Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով` քաղաքական հացադուլների մեթոդը Հայաստանում չաշխատող գործիք է:
Yerkir.am-ի հարցին, թե Դավիթ Սանասարյանի հացադուլը որքանո՞վ է արդարացված և կարո՞ղ է արդյունավետ լինել, Ալավերդյանը պատասխանեց, որ ինքը պայքարի այս միջոցը արդյունավետ մեթոդ չի համարում:
«Ես պատիվ ունեմ լինելու այն պատգամավորը, ում օգնականը եղել է Դավիթ Սանասարյանը, և պետք է ասեմ, որ նա քաղաքական պայքարի գնացող տեսակ է: Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր հացադուլ անում, ես դրան էլ էի դեմ: Ես դեմ եմ անգամ բանտերում արվող հացադուլներին: Հացադուլը չաշխատող գործիք է, և շատ անլուրջ վերաբերմունք կա հացադուլների նկատմամբ: Անկախ նրանից` հացադուլ անողը քաղաքական ուժերի մեջ է, թե`ժողովրդի, անլուրջ է ընկալվում: Ես անպայման կհանդիպեմ Դավիթի հետ և նրան էլ կասեմ, որ դեմ եմ այդպիսի հացադուլներին»,- ասաց Ալավերդյանը:
Մեր այն դիտարկմանը, թե Դավիթ Սանասարյանը, ըստ էության, շանտաժ է անում` ժողովրդին նման պահանջ ներկայացնելով, պատասխանեց. «Ես դեմ եմ նաև ժողովրդի դեմ որևէ բան անելուն: Էլ ի՞նչ անի էս ժողովուրդը: Ժողովրդին պետք է միայն ոգևորել և կողքին կանգնել: Դավիթի կողմից նման միջոցները չեն կարող արդյունավետ լինել: Հակառակը` կարող է լինել տարանջատում ժողովրդի և երիտասարդ քաղաքական գործիչների միջև»:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանն արդեն մի քանի օր է` Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել` պահանջելով ժողովրդից` իրեն միանալ և պայքարել իշխանությունների ու նրանց գործունեության արդյունքում ի հայտ եկած չարաշահումների դեմ: