Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1921 թ. Փետրվարյան համաժողովրդական ապստամբությանը հաջորդած հարյուր տարիների ընթացքում, մասնավորապես՝ մինչև նախորդ դարի կեսերը, երբ դեռևս ողջ էին ապստամբության առաջնորդներից ոմանք (Ս. Վրացյան, Բաշգառնեցի Մարտիրոս, Կ. Սասունի և ուրիշներ), և 1990-ից հետո, երբ հայ ժողովուրդը վերանվաճեց իր անկախությունը, այդ հիրավի նշանավոր, պատմական իրադարձության մասին հաճախ է գրվել, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ մինչև օրս էլ այն մնում է ըստ արժանվույն չգնահատված. 1921 թ. Փետրվարյան ապստամբության 100-ամյակի առիթով այսօր Գառնիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ անդամ, լեզվաբան, ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը:
Հայաստանում նոր հաստատված բոլշևիկյան իշխանության դեմ 1921 թ. այս օրերին բռնկված Փետրվարյան ապստամբության բռնկման նշանավոր օջախներից մեկը հենց Գառնին էր, և այնտեղ ամփոփված խմբապետների շիրիմներին օրվա խորհրդի առիթով այցելել էին բազմաթիվ դաշնակցականներ:
Փետրվարյան ապստամբությունն ըստ արժանվույն չգնահատելը, ըստ Վարդան Պետրոսյանի, ունի քաղաքական կամ, առավել շատ, կուսակցական պատճառներ:
«Անկախ շարժառիթներից, այդպիսի վերաբերմունքը չի կարող արդարացված լինել: Ճիշտ է՝ ապստամբության ղեկավարները, որոշ բացառություններով, դաշնակցական հայտնի գործիչներ էին, և այդպես էլ պիտի լիներ, բայց ապստամբությունը կուսակցական չէր: Չնայած որ բոլշևիկ հեղկոմականներն իրենց գործած վայրագությունները փորձել են արդարացնել՝ պատճառաբանելով իբրև թե դաշնակցականներն իշխանությունը հանձնելու պահին արդեն իսկ այն վերանվաճելու որոշում են ունեցել, իրականում այդպիսի մեղադրանքն անհեթեթ է, որովհետև 1920-ի աշնանը հայ-թուրքական պատերազմում կրած ծանր պարտությունից հետո (ի դեպ՝ հիմնականում նույն բոլշևիկների՝ բանակում հակապետական ակտիվ քարոզչության պատճառով) ՀՅԴ-ի կողմից իշխանության համար պայքարելն այլևս անմտություն կլիներ, և դաշնակցական ղեկավարները դա լավ էին գիտակցում»,- նշեց լեզվաբանը:
Օրվա խորհուրդն արժևորելու էին ներկայացել նաև բազմաթիվ երիտասարդներ: Նրանցից մի քանիսը հայտնի խմբապետ Բաշգառնեցի Մարտիրոսի (Մարտիրոս Աբրահամյան) շիրիմի վրա տեղի ունեցած տեղի ունեցած ավանդական խոստման արարողության ժամանակ անցան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության շարքերը: ՀՅԴ ՀԵՄ-ի շարքերը համալրած երիտասարդների կնքահայրը ՀՅԴ Գառնիի Կոմիտեի անդամ Ալբերտ Հարությունյանն էր:
Վարդան Պետրոսյանը միջոցառման մասնակիցներին հայտնեց նաև, որ, Փետրվարյան ապստամբության 100-ամյակին ընդառաջ, Գառնիի ավագանու որոշմամբ փողոցներ են անվանակոչվել հայտնի խմբապետներ Մարտիրոս Աբրահամյանի (Բաշգառնեցի Մարտիրոս), Ղազար Քոչարյանի (Քյաչալ Ղազար), Մակեդոն Հակոբջանյանի և Խնկո Ասատրյանի անուններով:
Ստորև ներկայացնում ենք օրվա խորհուրդը ներկայացնող լուսանկարների շարքը.