կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 21:38
Քաղաքական

«Ապստամբությունը յուրաքանչյուր ազգի բնական իրավունքն է». Փետրվարյան ապստամբության 100-ամյակը նշվել է Երևանում

Մենք ուղիղ 100 տարի առաջ էլ նույն վիճակում էինք, և հայտնվեցին հայրենասերներ, ովքեր կարողացան Փետրվարյան ապստամբությամբ Հայաստանին վերադարձնել ազգային և պետական քաղաքականությունը: Այսօր էլ նույն իրավիճակն է. այս մասին նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ Փետրվարյան ապստամության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:   

Յուրաքանչյուր տարի փետրվարի 18-ին, ինչպես 1921 թ. Փետրվարյան ապստամբության բռնկման վայրերում, այնպես էլ խմբապետների շիրիմներին և տարբեր հուշակոթողների մոտ, տեղի են ունենում օրվա խորհրդին նվիրված միջոցառումներ: Երևանի Անգլիական այգում գտնվող հուշակոթողը՝ նվիրված կացնահարվածների հիշատակին, այդ վայրերից մեկն է, որտեղ այսօր այցելել էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեության ներկայացուցիչներն ու պատմության այդ հիշարժան օրն արժևորող մարդիկ:

Շարունակելով զուգահեռներ տանել ներկայիս և 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջև՝ Արծվիկ մինասյանը փաստեց. «ՀՀ ներկայիս իշխանությունը և նրան շրջապատողները պետք է հասկանան, որ չի կարելի նույնատիպ պայմանների մեջ դնել ազգապաշտ ուժերին, որոնք ստիպված են լինելու գնալ ապստամբության: Ապստամբությունը յուրաքանչյուր ազգի բնական իրավունքն է՝ հարկադրելու համար ցանկացած իշխանությանը՝ վերադառնալու իրական ազգային քաղաքականության»:

«Շատ ակտուալ է Փետրվարյան ապստամբության թեման՝ նաև այսօրվա տեսանկյունից: Իհարկե, իշխանության եկած ապազգային ուժերն ամեն ինչ անելու են՝ վարկաբեկելու համար ամեն ազգային բան: Բայց, եթե մենք փորձենք վերլուծել, թե ինչ եղավ 1921 թ. փետրվարի 18-ին, կտեսնենք, որ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց այդպիսի նմանատիպ մի ռեժիմի դեմ, ինչ որ այն ժամանակ հաստատվել էր Հայաստանում»,- նշեց միջոցառմանը ներկա ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ հայկական շահին ծառայող ցանկացած մարդ այդ օրերին հետապնդվում էր, ձերբակալվում և գնդակահարվում: Եվ հենց այդ ամենի դեմ ոտքի կանգնեց հայ ժողովուրդը:

Ըստ Բ. Եսայանի՝ Փետրվարյան ապստամբությունը նախկին խորհրդային երկրներում բռնկված միակ ապստամբությունն է, որը, թեև շատ կարճ ժամանակով, այդուհանդերձ, տվյալ երկրում տապալել է հաստատված խորհրդային կարգերը:

Միջոցառման տեսանյութը՝ ստորև.