա Սյունիքում և Արցախում զարմացել է մարդկանց քաղաքական հասունությունից։

«Հատկապես կանայք․ ես կատակով իմ ընկերներին ասացի՝ սյունեցիները իրենց կանանցից վախենալով է, որ այսքան քաջ են, որովհետև կանայք շատ ավելի խրոխտ են, հզոր»,-ասաց նա։

Ալվրցյանի տպավորությամբ՝ մի բան պարզ է բոլորի մոտ, որ ՀՀ իշխանությունները իրենց հանձնել են թուրքին, և իրենք պետք է իրենց հարցը լուծեն ոչ թե խռովածի կարգավիճակով, այլ ՀՀ իշխանությունների հարցը պետք է լուծվի, որպեսզի նաև իրենց հարցը լուծվի։

«Սյունեցիները այն գիտակցությունն ունեն, որ այս իշխանություններից պետք է ազատվեն, որպեսզի կարողանան Հայաստանի սահմաննները պինդ պահել, իրենց գործողությունները կարողանան ճիշտ տրամաբանված և հետևողական կառավարել, կազմակերպել։ Իսկ եթե իշխանություններն են բանակցողները և տարածքները հանձնում են թուրքերին, ուրեմն նրանք կարծում են, որ հեռանկարը շատ չէ»,-ասաց նա։

Արցախում, նրա դիտարկմամբ, ռուս խաղաղապահների ներկայությունը պաշտպանում է ժողովրդին։ Ալվրցյանի կարծիքով՝ Արցախում կարծում են, որ ռուսների ներկայությունն այնտեղ երկար ժամանակով է։ Նա նույնպես արձանագրել է, որ ռուսներն այնտեղ տեղակայել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք։

«Օրինակ, Խոջալուի օդանավակայանում․ սրանք մեծ, հեռանկարային հարցեր լուծելու համար են։ Եվ տեսա մեծ շարժ սահմանի վրա թե՛ Հայոց բանակի, թե՛ Ռուսաց։ Իհարկե, ես սրանցից որևէ եզրակացություն անել չեմ կարող, բայց մի բան ակնհայտ է, որ այդ տեղաշարժը հենց այնպես չի լինում, դա ինչ-որ նպատակի համար է՝ նոր դիրքեր պաշտպանելու համար կլինի և այլն, մանավանդ որ, այդ ամենը կատարվում էր Սյունիքի իրադարձություններին զուգահեռ»,-ասաց Ալվրցյանը։

Հայկազուն Ալվրցյանի դիտարկմամբ՝ սա բնական է, որովհետև նման գործողությունները՝ սահմանի խախտումները, չեն կարող անհետևանք անցնել։

Մանրամասն՝ տեսանյութում․