Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնական է, որ բանական մարդը այս ահռելի կորուստների, ցավի ու ողբերգության մեջ ոչինչ չի կարող տոնել։ Երբ որ վշտի ու ցավի մեջ մեկն ուրախանում է, ասովորաբար ասում են հոգեկան խանգարում ունի․ կորցրել է բանականությունը եւ չի զգում ցավն ու ուրախությունը։ Հիմա այսօրվա իշխանությունը փորձում է բանականությունը կորցրած մարդու հոգեբանություն ներարկել,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։
Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը ի սրտե անում է այն, ինչ թշնամին է ուզում։ Ալվրցյանի խոսքով՝ հայն այս օրը երբեք նման գործողությունների չէր գնա եւ երբեք տոնական միջոցառումներ չէր կազմակերպի։ Սա թշնամու ծրագիրն է,-ասում է Ալվրցյանը․ այն Փաշինյանը գերազանց կատարում է։
«Հայաստանի վարչապետը, ժողովրդին չարածի ու կորուստների համար դիմելու եւ ներողություն խնդրելու փոխարեն, կանգնել հայտարարում է, որ գունագեղ տոնակատարություն է անելու։ Ի՞նչ միջոցներով․ թուրքական տեխնիկա, թուրքական մեքենաներ, թուրքական սպասարկում, երբ այս ամբողջ կորուստը կրել ենք թուրքերից։ Սա զավեշտ է, ձեռք առնել է, հեգնել է։ Ժողովրդին ի՞նչ են ուզում ասել, ապացուցել։ Թուրքերին պարտվել ենք, դեռ մի տարի էլ չկա, այսօր թուրքերի աջակցությամբ համե՞րգ ես կազմակերպում։ Այս մարդը պատասխանատվություն չունի այս ազգի առաջ։ Նա պատասխանատվություն չի ստանձնել, եւ իզուր այդ մարդիկ հույսեր են կապում այդ մարդու հետ»,-նշեց Ալվրցյանը։
Արցախում էլ, ասում է Հայկազուն Ալվրցյանը, նույն վիճակն է տիրում․ այնտեղ մենք զինուժ համարյա չունենք ու կանգնած ենք Արցախն ամբողջությամբ կորցնելու վտանգի առաջ։
«Այո, Արցախն էլ է Հայաստան, եւ Փաշինյանը, գիտակցելով դա, Արցախի 75 տոկոսը ոչնչացրեց՝ տվեց թշնամուն։ Առանց ամաչելու, մեկ տարի չանցած՝ կանգնում ճառեր է ասում, անկախություն է նշում, ավելի լավ է՝ ամոթից գետինը մտնի։ Նրանք ամոթ ու պատկառանք չունեն, նրանց համար հայրենաշինությունը չէ խնդիրը, այլ՝ հայրենաքանդությունը, որովհետեւ այդ ծրագրով են բերել իշխանության։ Նրանցից լուրջ բան ակնկալել անհնար է։ Մեր ժողովրդի մեջ մի տարօրինակ բան կա՝ մինչեւ վերջ հույս է տածում, թե կարող է հանկարծ ինչ-որ բան փոխվի։ Չի փոխվելու։ Անհնար է։ Սա քանդարար է, ջարդարար է, եկել է Հայաստանը ոչնչացնելու, իր ծրագիրը դա է։ Մինչեւ հիմա անում է նույնը՝ ոչ բանակը վերականգնում է, ոչ կազմակերպում է, սահմանները օր օրի թուլանում են։ Այս տարածաշրջանում գրեթե բոլորն իրար թշնամի են, սպասում են՝ մեկը թուլանա, որ դաշույնը թիկունքը խրեն։ Դու եկել ես, քո թշնամիներին պարտվելուց հետո խաղաղությո՞ւն ես առաջարկում։ Վիզդ կկտրեն․ չի հասկանում ինչի մասին է խոսքը, կատարում է իրեն իշխանության բերած թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերը։ Մեր ժողովրդի մեջ, ցավոք, շատ են նրանք, որոնք ասում են՝ թողեք աշխատի, դեռ չի հասկանում, կհասկանա, կլինի։ Սխալ եք հասկանում, էդպես չի»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նկատեց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։
Դուրս եկեք պատրանքից,-ասում է Ալվրցյանը։ Նրա խոսքով՝ պետք է փորձանքը գա հասնի յուրաքանչյուրի՞ն, որ հասկանան, թե ինչի առաջ է կանգնած Հայաստանը։ Նկատում է՝ քթի տակ պատերազմ է, բայց ժողովուրդն անտարբեր է․ մի քանի կիլոմետր այն կողմ կրակում են, բայց մայրաքաղաքում, օրինակ, կյանքը եռում է։
«Արարատում, Սյունիքում կամ Տավուշում կրակում են, Երեւանում կարծես մարդկանց չի վերաբերվում։ Էս տգիտությունն ինչպե՞ս մտավ մեր ազգի մեջ։ Գուցե այդ անբովանդակ զանգվածի՞ն է այսօրվա ղեկավարությունն ուզում։ Կենդանական աշխարհում հզորները՝ վագրը, առյուծը, ոհմակով ման չեն գալիս․ էդպես էլ երեւի մեր ազգային, բարոյական սերմացուի մեջ չկա ոհմակային տրամաբանությունը, բայց էս զանգվածը ոհմակով է։ Դրանից ազատվելը մեզ համար դժվար է դառնում։ Այդպես բերեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո ազատվեցին նրանից։ Նույնը հիմա է․ թուրքերի հետ բարեկամանալու, հայ-թուրքական արձանագրությունների, Թուրքիայի, Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչելու քաղաքականությունն է ասպարեզ բերվում․ դա նշանակում է Արցախի անվերադարձ կորուստ։ Կորուստ նաեւ ազգային ծրագրերի եւ իղձերի։ Չի կարող լինել մի ազգ, որը երազի իր կորուստները վերականգնելու մասին այն դեպքում, երբ չկարողացավ բանակով, զենքով իր Արցախը պաշտպանել։ Էս ինչի՞ մեջ ենք ընկել, որ մի սխալը շտկելու համար մի նոր սխալ ենք թույլ տալիս»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայկազուն Ալվրցյանը։
Մենք, Ալվրցյանի խոսքով, Արցախում ռազմական տեխնիկա թողնելու փոխարեն, ամեն ինչ հանում ենք այնտեղից․ իսկ ինչպե՞ս ենք պաշտպանելու ճակատը,-նկատում է Հայկազուն Ալվրցյանը։ Մեկ տարում ամեն ինչ կվերջանա՝ զորքը վերջնականապես դուրս կգա, իսկ Արցախը թշնամու դեմ կմնա մեն-մենակ։
Մանրամասն՝ տեսանյութում