Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատմությունը լավ խորհրդատու չէ, ապա պետք է նաև ասի, թե այդ դեպքում ինչն է լավ խորհրդատու։ Տվյալ դեպքում, եթե անգամ պատմությունը լավ խորհրդատու չէ, դա չի նշանակում, որ պատմությունը կարելի է աղավաղել, աղավաղված պատմությունն առավել ևս լավ խորհրդատու չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե պատմությունը լավ խորհրդատու չէ։
Հայագետն ընդգծեց՝ պատմությունը լավ խորհրդատու չէ հատկապես նրանց համար, ովքեր պատմությունից դաս չեն քաղում կամ պատմություն չգիտեն. «Պատմությունը նաև վատ խորհրդատու է նրանց համար, ովքեր իրենց գործողությունները ուզում են ներկայացնել որպես առաքյալի գործողություն, որպես միսիոներական գործողություն։ Այսինքն՝ իրենք ո՛չ պատմության մեջ են, ո՛չ պատմությունից են դասեր քաղում։ Ի վերջո, եթե Փաշինյանն ասում է, որ պատմությունը լավ խորհրդատու չէ, ապա նշանակում է, որ նրա այդ դասերը լավ չի հասկանում»։
Հայագետի դիտարկմամբ՝ իրականում՝ պատմության հետ խնդիրները նաև արտացոլվում էին հանրակրթության չափորոշիչներում, դրա վառ վկայությունը հենց 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքերն են։
«Կրթական չափորոշիչները ժամանակին աղմուկ բարձրացրեցին, հետագայում ցավոք, այդ աղմուկը լռեց, որովհետև որքան էլ պատմաբաններն աղմկեցին, իրենք իրենց էշը քշեցին, ու չուզեցին լսել մանագետներին։ Արդյունքում, ընդունեցին այնպիսի չափորոշիչներ, որոնցով դասագրքերում ազատորեն խեղաթյուրում են հայոց պատմությունը կամ կասկածի տակ դնում մեր պատմության մեջ կարևորագույն պատմական դեպքերը ու իրադարձությունները, պատմական ճշմարտությունները, որոնք վաղուց ապացուցված են, թե մեզ համար, թե աշխարհի՝ այդ թվում՝ մասնագիտական աշխարհի»։
Նա ընդգծեց, որ եթե ուզում ես որևէ բան ոչնչացնել, ապա պետք է ոչնչացնես դրա տեսական հիմքերը, գործող իշխանությունները հիմա այդ հիմքերն են ոչնչացնում, այդ թվում՝ կրթության քաղաքականության ոլորտում, հատկապես դասագրքերում։
«Այսինքն, նաև պատմության դասագրքերում են մեր պատմական հիմքերն աղավաղվում, որովետև դպրոցը ամեն ինչի հիմքն է, ինչպիսի դպրոց ունես, այդպիսի ապագա կունենաս։ Նրանք ստեղծում են այնպիսի դպրոց, որը վստահություն կամ արժանապատվություն չի ներշնչում հայ երեխային, այլ ստորակայության, պարտվողականության բարդույթ է ձևավորում, ու երեխային դարձնում հեշտ կառավարելի։
Այս իշխանություններն ասում են՝ հայրենիք չկա, պատմությունը վստահելի կամ լավ խորհրդատու չէ, ազգային գաղափարախոսություն գոյություւն չունի, այս ամենը մեկ ընդհանուր համակարգի մեջ է՝ նենգափոխելու պատմությունը»։
Ալվրցյանն արձանագրում է՝ կրթության քաղաքականություն մշակողներն ինչպիսի քաղաքացի ուզում են ունենալ, այդպիսի չափորոշիչներ էլ գրում են, ուզում են ունենալ հայրենասեր, հայրենիքի համար աշխատող, նվիրված, հայրենիքի համար ծառայող, հայրենիքի արժեքները, եկեղեցին, մշակույթը, պատմությունը հարգող քաղաքացի, այդպիսի չափորոշիչներով էլ դասագրքեր են գրում։ Ուզում են ունենալ այդ ամեն կասկածի տակ դնող աշխարհի քաղաքացի, ով ամեն ինչ կասկածի տակ է դնում՝ այդպիսին էլ չափորոշիչներ էլ գրում են»։
Աղբյուր` Փաստինֆո