կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 14:58
Քաղաքական

«Ո՞ւր քյընամ, իմ տունը Շուշին ա»․ Լիլիթ Գալստյանը պարզաբանում է՝ ինչու է այս իշխանությունը կորցրել լեգիտիմությունը

«ԱԺ դարպասների մոտ մի երեխա կար, մեկն ասաց՝ բա՛լիկ ջան, ի՞նչ ես անում այստեղ, տուն գնա։ Երեխան ասաց՝ ո՞ւր քյընամ, իմ տունը Շուշին ա»,-այս պատմությունը պատմեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը 17 կուսակցությունների հրավիրած մամուլի ասուլիսում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Այս ողբերգական արտահայտությունը պիտի դաջվի, Նիկո՛լ, քո և քո ընտանիքի ուղեղներում ամբողջ կյանի համար։ Ո՞ւր գնան այդ մարդիկ, հայրենազրկվել են, մենք բոլորս ենք հայրենազրկվել»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ ի՞նչ են փոխելու իրենք, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա և գան իշխանության, Լիլիթ Գալստյանը նախ փաստեց, որ այս իշխանությունը կորցրել է մեր պետությունը ղեկավարելու բարոյական, քաղաքական լեգիտիմությունը, որովհետև երկուսուկես տարի ապացուցեց իր սնանկությունը և վերջում դրեց այս խարանը որպես պատմության սև էջ։

«Ցավոք սրտի, երբ մենք գնահատական ենք տալիս իբրև «սև էջ», «կապիտուլյացիա», դա իր մեջ ունի որոշակի անդառնալիություն, որովհետև սա դառնալու է իրավական փաստաթուղթ և դրա գործնականացման ընթացքը կա։ Բայց մենք պետք է ունենանք այն քաղաքական իշխանությունը, որը կկարողանա իր դաշնակիցների հետ հավասարի պես դիալոգի մեջ մտնել, իր հարևանների հետ երկխոսության մեջ մտնել․ դիվանագիտական, տնտեսական, քաղաքական բոլոր դաշտերում մենք անելիք ունենք սրա գործնականացման հետ՝ որքանով է մեր պետությունը ազգային շահերով առաջնորդվում և ինչ ծրագրով է առաջնորդվում»,-իրենց հետագա ընթացքը մանրամասնեց Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ հատուկ է ասում՝ ինչ ծրագրով է առաջնորդվում, որովհետև երկուսուկես տարի մենք տեսանք, որ այս ամենի թիկունքում մի ծրագիր է աշխատում՝ կրթական չափորոշիչներից մինչև բանակի նվաստացում, հերոսների արժեզրկում, հաղթանակների նվաստացում։ Նա անհրաժեշտ համարեց, որ գա մի այնպիսի իշխանություն, որը այս ցավալի էջում որոշակի խմբագրումներ մտցնի և դա կարող է անել ազգային, պետական մտածողություն ունեցող քաղաքական ուժը։

«Փաստաթղթի գործնականացման դաշտը անցնում է քաղաքական իշխանության բանակցային գործընթացով։ Երբ որ չեք կարող, չունեք այդ ունակությունը, գնացե՛ք, առանց ցնցումների գնացե՛ք։ Ձեր թավիշով հեռացեք և կան պրոֆեսիոնալներ, որոնք կգան և կկարողանան դիվանագիտական և ռազմական դաշտում այդ ձախողումները խմբագրել»,-ասաց նա։

Լիլիթ Գալստյանը վստահեցրեց, որ 17 կուսակցությունների առաջնորդած շարժման նպատակը ներքին բախումները չեն, իրենց նպատակը հայրենիքի փրկությունն է։

«Դուք սպառել եք բարոյական իրավունքը այլ քաղաքական ուժերին խնդիրներ և լուծումներ առաջադրելու, դուք դա սպառել եք, դուք պարտվել եք։ Իմ՝ Դաշնակցության,  և մյուս քաղաքական ուժերի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք պայքարում ենք ո՛չ թե պատերազմի համար, այլ հայրենիքի փրկության համար, մեր ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու համար։ Մեր պայքարը երկուսուկես տարի երկիրը խժդժությունների, դատարկության, ապաոգեղենացման, ծրագրերի բացակայության, սևերի ու սպիտակների բաժանելու, ներքին թշնամիներ փնտրելու, Արցախում թշնամիներ որոնելու դեմ է և զարգացման միակ ճանապարհ որդեգրելու համար է, որով կարողանանք այս ստորացման միջից դուրս գալ»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ պատերազմի շունչը զգացող երկրում երկուսուկես տարի կրճատում էին ռազմական բյուջեն, փոխարենը ավելացնելով պարգևավճարները և այս տարի հասցնելով  200 միլիոն դրամի։

«Հիշո՞ւմ եք քանի անգամ Դաշնակցությունը և մյուսները զգուշացրել են՝ դուք մեծացնում եք պատերազմի սպառնալիքը։ Բայց նախ՝ նա թիկունքից մեզ թուլացրեց՝ սևերով, սպիտակներով, ներքին դավադրություններ, սադրանքներ մոգոնելով, դավադրությունների տեսություններ հորինելով այս կամ այն քաղաքական ուժի վզին։ Ամենակարևորը՝ հայտնվեցինք քաղաքական, դիվանագիտական մեկուսացման մեջ և այսօր իմքայլականները թույլ են տալիս ասել․ «Դե՛ ասեք, դուք ՌԴ խաղաղապահներին դե՞մ եք, թե՞ պատերազմ եք ուզում»։ Ավելի սադրիչ արտահայտություն, քան սա, աներևակայելի է պատկերացնել, բայց սադրանքը հենց նրանց ձեռագիրն է»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա վստահեցրեց, որ՝ ո՛չ, իրենք դեմ չեն խաղաղապահներին, հակառակը, գալիս են եղած ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները ավելի կանոնավորելու, հունավորելու, փորձելու այս նեղ վիճակից նոր ելքեր գտնել և խմբագրել ճակատագրական սխալները։

«Փաստորեն, մենք գնացել ենք կապիտլյուցիայի՝ առանց հստակեցնելու Արցախի այդ մնացած փշուրի կարգավիճակը։ Մենք հայրենազրկվել ենք ընդամենը շատ կասկածելի մի խաղաղության դիմաց։ Եվ  նաև ոտնձգություն է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերենության դեմ, որովհետև, այդ հայտարարության համաձայն, մենք Մեղրիով ճանապարհ պիտի փոխանցենք ադրբեջանցիներին»,-արձանագրեց Լիլիթ Գալստյանը։

Նա նաև նկատեց, որ ՀՀ տարածքի նկատմամբ որևէ ոտնձգության հարց պիտի անցներ ԱԺ-ով, կառավարությունով, ՍԴ-ով, բայց դա չի արվել՝ եռակի դավաճանություն և օրինազանցություն թույլ տալով, որի համար պիտի գա պատասխան տալու ժամանակը։

«Այսօր մենք ունենք վարչապետ, որը մեր պարտության սիմվոլն է, այնինչ ունեինք Շուշին, որը մեր հաղթանակի սիմվոլն էր։ Պարտության սիմվոլ հանդիսացող քաղաքական մեծամասնությունը՝ «Իմ քայլը», ուլտիմատումի պես խոսում է մեզ հետ՝ տվե՛ք մեզ ճանապարհային քարտեզը՝ ինչպե՞ս եք տեսնում լուծումները։ Մեր հողերը ճանապարհային քարտեզո՞վ հանձնեցիք, իհա՛րկե ոչ, մեր թիկունքում դուք բանակցում էիք։ Նույնիսկ երկրի նախագահն է լրատվությունից իմացել այդ մասին»,-հիշեցրեց Լիլիթ Գալստյանը։

Նա վստահեցրեց, որ Արցախը հանձնելու որոշման դեմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժումը չի դադարելու․ «Առաջնորդներին ձերբակալեցիք, կգան երկրորդները, երրորդները, ամբողջ ժողովուրդը, մինչև իսկ որդեկորույս մայրերը կգան, երբ իրենց ցավից մի քիչ սթափվեն»։

Այսօր ժամը 17։00-ին ևս նախատեսված է հանրահավաք-երթ Մատենադարանի հարակից տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք Լիլիթ Գալստյանի հայտարարության մասին, որ քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է։