կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-04 17:34
Քաղաքական

Իշխանությունն ամբողջովին կորցրել է լեգիտիմությունը․ Լարիսա Ալավերդյան

Իշխանությունն ամբողջովին կորցրել է լեգիտիմությունը․ Լարիսա Ալավերդյան

Ազգային ժողովում դիպուկահարներ և լուսաձայնային նռակներ տեղադրելը ուժի սպառնալիքի ցուցադրում էր՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նկատեց, որ ոչ ժողովրդավար պետություններում դա արվում է ճնշման, վախի մթնոլորտ ստեղծելու համար։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Ալավերդյանի խոսքով, ասվում է, որ մարդիկ պետք է ազատ արտահայտեն իրենց կարծիքը և ազատ լինեն վախից ու կարիքից։ Նա նկատեց, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե ոտնահարում են մարդկանց իրավունքները, այլ հակադրվում են այդ նորմերին, իրենք իրենց դուրս են դնում այդ նորմերից։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին իր հայտարարությունների համար մեղադրանք առաջադրելը ՀՀ նախկին ՄԻՊ-ը դարձյալ դիտարկում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տիրույթում․ դրա 3-րդ կետով ասվում է, որ պետություններում  մարդու իրավունքները պետք է հարգվեն այնպես, որ մարդը ստիպված չլինի որպես վերջին միջոց դիմել ապստամբության։  

«Դա զգուշացում է։ Եթե նայեք Վազգեն Մանուկյանի ամբողջ խոսքը՝ եթե Նիկոլին վռնդելու սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել, երևում է, որ դա նույն այդ ոճով ու ոգով է ասվել, որ՝ եթե չարվի մարդու իրավունքներից ելնելով ու ժողովրդի կամքով կամավոր հրաժարական չտա, ապա կարող է այդպիսի բան տեղի ունենալ»,-բացատրեց Լարիսա Ալավերդյանը։

Իշխանությունը ԱԺ-ում դիպուկահարներ էր տեղադրել, քանի որ հասկանում է՝ այլևս չունի որևէ միջոց պաշտպանվելու յուր ժողովրդից, բացի ուժ կիրառելուց՝ համոզված է Ալավերդյանը։

«Իրենց խմբակցության կարկառուն դեմքերից մեկը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից կողմ էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, շպրտում է խոսքեր, որ իշխանությունն իրավունք ունի կրակել, իսկ մարտի 1-ին քաղաքացի Փաշինյան Նիկոլն ասում է՝ մենք չենք կրակելու, կարծես թե լավություն է անում: Այդ բոլոր պրիմիտիվ, ամենացածր մակարդակի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներն օգտագործվում են ու տեսնում ենք, թե ովքեր են դեռ ենթարկվում այդ ուղեղների, եթե կան, լվացման գործընթացներին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ այստեղ կա անհամաչափ ուժի կամ ուժի սպառնալիքի օգտագործում, և Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ ղեկավարությունն, ամբողջովին կորցնելով իր լեգիտիմությունը, փորձում է պաշտպանել ու պահպանել իր իշխանությունն ամենակոշտ մեթոդներով, մասնավորապես՝ դիպուկահարով, լուսաձայնային նռնակներով:

Նա նկատեց, որ այս իշխանությունն արդեն կորցրել է լեգիտիմության պաշարի ամենամեծ մասը:

«Ֆիքսենք, որ այս իշխանությունն ամբողջովին կորցրել է լեգիտիմությունը: Լեգիտիմությունը միայն ստացած քվեն չէ: Ցանկացած իշխանություն, որը գալիս է ամենաբարձր քվեով, բայց խախտում է գործող օրենքներն ու Սահմանադրությունը, դրանով իսկ ինքն իրեն դնում է օրենքից դուրս, այսինքն՝ այլևս կորցնում է իր լեգիտիմությունը: Այսօր ունենք այդ վիճակը: Թե՛ ԱԺ մեծամասնությունը, թե՛ իրենց «առաջնորդը», ամբողջովին իրենք իրենց դատապարտել են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա համոզված է, համբերության բաժակը լցվել է: Որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձ նա կոչ արեց պատգամավորներին ապաշխարելու, քանի որ Հայաստանի քրեական օրենսգիրքը շատ հումանիստական է՝ մենք չունենք մահապատիժ: Նրա կարծիքով, խոստովանությունը միշտ էլ մեղմացնում է պատիժը, և չարժի հասցնել այն կետին, որ իշխանությունից հրաժարվեն բախումնային սցենարով: